Hetq.am: 11-ամյա Արմանը երբեք դպրոց չի գնացել, քանի որ «գոյություն չունի

ByAAVR

Hetq.am: 11-ամյա Արմանը երբեք դպրոց չի գնացել, քանի որ «գոյություն չունի

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն՝ 2024-ին ներկայացված Տպագիր և էլեկտրոնային նյութեր – Հետք, Լիլիթ Ավագյան – «11-ամյա Արմանը երբեք դպրոց չի գնացել, քանի որ «գոյություն չունի»»

https://www.hetq.am/hy/article/170539

Հոդվածն ամբողջությամբ՝

Լուսինեն (անունը փոխված է-խմբ. )  45 տարեկան է, բայց երբևէ անձնագիր  չի ունեցել: Նրա որդին՝ 11-ամյա Արմանը  (անունը փոխված է- խմբ.), չունի ծննդյան վկայական, քանի որ մայրը չունի անձնագիր: Արմանը երբեք դպրոց չի գնացել, իր անունը գրել չի կարող:

Լուսինեն ու իր երեխաները չափազանց ծանր պատմությունների միջով են անցել՝ անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայությունը լուրջ խնդիր համարելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը մեկ տարի առաջ հաղորդագրություն տարածեց.

«Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 38-ամյա տղամարդը, օգտագործելով աշխատանք կամ որևէ այլ զբաղմունք, սեփական կացարան չունենալու, ինչպես նաև անչափահաս ու մանկահասակ երեխայներին նվազագույն կենցաղային պայմաններով ապահովելու անհնարինության, եկամտի այլ աղբյուրների բացակայության հանգամանքների առումով Արարատի մարզի երեք բնակչուհու, այդ թվում մոր և դստեր վիճակի խոցելիությունը, թրաֆիքինգի ենթարկելու՝ շահագործելու դիտավորությամբ, նրանց առաջարկել է իրեն պատկանող՝ Գառնի համայնքում տեղակայված անասնաֆերմայում կատարել կթվորուհու աշխատանք՝ չհստակեցնելով վարձատրության պայմանները»:

Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի մասին խոսում են բոլոր մակարդակներում՝ կառավարություն , ոստիկանություն , ներկայացվում է տարեկան վիճակագրությունը , բայց այդ մտահոգությունները, թվերը շրջանցում են ամենակարևորը՝ ՄԱՐԴՈՒՆ:
Պետությունն արձանագրում է թրաֆիքինգի ենթարկված մարդուն՝ որպես վիճակագրական տվյալ: Զրկված լինելով արժանապատիվ կյանքի իրավունքից՝ թրաֆիքինգի միջով անցած մարդը միայնակ է իր խնդիրների առաջ:

Միայնակ է և Լուսինեն, որը արդեն մեկ տարի է՝ իր անչափահաս որդու հետ փրկվել է թրաֆիքինգից: 

Լուսինեն՝ իր աղջկա ու անչափահաս որդու հետ անցել է նվաստացման, բռնության, շահագործման ճանապարհով: Ի՞նչ է տեղի ունեցել նրա ու որդու կյանքում՝ այս մեկ տարվա ընթացքում, որքանո՞վ են տարվա ընթացքում թրաֆիքինգի կանխարգելման, թրաֆիքինգի զոհերի սոցիալականացման մասին զրույցներն ազդել Լուսինեի ու որդու կյանքի որակի վրա: Լուսինեն ուսերն է թոթվում՝  միալար տրորելով մաշված պայուսակի բռնակն ու անորոշ մի կետի նայելով: 

Նա հարցազրույցի եկավ 11-ամյա որդու հետ: Չէի սպասում:
-Բայց կարո՞ղ ենք Ձեր որդու ներկայությամբ խոսել,- թեման շատ դառն էր, ու կատարվածը երեխային նորից հիշեցնելը նրա հանդեպ արդար չթվաց:
Լուսինեն հասկացրեց՝ ոչ մի խնդիր: Արմանն էլ ասաց, որ ուզում է ներկա գտնվել զրույցին:

«Երբ փոքր էի, երազում էի ընտանիք ունենալ, նորմալ ամուսին. դա էր երազանքս: Բայց էդպես չեղավ: 16 տարեկան էի, խաբվեցի. ազապությունս բռնի առան: Մեր հայաթից էին… Հիշում եմ՝ մամաս շատ ջղայնացավ: Պապա չեմ տեսել. բաժանված էր: Մամաս ա մեզի պահել: Երկու ախպեր, մի քուր ենք: Տունը մնացի, մինչև վախտս եկավ, ամուսնացա, էլի… Էդ տղան գիտեր իմ պատմությունը, բայց ամուսնացավ հետս: Առաջին երեխուն ունեցա, մահացավ. սրտից հիվանդ էր: Հետո աղջկաս ունեցա: Երկրորդ տղես էլ (Արմանի մասին է խոսքը-խմբ.) երկրորդ ամուսնուցս ա»:

Լուսինեն ու աղջիկը աշխատանք են փնտրել. «Ինտերնետով ճարեցիք: Տղայիս հետ աշխատում էինք (Արմանն այդ ժամանակ տասը տարեկան էր-խմբ.): Տղաս էր ու թոռս ՝ աղջկաս երեխան: Ասեցի՝ չեմ կարա կով պահեմ: Գործատուն էլ ասեց՝ բա արի քեզ մի լավ տեղ տանեմ, ընկեր տղա ա, քեզ գործ կլինի, կով կթելա-բան, կաշխատես: Ընձի տարավ էդ ֆերման»: 

Լուսինեն՝ 28-ամյա դստեր, նրա երկու երեխաների (մեկը՝ անչափահաս, մյուսը՝ նորածին) ու Արմանի հետ գնում են Գառնի՝ աշխատելու ու գումար վաստակելու  ակնկալիքով: Գործատուն նրանց քարե մի շինությունում է տեղավորում՝ առանց կենցաղային տարրական պայմանների: Պայմանավորվում են՝ յուրաքանչյուր գլուխ կով կթելու համար ամսական 5000 դրամ կստանան:

-Պայմանագիր ստորագրեցի՞ք:
-Չէ, պայմանագիր չէինք ստորագրել: Մեզ ասեց՝ ինչ գործ անեք, սաղ փող ա՝ բիդոն լվալ, կով կթել, ամեն բան: Բայց աղջիկս ավելի շատ գործ էր անում. տղամարդու գործ էր անում: ժամը գիշերվա երկուսին-երեքին զանգում կանչում էին, ասում էին՝ արի կով մորթելու…Ես վախում էի աղջկաս համար: Անընդհատ հետը ֆռռում էի, որովհետև վախում էր, ասում էր՝ մենակ չեմ գնա գոմ:

Մի օր էլ աղջիկը կաթի «բիդոնը» լավ չի լվանում:

«Կանչեց տանտերը, ցույց տվեց, ասեց՝ գնա աղջկադ կանչի, բայց դու մի արի»: Ես գնացի փոքր երեխու մոտ, մեկ էլ աղջիկս ծեծված-ջարդված եկավ. գլուխը բռնած, սաղ ջանը՝ կապտած, բերանը՝ ծռված: Գցել էր գետին, բիդոնով խփել էր գլխին: Բերանը երկու հոգով փակել էին, որ տանեն գցեն կովի տակ, որ էդ վիճակով կով կթի: Ու դա՝ բոլոր աշխատողների աչքի առաջ: Ոչ ոք չմոտեցավ աղջկաս փրկի, որովհետև վախում էին իրանից: Հիմա  ինքը  կալանքի տակ ա: Դատը նոյեմբերի  27-ին ա լինելու»:

Լուսինեն դադար տվեց, ուշադիր նայեց որդուն.
«Իրան էլ ա տփել: Զոռով քնից հանում էին, զոռով տանում աշխատացնում էին:
Ասում էին՝ ինքը եկել ա, պիտի աշխատի: Ուզում էինք փախուստի դիմեինք, բայց ասեցինք՝ վատ ձևով կվերջանա:
-Ու՞ր էիք ուզում փախչել:

-Մլիցայություն: Էն էլ զանգեցի ախպորս, նա էլ փեսուս ասեց, նա էլ մլիցայություն տվեց…
-Բայց որ գալիս էիք էդտեղ՝ աշխատելու,  Ձեր աղջկա ամուսինը, Ձեր եղբայրները համաձայն էի՞ն, որ փոքրիկ երեխաների հետ, առանց տարրական պայմանների, ապրեք ինչ-որ մեկի շինությունում, որ երեխան աշխատի:
-Դե, չգիտեին: Միշտ լավն էին մտածում: Մենք չգիտեինք, որ տանտերը էդպիսինի ա: Մեր հետ մի աղջիկ էլ կար՝ երեխու հետ, իրանց հետ էլ՝ ինչ ձև ասես, վարվել ա: Իրանք էլ մեր հետ դուրս եկան էդ աշխատանքից: Ֆերմայի տերը տեսնում ա՝ եթե մարդը խեղճ ա, իրանց շահագործում ա»:

Լուսինեին ու իր աղջկան ֆերմայի տերը արգելել է հարազատների հետ որևէ կապ ունենալ, տարածքից հեռանալ: «Հեռախոսները վերցրեց, ասեցի՝ մորս հիշատակն ա, մենակ քարտը վերցրեց: Ես առանձին քարտ ունեի: Դրանով ախպորս հետ կապնվա, միլիցիայով դուրս եկա: Ոստիկանները աղջկաս տարան հարցաքննեցին, հետո եկան մեզ տարան: Էդ տղամարդուն էլ տարան: Ես իրան հարցրեցի՝ խի՞ ես խփել աղջկաս, ասումա՝ հաշվի՝ ախպերն եմ, խփել եմ»: 

-Իսկ Ձեր տանը պատահել է՞, որ Ձեր ամուսինը կամ եղբայրը ձեռք բարձրացնի Ձեզ վրա, երեխայի վրա:
-Եղբայրս՝ չէ, ամուսինս խմող-ծեծող ա, դրա համար ես իրա հետ չեմ մնում: Բայց դե որ պասպորտ չունեմ, ու՞ր գնայի:
-Անձնագիր չունե՞ք:
-Դե, որ մերոնք տունը ծախեցին, երեխա եմ եղել, պասպորտ չհանեցի: Էդ տանտերը, որի մոտ աշխատում էի, ասեց՝ ես քեզ պասպորտ կհանեմ, արխային եղի, տղեդ կեթա դպրոց: Խաբեց, չհանեց:
-Այսինքն՝ անձնագիր երբևէ չե՞ք ունեցել:
-Չէ, 45   տարեկան եմ, դիմել եմ, հեսա, էս քանի օրը կստանամ: Մշտական բնակության տեղ չեմ ունեցել, գրանցում չեմ ունեցել: Երեխա եմ եղել, մամայիս էլ խաբել են, տունը ձեռքից առել են: Մեր սեփական տունը…Էդ վախտվանից  վարձով ենք մնում:

-Տան վարձն ինչպե՞ս էիք տալիս:

-Դե, մամաս էր աշխատում, ինքը մի տարի առաջ ա մահացել, ախպերս ա հիմա աշխատում: Ես էլ էի աշխատում: Աղջիկս ա աշխատում:

Կնոջ և իր որդու իրավունքների, փաստաթղթերի խնդրով զբաղվում է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը: Կենտրոնի սոցիալական աշխատակիցն ասաց, որ պատկան բոլոր գերատեսչություններին դիմել են նամակներով ՝ թե՛ երեխայի կրթության իրավունքի հարցով, թե՛ կնոջ անձնագրի, թե՛ երեխայի ծննդյան վկայականի: Բոլոր գերատեսչությունները տեղյակ են մոր ու որդու մասին, բայց ոչ կնոջ անձնագրի հարցը լուծվեց, ոչ երեխայի կրթության հարցը: Արդեն մեկ տարի է՝ կինն ու որդին դուրս են եկել թրաֆիքինգից, բայց պետական որևէ մարմին այդպես էլ նրանցով չի հետաքրքրվել:

-Կարո՞ղ եմ Արմանին մի քանի հարց տալ,-դիմեցի Լուսինեին:

-Հա:

-Արմա՛ն, դու լսում ես մամայի էս պատմությունը: Ի՞նչ ես մտածում. ինչու՞ է հնարավոր էսպիսի բան:
-Ես չէի մտածում, որ սենց կլինի:
-Դու մամայի հետ էիր, ու առավոտ շուտ քեզ քնից արթնացնում էին, որ աշխատեիր…
-Հա, առավոտ շուտ ինձ արթնացնում էին, ասում էին՝ հելի գնա դաշտ, որ աշխատես:
Հելի գնա, որ փող առնես:
-Իսկ ի՞նչ էիր անում:

-Տավար էի պահում:

-Գումար տալիս է՞ին:
-Չէ: Ասել էր՝ տալու եմ, ամիսը՝ տասը հազար:
-Իսկ մտածում ե՞ս՝ ի՞նչ ես անելու հետո: Ի՞նչ երազանք ունես:
-Երազում եմ՝ էթամ դպրոց, ուսում առնեմ, մեծանամ:
– Գրել, կարդալ, հաշվել…
-Հաշվել գիտեմ, բայց գրել՝ չէ:
-Որ մեծանաս, ի՞նչ ես ուզում դառնաս:

– Դե, մի բան կդառնամ, էլի: Բանվոր՝ աչքիս:

-Ո՞նց էր անցնում օրդ…
– Վախենալու էր: Գիշերը վախից արթնանում էի: Առավոտյան որ արթնանում էի, մտածում էի՝ ուր գնայի տնից, որ ինձ չբռնեին
-Ի՞նչ էիք ուտում:
-Փլավ-մլավ..
-Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ ա երջանկությունը. Որ մարդիկ ասում են՝ ուզում եմ երջանիկ լինեմ, ի՞նչ է դա:
– Ուրախություն: Ուրախություն ա նշանակում: Մի լավ բան, որ անում ես, ուրախանում ես: Դա ա երջանկությունը:
-Կպատմե՞ս ընկերներիդ մասին :
-Իմ ընկերները լավն են: Իրանք լավ ըկերներ են: Ամեն ինչ անում են իմ համար:
-Դու քո ընտանիքը ո՞նց ես պատկերացնում:
-Ես իմ կնոջ հետ շատ նորմալ կվարվեմ, սենց բաներ չեմ անի: Կնոջս հետ՝ նորմալ, երեխեքիս հետ՝ սիրով:

-Ի՞նչ ես կարծում՝ ինչու՞ են մարդիկ չարանում էնքան, որ կարողանում են ուրիշներին ցավ պատճառել, մամաներին նեղացնել, փոքր երեխեքին նեղացնել…
– Չգիտեմ…Առաջին օրն ինքը լավն էր, բայց որ մի քիչ անցավ, ինքը վատը դառավ: Վատ մարդ ա…
-Ի՞նչ ա նշանակում՝ վատ մարդ:
-Վատ մարդը վատ բան ա անում, լավ բան չի անում:
-Իսկ ո՞նց ես պատկերացնում քո ու մամայի կյանքը. ի՞նչ կուզեիր, որ լիներ ձեր կյանքում:
-Կուզեի նորմալ տուն լիներ, նորմալ աշխատանք լիներ, նորմալ ապրեինք:
-Իսկ մուլտեր, ֆիլմեր նայում ե՞ս:
-Մուլտեր՝ չէ: Կինո:
-Ո՞ր կինոն ես շատ սիրում:
– Անունը չեմ հիշում բայց: Բայեվիկ ա: Ես ուզում եմ ուժեղ տղա լինեմ: Էդ լավա: Ոչ մեկ չի կարա բան ասի:

-Իսկ ֆերմայում կա՞ր  գոնե մի մարդ, որ վստահ լինեիր, որ  իրեն դիմես, քեզ կօգնի:

-Չէ…
-Իսկ քո պապա՞ն:

-Իմ պապան էնտեղ մի անգամ ա եկել ու էլ չի եկել…Ինքը խմող ա:

Դիմում եմ Արմանի մորը՝ Լուսինեին.
-Արմանն ինչու՞ դպրոց չի գնացել:  
– Առանց փաստաթղթերի, ասեցին, չի լինի. պիտի բերեք ծննդյան վկայական, սոցքարտ…
-Արմանը ծննդյան վկայական չունի՞: Բայց երեխան որ ծնվում է, ծննդատանը, առանց ծննդյան վկայականի, դուրս չեն գրում:
– Գրավորով դուրս եկա, ասեցի՝ էթամ, չորս օրից կդզեմ ծննդականը: Չիմացա, որ սենց երկար կտևի:
-Ինչու՞ էսպես երկար տևեց, ի՞նչն էր պատճառը:
-Դե, մինչև թղթեր հավաքեցի՝ որտեղ ենք մնացել, դպրոցի թղթերը, որ սովորել եմ, որ քաղաքից դուրս չեմ եկել, հավաքել եմ էդ սաղ թղթերը …
– Բայց Արմանը ախր…
-Ինձի ասում են՝ տար երեխուն սոցկենտրոն, բայց  ես չեմ թողում: Որ գնա էնտեղ, էնտեղից դժվար ա դուրս գալը:
-Ինչի՞:
– Մի քիչ որ դակումենտս ուշանում ա, էնտեղից կտանեն մանկատուն: Հեսա մի քանի օրից պասպորտս  կլինի, թող կողքս մնա: Կուզեի Արմանը կարատեի գնա: Նորմալ արհեստ սովորի, կոշիկի արհեստ: Շատ է սիրում մեխ վերցնել:

-Արման, քո ներկայությամբ խոսում ենք էսպիսի թեմաներից, շատ վատ եմ զգում:
-Չէ-չէ, նորմալ ա:

-Ի՞նչ ես կարծում՝ ինչի՞ կարող է ինչ-որ մեկն իրանից թույլին նեղացնի:
-Վատ ա, որ ուժեղը թույլին ծեծում ա: Կարա խոսքով հասկացնի, բայց չծեծի:
-Ի՞նչ ես կարծում, պետությունը ի՞նչ պիտի անի, ո՞նց պիտի վարվի այդ մարդու հետ, որ ինքը մյուս անգամ էլ նման բան չանի:
-Ինքը պետք ա պատիժ ստանա, որ էլ չանի:

-Երբ աղջկաս խփում էր, սաղ աշխատողները կայնած նայում էին: Վախում էին սաղ: Ինքը միշտ թույլերին էր խփում,-զրույցին միանում է Լուսինեն:
-Արմա՛ն, առավոտյան որ արթնանում ես, ի՞նչ ես անում:
-Որ զարթնում եմ, տեղերից չեմ ուզում հելնեմ: Հավես չի:
-Լա՞վ բան է կյանքը, թե՞ դժվար:
-Կյանքը լավ բան ա:
 Հ.Գ.  Ի՞նչ ունենք հիմա. ունենք 11-ամյա երեխա, որը ապրում է Հայաստանի Հանրապետությունում, սակայն գոյություն չունի. որևէ տեղ նրա գոյությունը հաստատող փաստաթուղթ  չկա: 

Ինչպե՞ս է հիվանդանոցը ընդունել ծննդկանին՝ առանց անձնագրի: Երեխայի ծնվելուց հետո ինչպե՞ս են նրան դուրս գրել՝ առանց ծննդյան վկայականի:

Կինը գրավոր հավաստիացում է տվել, թե որդու ծնվելուց չորս օրից կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը, և նրան դուրս են գրել հիվանդանոցից: Ո՛չ ծննդատունը, ո՛չ սոցիալական ծառայությունները չեն հետաքրքրվել երեխայով՝ որտե՞ղ է, ո՞ղջ է… Ու մինչև այսօր:

«Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված են՝ 12-ամյա կրթությունը պարտադիր է բոլորի համար: Նշված են  պարտադիր կրթության ապահովման պատասխանատուները. դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը, ԿԳՄՍ նախարարությունը, ՏԻՄ մարմինները իրականացնում են երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն:

Բոլոր այս կառույցները թե՛ մինչև երեխայի՝ թրաֆիքինգի ենթարկվելը, թե՛  թրաֆիքինգից նրա դուրս գալուց հետո, ունենալով տեղեկատվություն, որ երեխան դուրս է մնացել կրթություն ստանալու հնարավորությունից, ոչինչ չեն ձեռնարկել՝ ապահովելու նրա կրթության իրավունքը, ու պատասխանատվություն են կրում 11 -ամյա երեխայի համար, որը անգամ մեկ օր դպրոց չի հաճախել:

Եթե կինն ու իր որդին թրաֆիքինգի զոհ չդառնային, նրանց մասին այսքան սուղ տեղեկատվությունն էլ թերևս չլիներ:

Share

About the author

AAVR administrator