Jam-news.net: Թրաֆիքինգը Հայաստանում․ անհամարժեք պատժվող երևույթ

ByAAVR

Jam-news.net: Թրաֆիքինգը Հայաստանում․ անհամարժեք պատժվող երևույթ

Հայաստանում 2022 թ․–ին նույնականացվել է թրաֆիքինգի ենթարկված երեք մարդ՝ երկու կին և մեկ երեխա։ Դեպքերից երկուսը սեռական շահագործմանն են վերաբերում, մյուսը՝ երեխայի հարկադիր աշխատանքին։

Այս տարի միանգամից երկու զեկույց է հրապարակվել Հայաստանում թրաֆիքինգի վերաբերյալ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի և Եվրոպայի խորհրդի՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետների խմբի կողմից։ Զեկույցներում հիմնականում նշվում է, որ Հայաստանը  բարելավել է իր դիրքերը թրաֆիքինգի դեմ պայքարում, բայց  այդ ջանքերը բավարար չեն։ Հայաստանում թրաֆիքինգը շարունակում է անհամարժեք պատժվող երևույթ լինել։

Իրավիճակի մասին պատկերացում՝ անձնական պատմության, միջազգային զեկույցների և պաշտոնական վիճակագրության համադրությամբ։



Սեր և թրաֆիքինգ․ անձնական պատմություն

20 տարեկանում սովորաբար երազում են սիրո մասին։ Ա․–ն այդ տարիքում երազում էր այլ բաների մասին, օրինակ՝ գոնե մեկ օր չբռնաբարվելու։

Դեռ 17 տարեկանում հարաբերությունների անհաջող փորձ էր ունեցել, դրանից հետո՝ երեխա։ Իսկ հետո մեկ այլ տղամարդ հայտնվեց նրա կյանքում, հարաբերությունները շատ արագ զարգացան, կարճ ժամանակ անց պաշտոնապես ամուսնացան։ Կեղծ փաստաթղթեր ներկայացնելով՝ ամուսինը ճանաչեց նաև Ա․–ի երեխայի հայրությունը։ Թվում էր՝ դա սիրո նշան է։ Բայց ամուսնությունից հետո սկսվեց դժոխքը։ Պարզվեց, որ երեխայի նկատմամբ հայրական իրավունքն ընդամենը պոռնկությամբ զբաղվելու պարտադրանքի միջոց է լինելու։ Հրաժարվելու դեպքում՝ նաև դաժան ծեծը։

Այս մղձավանջը տևել է շուրջ երկու տարի, մինչև որ ամուսինը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում․

«2021 թ. հունիսին հիշյալ տղամարդը Երևան քաղաքում մի շարք անձանց նպաստել է զբաղվել պոռնկությամբ, ինչի դիմաց նրանցից ամենօրյա ռեժիմով պահանջել և ստացել է գումարներ։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի կետերով՝

  • կնոջը թրաֆիքինգի ենթարկելու,
  • պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու,
  • ծեծի,
  • ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու։

Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,- տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Սա այն բացառիկ դեպքերից է, երբ թրաֆիքինգի վերաբերյալ գործը հասնում է դատարան։ Հայաստանում վերջին 5 տարիներին ընդամենը 6 մարդ է դատապարտվել թրաֆիքինգի համար։

Աննկատ բռնություն. ինչո՞ւ Հայաստանում չեն բացահայտվում թրաֆիքինգի դեպքերըԵրեխաների շահագործումը թրաֆիքինգի ամենատարածված տեսակներից է, այն հաճախ իրականացվում է ծնողների կողմից։ Իսկ զոհը՝ երեխան, նման պարագայում չգիտի՝ ում դիմել։ Անձնական պատմություն

Երեխաների շահագործումը թրաֆիքինգի տեսակ

Կանայք ու երեխաները՝ ամենախոցելիները

Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագետների խումբը (GRETA) հրապարակել է Հայաստանի վերաբերյալ նոր զեկույց: Դրա համաձայն՝ Հայաստանը շարունակում է մնալ հիմնականում թրաֆիքինգի ենթարկված անձանց ծագման երկիր, բայց նաև մարդկանց շահագործման ներքին խնդիր ունի։ Հայաստանում գրանցվել են նաև օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ թրաֆիքինգի դեպքեր։ 

Ըստ զեկույցի՝ 2017-2021 թթ․ ընթացքում նույնականացվել է թրաֆիքինգի 68 զոհ։ Նրանք բոլորն էլ Հայաստանի քաղաքացի են եղել, շահագործման են ենթարկվել Հայաստանում։ Թրաֆիքինգի զոհերի 2/3-ը կանայք և աղջիկներ են։ Նրանք նախ ենթարկվել են սեռական շահագործման, ապա՝ աշխատանքային, նաև՝ հարկադիր մուրացկանության։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2017 թ․-ին գրանցվել է թրաֆիքինգի 11, 2018 թ․-ին՝ 9, 2019 թ․-ին՝ 8, 2020-ին՝ 9 դեպք։ 2021 թ․-ին թրաֆիքինգի զոհերի թվի կտրուկ աճ է գրանցվել՝ հասնելով 31-ի։

Հինգ տարվա ընթացքում նույնականացված զոհերից 35-ը կանայք են եղել, 19-ը՝ երեխաներ, որից՝ 13 տղա և 6 աղջիկ, 14-ը՝ տղամարդիկ։ Թրաֆիքինգի ամենատարածված ձևը եղել է սեռական շահագործումը՝ 34 մարդ, այդ թվում՝ տղամարդիկ, ապա աշխատանքային շահագործումը՝ 23 զոհ, հարկադիր մուրացկանությունը՝ 8, և ստրկությունը կամ նման երևույթներ՝ 3 մարդ:

Քիչ թվով հայաստանցիներ թրաֆիքինգի են ենթարկվել այլ երկրներում՝ 2-ական դեպք գրանցվել է Կիպրոսում, Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, 1-ական՝ Վրաստանում ու Թուրքիայում։ 

5 օտարերկրացի աշխատանքային շահագործման է ենթարկվել Հայաստանում։ 2018 թ․-ին գրանցվել է Հնդկաստանի 4 տղամարդ քաղաքացու շահագործման դեպք, 2019 թ․-ին՝ իրանցի 1 տղամարդու։

GRETA-ի զեկույցում շեշտվում է, որ Հայաստանում թրաֆիքինգի զոհերի՝ հանցագործներից փոխհատուցում ստանալու հնարավորությունը մնում է պատրանք: Նախորդ 5 տարիներին թրաֆիքինգի ոչ մի զոհ փոխհատուցում չի ստացել:  Մարդկանց թրաֆիքինգի գործերով չեն եղել այնպիսի դատավճիռներ, որոնք կհանգեցնեին գույքի բռնագրավման:

Եվրոպացի փորձագետները Հայաստանի իշխանություններին կոչ են անում ձեռնարկել ակտիվ միջոցներ՝ երաշխավորելու զոհերի փոխհատուցման հասանելիության արդյունավետությունը, նաև օգտագործել իրավախախտների ունեցվածքի սառեցման և բռնագրավման մասին օրենսդրությունը։



Ջանքերը, որ բավարար չեն

Հայաստանում թրաֆիքինգը շարունակում է լատենտ, թաքնված երևույթ լինել։ Զոհերից շատերն անգամ չգիտեն, որ իրենք թրաֆիքինգի են ենթարկվում։

Երևույթի նկատմամբ ամբողջական պատկերացում և անհրաժեշտ հմտություններ չկան նաև սոցիալական աշխատողների և իրավապահ համակարգի աշխատակիցների շրջանում՝ հատկապես մարզերում։

Սրանից բացի, միջազգային փորձագետները մտահոգություն են հայտնում  թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական միջոցների անկատարության վերաբերյալ։ Դեպքերի մեծ մասն անգամ դատարան չի հասնում։

Այսպես՝ 2017-2022 թթ․ մարդկանց շահագործման դեպքերով իրականացվել է 69 քրեական գործերի հետաքննություն, սակայն դատարան է հասել միայն 13 գործ, որոնց արդյունքում դատապարտվել 6 անձ։ 

Թեև գործերի երկու երրորդը վերաբերում է աշխատանքային շահագործմանը, սակայն այդ մեղադրանքով որևէ մեկը չի դատապարտվել։

ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած զեկույցում ասվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է կարճել կամ վերաորակավորել ոստիկանության տեղական բաժանմունքների կողմից հարուցված թրաֆիքինգի գործերը՝ ապացույցների բացակայության հիմքով։ Ավելին, վերանայելով 2018-19 թթ․–ի գործերը՝ կարճվել է աշխատանքային թրաֆիքինգի 7 և սեռական թրաֆիքինգի 1 դեպք ապացույցների բացակայության հիմքով։ Ւսկ սեռական թրաֆիքինգի մեկ գործով հոդվածը փոխվել է «պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու» հոդվածով։Ինչո՞ւ են կանայք սպանում. անձնական պատմություն, խոսուն թվեր ու փորձագետի կարծիքՎերջին 10 տարիներին Հայաստանում գրանցվել է առնվազն 5 դեպք, երբ ընտանեկան բռնությունն ավարտվել է սպանությամբ, երբ հուսահատության հասցված կինը սպանել է բռնարարին

Կինը սպանել է բռնացող ամուսնուն

Ի՞նչ է անում պետությունը

Կառավարությունը զոհերի պաշտպանության, այդ թվում հասարակական կազմակերպություններից մեկի կողմից գործարկվող կացարանի ֆինանսավորման նպատակով 2022 թ. հատկացրել է 40.2 միլիոն դրամ։ Սա կրկնակի ավելի մեծ գումար է, քան հատկացվել էր 2019-20 թթ․–ին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար իրավունքների վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյանն ասում է՝ նախորդ տարիների հետ համեմատած՝ 2022 թ–ին թրաֆիքինգի դեպքերի աճ չի գրանցվել։ Այս տարի «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի» կողմից նույնականացվել է թրաֆիքինգի ենթարկված երեք անձ։

«Իհարկե, կան դեպքեր, որոնք դեռ իրավապահների կողմից քննվում են, հնարավոր է, որ դրանց արդյունքում հանձնաժողովին ներկայացվեն նոր դեպքեր և զոհերի թիվն ավելանա։ Նույնականացված բոլոր անձինք արդեն ստացել են պետության կողմից առաջարկվող ծառայությունները՝ դրամական աջակցություն, կացարանի հնարավորություն և այլն»,— ասում է Քրիստինե Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ առաջիկա 3 տարիներին նախատեսվում է վերանայել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ ազգային  գործողությունների ծրագիրը։ Եվ շեշտը դրվելու է զոհերի վերաինտեգրմանն ուղղված ծառայությունների ընդլայնման և դրան ուղղված ֆինանսական հատկացումների վրա․

«Բացի այդ, առաջիկա տարիներին փորձելու ենք աշխատել մասնագետների կարողությունների զարգացման ուղղությամբ։ Արդեն իսկ թրաֆիքինգի վերաբերյալ  ուսումնական մոդուլ ենք ներդրել՝ որպես հատուկ դասընթաց ԵՊՀ սոցիալական աշխատանքի ֆակուլտետի ուսանողների համար։ Նաև վերապատրաստումների շարք ենք սկսել համայնքային սոցաշխատողների և միասնական սոցիալական ծառայության մասնագետների համար՝ նրանց առավել զգայուն դարձնելու համար թրաֆիքինգի հետ կապված հարցերի վերաբերյալ»։

Հղումը՝ https://jam-news.net/am/%d5%a9%d6%80%d5%a1%d6%86%d5%ab%d6%84%d5%ab%d5%b6%d5%a3%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84/

Share

About the author

AAVR administrator