Թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը կարող է դառնալ մոդել մյուս երկրների համար

ByAAVR

Թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը կարող է դառնալ մոդել մյուս երկրների համար

Երկար ընդմիջումից հետո հոկտեմբերի 28-ին կայացավ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի (Խորհուրդ) նիստը։

Նիստին ներկա էին ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և ազգային ՀԿ-ների ներկայացուցիչներ և որպես հրավիրյալ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը։
Օրակարգի հարցերն էին՝

  1. ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2015թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների մասին։
  2. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի դեմ պայքարի վերաբերյալ լավագույն լրագրողական լուսաբանման համար 2015թ.-ին անցկացվելիք մրցանակաբաշխության մասին։
  3. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի նպատակով 2015թ.-ի բյուջեի կատարման ընթացքը և 2016թ.-ին պահանջվող ֆինանսական միջոցների հայտերի ներկայացումը։
  4. Խորհրդի և աշխատանքային խմբի գործունեությունը լուսաբանող antitrafficking.am կայքը, դրա պահպանումը և հետագա գործունեությունը։

Բոլոր հարցերի շուրջ զեկույցներով հանդես եկավ Վահրամ Կաժոյանը` ԹԱԽ (թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով աշխատանքային խումբ) ղեկավարը։

Ներկայացնելով օրակարգը ՀՀ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նորանշանակ նախագահ՝ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը դիմեց խորհրդի անդամներին և նիստին մասնակից միջազգային կառույցների ու ՀԿ-ների ներկայացուցիչներին օրակարգային փոփոխությունների հետ կապված, որին ի պատասխան պարոն Կաժոյանն առաջարկեց երկրորդ հարցի ներկայացումից առաջ խոսքը փոխանցել Հայաստանում ԱՄՆ դեսպան՝ Ռիչարդ Միլսին, որն ընդունվեց բոլորի կողմից։

Պարոն Կաժոյանը նախ շնորհավորեց Խորհրդի նախագահին և անդամներին՝ նշանակման և ներկա կազմով՝ անդրանիկ նիստի գումարման կապակցությամբ։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Խորհրդի նախագահին նիստի հրավիրման համար։

Առաջին հարցի հետ կապված պարոն Կաժոյանը նախ և առաջ ներկայացրեց ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի 2016-2018թթ․-ի Ազգային ծրագրի մշակումը ԹԱԽ-ի կողմից, որը շուտով կներկայացվի Խորհրդի քննարկմանը։

Շարունակելով ԹԱԽ-ի կողմից նշված ժամանակահատվածում կատարված աշխատանքների ներկայացումը, պարոն Կաժոյանն առանձնացրեց ԱՄՆ պատքարտուղարության հետ աշխատանքը, որի արդյունքում Հայաստանն արդեն երրորդ տարին անընդմեջ՝ ըստ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի տարեկան զեկույցի, դասվում է առաջին խմբի երկրների շարքին՝ հատկանշելով, որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ դասվել է առաջին խմբին (հղում՝ http://goo.gl/UYFt88

Շարունակելով առաջին հարցի ներկայացումը պարոն Կաժոյանը նշեց, որ նույնատիպ հաջողություններ է գրանցվել նաև Եվրոպայի խորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) տարեկան հաշվետվությունում (հղում՝ http://goo.gl/S587JG )։ Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանն արդեն ներկայացրել է իր երկրորդ պարբերական զեկույցը ԳՐԵՏԱ-ին և մինչև տարեվերջ ակնկալվում է ԵԽ փորձագիտական խմբի այց։

Որպես ԹԱԽ-ի աշխատանքի գնահատական պարոն Կաժոյանը նշեց նաև Համընդհանուր իրավունքների ամենամյա մրցանակաբաշխության մասին, որտեղ որպես «Կառավարության բարեփոխիչ» պարգևին 2015 թ.-ին արժանացավ ԹԱԽ-ը, որը որքան որ պատվաբեր է, նույնքան էլ՝ պարտավորեցնող (հղում՝ http://goo.gl/VGhsZo

Խորհրդի նախագահ՝ պարոն Գաբրիելյանի կողմից որպես արձագանք հնչեց բարձր գնահատական կատարված աշխատանքի համար, նշելով նաև, որ ոչ պակաս ակտիվությամբ ու պատասխանատվությամբ պետք է շարունակել աշխատանքները։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր ելույթում նախ և առաջ շնորհավորեց Խորհրդին ձեռք բերված հաջողությունների համար, ևս մեկ անգամ կարևորելով ՀՀ կառավարություն և ՀԿ-ներ համագործակցությունը և հատկապես մատնանշելով, որ այս առումով Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարում կարող է հանդիսանալ որպես մոդել այլ երկրների համար։ Պարոն դեսպանը նշեց նաև, որ ինքը ևս սովորելու բան ունի այս կայացած համագործակցությունից։ Եվ որպես եզրափակում իր խոսքի, պարոն դեսպանը նշեց, որ ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակելու է իր աջակցությունը Խորհրդի գործունեությանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի ելույթից հետո պարոն Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ պետքարտուղարությանը համագործակցության պատրաստակամության և ցուցաբերած աջակցության համար։

Երկրորդ հարցի շուրջ պարոն Կաժոյանը կարևորելով ԶԼՄ-ների դերը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ճիշտ լուսաբանման գործում և այս առումով լրագրողների խրախուսումը՝ նշեց, որ այս տարի ևս անպայման պետք է անցկացնել արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությունը և այն կազմակերպել մինչև տարեվերջ։ Միաժամանակ ներկայացրեց մրցանակաբաշխության կազմակերպման մեխանիզմը և պարգևները։
Պարոն Գաբրիելյանի առաջարկով Խորհուրդը որոշվեց մրցանակաբաշխության սկիզբը հայտարարել 2015թ․-ի նոյեմբերի 2-ը և մեկ ամիս անց ամփոփել արդյունքները և հանձնել մրցանակները։

Երրորդ հարցի շուրջ պարոն Կաժոյանը նախ և առաջ մեծ կարևորություն տվեց պետության կողմից մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ֆինանսավորմանը, նշելով որ ձեռք բերված հաջողությունները մեծ չափով պայմանավորված են ոչ միայն պետության ուշադրությամբ, այլ նաև ֆինանսական ներդրամբ։

Շարունակելով հարցի ներկայացումը պարոն Կաժոյանն ըստ նախարարությունների ներկայացրեց նրանց կողմից արդեն իրացված ֆինանսական միջոցների չափերը։

Խորհրդի նախագահն այս հարցի շուրջ հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ կատարողականները կլինեն 100% և քննարկման կնախապատրաստվեն հաջորդ տարվա բյուջեները։

Վերջին՝ չորրորդ հարցի ներկայացման ընթացքում պարոն Կաժոյանը կարևորելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում հասարակության իրազեկության բարձրացման դերը, նշեց www.antitrafficking.am կայքի դերն ու նշանակությունը այս կարևոր գործընթացում։ Եվ որպես Խորհրդի պաշտոնական կայքի, կարևորեց դրա պահպանումն ու զարգացումը պետության ֆինանսական աջակցությամբ, քանի որ այն պետք է ունենա երաշխավորված ֆինանսավորում և չպետք է կախված լինի միայն միջազգային կառույցների ֆինանսական աջակցություններից, որոնք կրում են ժամանակավոր ծրագրային բնույթ։ Զեկուցողի կողմից նշվել նաև, որ մինչ այժմ կայքի պահպանումն ու զարգացումն իրականացվել է միջազգային կառույցների և «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի միջոցների հաշվին և այն հաջողությունները, որ գրանցել է կայքը մինչ այսօր, պայմանավորված է նաև անձնակազմի պրոֆեսիոնալ և սրտացավ աշխատանքով։ Բերելով մի փաստ՝ պարոն Կաժոյանը նշեց, որ կայքը օգտատերերի և լրագրողների համար դարձել է ոչ միայն տեղեկատվական պլատֆորմ, այլև խորհրդատու արտերկրում աշխատանք և ուսուցում փնտրող երիտասարդների համար։

Զեկուցողի կողմից արվեց նաև առաջարկություն կայքի տարածման շրջանակն ընդլայնելու նպատակով, այն որպես հղում տեղադրել նաև շահագրգիռ նախարարությունների կայքէջերում՝ մասնավորապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ՀՀ ԱԳՆ, ՀՀ ոստիկանության և այլն։

Խորհրդի նախագահն առաջարկեց 2016 թ․-ից կայքի պահպանման և զարգացման ֆինանսավորման համար նախ և առաջ դիտարկել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ֆինանսական միջոցների վերաբաշխումը, չբացառելով՝ այլ աղբյուրների հնարավորությունները։ Կայքի տարածման հետ կապված Խորհրդի նախագահը դիմեց մյուս նախարարությունների ներկայացուցիչներին դիտարկել այս հարցը և հնարավորության սահմաններում www.antitrafficking.am կայքի հղումը տեղադրել իրենց կայքերում։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ պարոն Եգանյանն անմիջական արձագանքեց առաջարկին և հայտնեց իրենց ծառայության պատրաստակամությունը կայքի հղումը իրենց կայքում տեղադրելու համար։ Նույնանման առաջարկություններ եղան նաև Արդարադատության նախարարության և ՀՀ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների կողմից։

Ելույթի ավարտին պարոն Կաժոյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ԹԱԽ-ի անդամներին իրենց կողմից ցուցաբերված լավ աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար։

Խորհրդի նախագահ պարոն Գաբրիելյանը նիստի ավարտը հայտարարելուց առաջ հույս հայտնեց, որ բոլոր հանձնարարականները կարվեն նշված ծավալներով և ժամանակին։

 

Արզուման Հարությունյան
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, ԹԱԽ-ի անդամ։
Լուսանկարները՝ Ռաֆաել Ավետիսյանի։

IMG_1529-webIMG_1531-webIMG_1533-webIMG_1535-webIMG_1536-web

Share

About the author

AAVR administrator