Այն ինչ կատարվում է Ադրբեջանում մեր ռազմագերիների հետ միջազգային և մարդասիրական իրավունքների կոպտագույն խախտում է,- այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ ընդգծել. «այս ամենը պետական բարձրագույն մակարդակում ահաբեկչություն և ավազակապետություն է»:
Միջազգային հանրությունը պետք է արձագանքի այս իրավիճակին և իր գնահատականը տա, բայց այս հարցում նույնպես մենք չպետք է չափազանց մեծ սպասումներ ունենանք: Մենք պետք է անընդհատ աշխատենք այս հարցով, տարբեր միջազգային ատյաններում: Այն, ինչ անում է Ադրբեջանը, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, հնարավոր է, որ այնտեղ մեր գերիները ենթարկվում են խոշտանգումների, տարբեր տեսակի անմարդկային վերաբերմունքի», – շեշտել է Բաբայանը:
Արցախի արտգործնախարարի գնահատմամբ՝ երեկ տեղի ունեցած միջադեպի հարված է հասցվել նաեւ խաղաղապահ առաքելությանը:
«Հասկանալի է, որ երեկվա միջադեպը պատահականություն չէր, դա լավ մտածված ծրագրի մի մաս էր: Ադրբեջանը երբեք պատահական ոչինչ չի անում»,- նկատեց նա:
«Փաստինֆո»-ի հարցին, թե որքանով են հավաստի տեղեկությունները, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգաններ, Արցախի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց, որ դա բացառել չի կարելի:
«Ես ուզում եմ շեշտել, որ միջազգային հանրությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի մեր գերիներին և ռազմագերիներին ադրբեջանական գերությունից ազատելու համար», – շեշտեց Բաբայանը։
About the author