Հայաստանը եվրոպական ինտեգրման խաչմերուկում-մտորումներ ճանապարհի կեսին

ByAAVR

Հայաստանը եվրոպական ինտեգրման խաչմերուկում-մտորումներ ճանապարհի կեսին

Աղվերանը 2 օր դարձավ Հայաստանի հնարավոր եվրաինտեգրման մտորումների կիզակետ։

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) հետ համատեղ հրավիրել էր սեմնար-հանդիպում՝ «Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացներն արդի աշխարհաքաղաքական համատեքստում» խորագրով։

Սեմինարի մի կողմում միջազգային կառույցների ներկայացուցիչներն ու փորձագետներն էին, իսկ մյուս կողմում՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության խնդիրներին ներկայացնող կազմակերպությունները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Հանդիպման օրակարգն ի սկզբանե խոստանում էր լինել հետաքրքիր և նոր բացահայտումներով լեցուն, ինչը փորձագետների ու մասնակիցների ակտիվության շնորհիվ այդպես էլ եղավ։ Հիմնական հարցը, որի պատասխանը փորձում էին գտնել բոլոր մասնակիցները այն էր, թե Հայաստանը մոտ ապագայում հնարավորություն կունենա՞ եվրոպական ինտեգրման, թե ոչ։

Հանդիպման ամենագրավիչ մոտեցումներից մեկն այն էր, որ քննարկումներին բավականին ժամանակ էր հատկացված և յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ուներ արտահայտվելու ու պնդելու իր տեսակետը։ Իսկ տեսակետներն ավելի քան տարաբնույթ էին։

Առաջին իսկ ելույթներից հետո թվում էր, թե շատ դժվար է լինելու ընդհանուր մոտեցումներ գտնելը, բայց շնորհիվ փորձագետների բարձր պրոֆեսիոնալիզմի և տեղեկատվության փայլուն տիրապետման, հաջողվեց սկզբունքային հարցերում ընդհանուր հայտարարի գալ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը։ Ո՞րն էր այն հիմնախնդիրը Հայաստանի եվրաինտեգրման մեջ, որ հետաքրքրել էր մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքար ծավալող կազմակերպությանը։ Այս հարցի պատասխանը տվեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, որը հանդես գալով «Միգրանտների հիմնախնդիրը Եվրոպայում․Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքականությունը» զեկույցով, մանրամասը ներկայացրեց միգրանտների խնդիրների կարգավորման եվրոպական մոտեցումները, սիրիական ճգնաժամից առաջացած միգրացիոն հոսքերի կարգավորման Եվրոպայի դիրքորոշումը, մատնանշեց այն քայլերը, որոնք կբերեն դրանց արագ կարգավորմանը։ Ներկայացրեց այն կարևոր հանգամանքը, որ Եվրոպան շատ ուշադիր է լինելու, որպեսզի միգրացիոն հոսքերի կարգավորման ժամանակ պատշաճ ուշադրություն դարձվի մարդկանց թրաֆիքինգի հարցերին: Ինչ խոսք դեսպանի ներկայացրած անհանգստությունն անհիմն չէ, քանի որ Աուդիո-վիզուալ թիմը 2015 թվականի աշնանը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման նպատակով աշխատանքային այցով լինելով Թուրքիայում արդեն իսկ գրանցել էր, որ Թուրքիայի կողմից արդեն իսկ մեծ թվով միգրանտների ընդունումը կարող է սրել ոչ միայն եկվորներին հնարավոր թրաֆիքինգի ենթարկելու վտանգը, այլև Հայաստանի այն միգրանտների վիճակը, որոնք արդեն այնտեղ են գտնվում և չունեն որևէ կարգավիճակ։ Եվրոպան ներկայումս շատ մեծ աջակցություն է տրամադրել Թուրքիային՝ միգրանտներ ընդունելու և նրանց խնդիրները կարգավորելու համար։ Որքանով Թուրքիան այս գումարներով կկարգավորի նաև հայ միգրանտների խնդիրները, դժվար է ասել։ Մի բան փաստ է, որ չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, Հայաստանը պետք է փորձ անի ոչ կառավարական և մեդիա կազմակերպությունների միջոցով օգնել Թուրքիայում ապօրինի գտնվող հայ միգրանտներին՝ թրաֆիքինգի հնարավոր վտանգներից խուսափելու համար։

Քննարկման էր դրված նաև «ՀՀ ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական բաղադրիչը» զեկույցը, որի լուսաբանմամբ հանդես եկավ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը։ Զեկուցողը բավականին հետաքրքիր դիտարկումներ ներկայացրեց Հայաստանում տեղեկատվության և քարոզչության փոխհարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև դրանց ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման գործում։

Հանդիպման արդյունքում առաջիկա անելիքների հետ կապված շատ կարևոր խնդիրներ ձևակերպվեցին՝ իրենց հնարավոր լուծումներով։ Հայաստանը չի կարող անմասն մնալ եվրաինտեգրումից, քանի որ տարածաշրջանում գրավելով բավականին ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական դիրք, իրեն կարող է պաշտպանել միայն կոմպլիմենտար քաղաքականությամբ։

 

Հանդիպման ֆոտո վավերացումն այս հղումով՝ https://www.facebook.com/media/set/?set=a.1293031137376953.1073741884.815159858497419&type=3&uploaded=12

Share

About the author

AAVR administrator