«Թրաֆիքինգի թեման լրագրողական ամենազգայուն թեմաներից մեկն է»

ByAAVR

«Թրաֆիքինգի թեման լրագրողական ամենազգայուն թեմաներից մեկն է»

Վերջերս Factor TV-ի լրագրող Սաթենիկ Հայրապետյանը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ի ամենամյա մրցույթի հաղթող է ճանաչվել։ Նրա «Մեկ-մեկ վատ բառեր էլ են ասում․ հնդիկները գալիս են ավելի լավ կյանքի որոնումներով, բայց ի՞նչ են գտնում» տեսանյութում բարձրաձայնվում է Հայաստանում աշխատող արտասահմանցիների աշխատանքային շահագործման ու թրաֆիքինգի թեման։ Լրագրողական գործունեության ընթացքում Սաթենիկը հաճախ է անդրադառնում մարդկանց իրավունքների խախտումներին, փորձում ապահովել դրանց համակողմանի լուսաբանումն ու զուգահեռ իրազեկել քաղաքացիներին։

Սաթենիկ, այսօր ոչ բոլոր լրագրողներն են «համարձակվում» թրաֆիքինգին անդրադառնալ, քանի որ այն շատ բազմաշերտ է և երբեմն կարող է «գլխացավանք» դառնալ հեղինակի համար։ Քեզ համար ո՞րն է հիմնական շարժառիթը այս թեմային անդրադառնալու։

– Գործունեությանս սկզբնական շրջանում լուսաբանում էի ամենատարբեր թեմաներ և չունեի կոնկրետ ուղղվածություն, սակայն տարիների ընթացքում հասկացա, որ ինձ համար հոգեհարազատ է մարդու իրավունքներին, սոցիալական խնդիրներին ու առհասարակ խնդիրներին վերաբերող թեմաները։ Թրաֆիքինգն էլ մեկն է այն թեմաներից, որի հիմքում մարդն է՝ իր ոտնահարված իրավունքներով, հետևաբար շրջանցել կամ անտեսել այս թեման չէի կարող։ Իմ աշխատանքի ընթացքում երբեք որևէ թեմայից չեմ հրաժարվել «գլխացավանքից» խուսափելու համար, այլ ճիշտ հակառակը՝ աշխատել եմ այնպես, որ իմ գործունեությունը նպաստի որևէ խնդրի լուծման ու վերջնական դրական արդյունքի։

Այս թեման լուսաբանելիս ամենաշատը ինչպիսի՞ խնդիրների ես բախվում, որոնք գուցե նույնիսկ խանգարում կամ դժվարացնում են մասնագիտական աշխատանքդ կատարել։

– Ամենաառաջին ու մեծ խնդիրը եղել է և մնում է լռությունը։ Մարդիկ, ամենատարբեր պատճառներից ելնելով, պարզապես նախընտրում են լռել ու չբարձրաձայնել իրենց խնդիրը։ Բազմիցս առնչվել ենք դեպքերի, երբ անձը ունի խնդիր, իր իրավունքները ոտնահարվել են, ենթարկվել է բռնության, թրաֆիքինգի, սակայն հանրայնացնել խնդիրը չի ուզում։ Բավականին մեծ աշխատանք ենք տանում այդ մարդկանց հետ, խոստանում ու ապահովում ենք գաղտնիությունը, որպեսզի կարողանանք խնդիրը հանրայնացնել։ Իսկ դա կարևոր է այնքանով, որ մարդիկ կլինեն իրազեկված ու տեսնելով մարդկային պատմություններ, կոնկրետ օրինակներ, հնարավորինս կխուսափեն սխալ քայլերից։ Երբեմն նաև դժվարություն է առաջանում պատկան մարմինների հետ աշխատելիս, որովհետև տեղեկություններ կան, որոնք չեն հրապարակվում, գաղտնի են, հարցազրույց կազմակերպելու համար մի քանի փուլերով պետք է անցնել, թույլտվության սպասել և այլն, բայց սրանք տեխնիկական և լուծելի խնդիրներ են։

Թրաֆիքինգ լուսաբանելիս լրագրողները հաճախ են կանգնում լրագրողական էթիկան պահպանելու և հետաքրքիր մանրամասներով նյութը հնարավորինս գրավիչ դարձնելու երկընտրանքի առջև։ Քեզ ինչպե՞ս է հաջողվում անել այնպես, որ դիտարժանության տեսանկյունից նյութը չտուժի, բայցև չվնասես մարդկանց։

– Միշտ և միշտ ինձ համար կարևոր է եղել ԱՆՁԸ՝ իր իրավունքներով։ Ունեցել եմ նյութեր, որոնց վրա երկար աշխատել եմ, պատրաստ է եղել հրապարակման, բայց ինչ-որ պահի ինձ խնդրել են չհրապարակել այն, որովհետև խնդիրը լուծվել է կամ այլ խնդիր է առաջացել և հրապարակելու դեպքում, օրինակ, կվնասենք անձին։ Առանց վայրկյան իսկ մտածելու նյութի հրապարակումը չեղարկել եմ կամ նյութի միջից հանել եմ որոշ, ինչպես դուք նշեցիք, գրավիչ հատվածներ, բայց լրագրողական հմտությունը, երկար տարիների փորձը միշտ թույլ են տալիս գտնել այլընտրանքային գրավիչ միջոցներ, կլինի դա բառախաղ, նոր հերոսի ներգրավում, թե մեկ այլ բան։ Բայց լրագրողի աշխատանքում էլ կարևոր ու առաջնային սկզբունք է չվնասելու սկզբունքը, հետևաբար չե՛նք վնասում։

Արդյոք այս ոլորտի մասին գրելիս հաշվի առնո՞ւմ ես, որ իրազեկման հետ միասին նաև կրթական, ճանաչողական գործառույթ ես կատարում Այդ մասով հատուկ ճանաչողական տեղեկատվություն ներառո՞ւմ ես նյութերում։

– Իհարկե՛։ Մեր հասարակության մեջ խնդիրների մեծ մասը գալիս է իրազեկվածության պակասից։ Սա ասում եմ առանց մեկ վայրկյան կասկածելու։ Հատկապես մարզերում իրավիճակն ավելի վատ է։ Իմ նյութերում պարտադիր կերպով ներառում եմ ճանաչողական տեղեկատվություն, եթե բարձրացնում եմ խնդիր, ապա ներառում եմ նաև լուծում։ Այսինքն՝ հեռուստադիտողը նյութը նայելիս պետք է ստանա նաև լրացուցիչ տեղեկություն, սովորի մի նոր բան, հակառակ դեպքում նյութը դառնում է անարժեք։

Ի՞նչ ես կարծում՝ մեր երկրում լրագրողական համայնքը պատրա՞ստ է այս թեման պատշաճ լուսաբանելուն ի՞նչ գիտելիքի ու հմտությունների կարիք ունեն։

– Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ո՛չ, պատրաստ չէ։ Այս կարծիքիս հիմքում այն խնդիրներն ու սխալներն են, երբեմն տարրական թվացող այն սխալները, որոնք խոցելի խմբերի դեպքում ավելի են բարդացնում իրավիճակը։ Քիչ առաջ էլ իմ խոսքում նշեցի, որ հաճախ հերոսները ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում բարձրաձայնել խնդիրը և այդ պատճառներից մեկն էլ լրագրողների կողմից թույլ տրված սխալներն են, չպահպանած խոստումները (օրինակ, գաղտնիությունը պահպանելու վերաբերյալ խոստումը)։ Այսօր լրագրողի աշխատանքը «էժանացել է», որովհետև սնկի պես աճող կայքերի, ինքնակոչ լրագրողների պատճառով երբեմն շատ երկար ստիպված ես լինում մարդկանց բացատրել, որ դու այն լրագրողը չես, ումից պետք է վախենալ կամ զգուշանալ, ով չի խաբելու, չի վնասելու։ Որքան լուսաբանման ոլորտն ու թեման զգայուն են, այնքան մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջվում լրագրողից, իսկ թրաֆիքինգի թեման չեմ սխալվի, եթե ասեմ ամենազգայուն թեմաներից մեկն է, եթե ոչ ամենազգայունը, որովհետև մարդիկ արդեն իսկ ենթարկվել են մեծ տրավմայի և որևէ սխալ քայլ, խոսք, բառ կամ պահվածք այդ մարդկանց ավելի խոցելի կարող է դարձնել,  նրանց հոգեկան  ապրումներն ու վիճակը կարող է ավելի խորացնել, հետևաբար այս ոլորտում աշխատող լրագրողներին երբեք ու երբեք չեն խանգարի վերապատրաստումները։

Թրաֆիքինգին անդրադառնալու համար վերջին 1 տարում 2 մրցանակ ես ստացել, ինչքանո՞վ են նման մրցանակները խրախուսում լրագրողներին և մոտիվացնում հետագայում ևս լուսաբանել ոլորտը։

– Իհարկե ցանկացած աշխատանքում, ցանկացած մասնագետի դեպքում գնահատված աշխատանքը նոր ուժ ու ոգևորություն է տալիս էլ ավելի լավ ու պարտավորված աշխատելու։ Ասեմ ավելին՝ երբեմն նաև պատճառ է դառնում, որ լրագրողները այս կամ այն թեմային անդրադառնան։

Share

About the author

AAVR administrator