Սերգեյ Ղազինյանն ընտրվել է ԵԽ Մարդկանց շահագործման դեմ պայքարի փորձագիտական խմբի երկրորդ փոխնախագահ

ByAAVR

Սերգեյ Ղազինյանն ընտրվել է ԵԽ Մարդկանց շահագործման դեմ պայքարի փորձագիտական խմբի երկրորդ փոխնախագահ

Առաջիկա երկու տարիներին Եվրոպայի Խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի («GRETA») երկրորդ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի, ԵՊՀ և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի իրավաբան – փորձագետ Սերգեյ Ղազինյանը։

Մարտի 27-ից 31-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացվեց «GRETA»-ի 47-րդ լիագումար նիստը, որի ընթացքում ընտրվեց ԳՐԵՏԱ-ի խորհրդի նոր կազմը՝ առաջիկա երկու տարվա համար։

Հելգա Գայերը, ով Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի մարդկանց թրաֆիքինգի, բռնի հանցագործությունների և անհայտ կորածների վարչության տնօրենն է, վերընտրվել է GRETA-ի նախագահ: Անտոանետա Վասիլևան՝ Animus Association/La Strada Bulgaria ավագ փորձագետ և Բուլղարիայի Ապահով ինտերնետ կենտրոնի համակարգող, վերընտրվել է GRETA-ի առաջին փոխնախագահի պաշտոնում: Իսկ «GRETA»-ի երկրորդ փոխնախագահ է ընտրվել «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի իրավաբան- փորձագետ, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, Սերգեյ Ղազինյանը։

«GRETA»-ն մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբ է, որը կոնվենցիան վավերացրած երկրներում դրա կատարման գնահատման պատասխանատուն է։ «GRETA»-ն կազմված է կոնվենցիան ստորագրած երկրների 15 անկախ և անկողմնակալ փորձագետներից: Նրանք տարբեր բնագավառների մասնագետներ են (իրավաբաններ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, հոգեբաններ, բժիշկներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն) և ընտրվում են իրենց մասնագիտական փորձի հիման վրա: «GRETA»-ի անդամների պաշտոնավարման ժամկետը չորս տարի է՝ ևս մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ:

Share

About the author

AAVR administrator