ՀՀ ԿԳՄՍՆ։ www.antitrafficking.am կայքը՝ չարիքի դեմ պայքարի արդյունավետ գործիք

ByAAVR

ՀՀ ԿԳՄՍՆ։ www.antitrafficking.am կայքը՝ չարիքի դեմ պայքարի արդյունավետ գործիք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ֆինանսավորմամբ 2016 թ.-ից գործում է www.antitrafficking.am կայքը, որի նպատակն է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման խնդիրների շուրջ հանրային իրազեկվածության բարձրացումը:

Կայքը համալրված է տեքստային և աուդիո-վիզուալ տեղեկատվական նյութերով՝ ինչպես խուսափել թրաֆիքինգից, ինչպես նաև տեղեկատվություն թրաֆիքինգի ենթարկված անձանց ուղղորդման, աջակցության և պաշտպանության ապահովման մասին:

Ի՞նչ է թրաֆիքինգը

Մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումն ուժի կամ հարկադրանքի սպառնալիքով կամ կիրառմամբ, խաբեությամբ կամ խարդախությամբ, անձի խոցելիությունը չարաշահելով՝ մարդկանց հավաքագրումն է, տեղափոխումը, առևանգումը և այլոց փոխանցումը: Հիմնական նպատակը մարդկանց շահագործումն է տարբեր դրսևորումներով՝ հարկադիր աշխատանք, սեռական շահագործում և օրգան-հյուսվածքների վաճառք և այլն: Մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը շարունակում է աշխարհում մնալ մարդու՝ որպես բարձրագույն արժեքի ազատության դեմ ուղղված ամենածանր հանցագործություններից մեկը։ Այս երևույթը միջազգային է և չունի ազգային առանձնահատկություններ:

2003 թվականից ՀՀ կառավարությունն իրականացնում է միջոցառումներ երկրում մարդկանց թրաֆիքինգի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ։ Ըստ 2013-2017 թթ․ աշխարհում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցների՝ ՀՀ-ն անընդմեջ դասվում էր առաջին կարգի երկրների շարքին, որը նշանակում է, որ պետության և հասարակական թևի համատեղ աշխատանքի շնորհիվ մարդկանց թրաֆիքինգի կանխարգելումը, դրա դեմ պայքարը և զոհերի աջակցությունը բավարար մակարդակի վրա են։

Չնայած որոշակի հաջողություններին՝ մարդկանց թրաֆիքինգի խնդիրը դեռևս արդիական է Հայաստանի համար, քանի որ շրջապատված ենք այնպիսի երկրներով, որտեղ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարն անհրաժեշտ մակարդակի վրա չէ։ Ժամանակի ընթացքում թրաֆիքինգի դրսևորման ձևերը փոփոխվում են, և պետական մակարդակով թրաֆիքինգի կանխարգելման ծրագրերի իրականացումն ավելի քան արդիական է։

Վերջին տարիների վիճակագրական տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանը հիմնականում հանդիսանում է մարդկանց թրաֆիքինգի սկզբնաղբյուր երկիր (ելքի երկիր): ՀՀ քաղաքացիներին թրաֆիքինգի ենթարկելու նպատակով տեղափոխել են ՌԴ, ԱՄԷ, Թուրքիա: Ըստ ՀՀ-ում թրաֆիքինգի բացահայտված դեպքերի արդյունքների՝ ՀՀ քաղաքացիները եղել են սեռական շահագործման, հարկադիր աշխատանքի և օրգան-հյուսվածքների վաճառքի զոհեր:

www.antitrafficking.am կայքի մասին

2003 թվականից ՀՀ կառավարությունն իրականացնում է միջոցառումներ երկրում մարդկանց թրաֆիքինգի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ։

www.antitrafficking.am կայքէջը հիմնադրվել է 2004 թ.-ին «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից և դարձել ՀՀ կառավարության թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդի ոչ պաշտոնական կայքը։ 2016 թ.-ից կայքի անխափան աշխատանքն ու թարմացումներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ֆինանսավորվող «www.antitrafficking.am կայքէջի պահպանում և թարմացում» ծրագրի շրջանակում իրականացվում է մարդկանց թրաֆիքինգ երևույթի վերաբերյալ միասնական հայկական հարթակի նյութերի թարմացումը, ադմինիստրատիվ սպասարկումը, հակերային հարձակումներից անվտանգության բարձրացումը։ Ծրագրի շրջանակում ապահովվում են կայքէջի հիմնական բաժինների պարբերական թարմացումները և տեխնիկական վերահսկողությունը։ Կայքը հետևում է թրաֆիքինգի իրականացված վերջին դեպքերին (անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու դեպքեր, առանց վարձատրության աշխատակիցներին ոչ աշխատանքային օրերին շահագործում, սեռական շահագործման, օրգանների վաճառքի դեպքեր և այլն), միջազգային հարթակում շրջանառվող թեմաներին:

Կայքն ունի «Իրազեկող խաղեր» ենթաբաժինը, որում ներբեռնված են բջջային հավելվածներ՝ նպատակ ունենալով օգտատերերին կրթել և տեղեկացնել մարդկային թրաֆիքինգի մասին, ինչպես նաև կանխարգելել այդ հանցատեսակը: Ինտերակտիվ խաղերի կիրառումն օգտատերերին հնարավորություն է տալիս ծանոթանալու թրաֆիքինգի տարբեր տեսակների և փուլերի հետ. հավաքագրում, շահագործում, փախուստ թրաֆիքինգի «դաշտից». վերականգնում, սոցիալական վերաինտեգրում և թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության կիրառում:

Կայքում առանձին ենթաբաժնով ներկայացված է նաև երեխաների թրաֆիքինգի մասին իրազեկվածության, պայքարի միջոցների, երեխաներին նաև ուսումնաօժանդակ ձեռնարկների միջոցով անհրաժեշտ խորհրդատվության մասին:

Կայքը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն։ Կայքը մարդկանց թրաֆիքինգի ճիշտ լուսաբանման հարցերում աջակցում է նաև ԶԼՄ-ներին։

Հղում՝ https://escs.am/am/news/8327?fbclid=IwAR3bM2NkEzu1ScKEJSXMCdLoQXzyXaq7ZOcErV1rFTLZzcnjd2RUFyKAyM0

Share

About the author

AAVR administrator