MediaLab: Խոցելի մարդիկ, անտեսված խնդիրներ. թրաֆիքինգը Հայաստանում նոր պատկերով

ByAAVR

MediaLab: Խոցելի մարդիկ, անտեսված խնդիրներ. թրաֆիքինգը Հայաստանում նոր պատկերով

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն՝ 2024-ին ներկայացված Տպագիր և էլեկտրոնային նյութեր – MediaLab, Սոնա Մարտիրոսյան – «Խոցելի մարդիկ, անտեսված խնդիրներ. թրաֆիքինգը Հայաստանում նոր պատկերով»

Հոդվածն ամբողջությամբ՝

2024 թ․ առաջին 10 ամիսներին Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը որպես զոհ նույնացրել է 18 մարդու, այդ թվում՝ 7 երեխայի։ Փորձագետները նշում են, որ Հայաստանում թրաֆիքինգի պատկերը շարունակաբար փոխվում է․ եթե 5-6 տարի առաջ խոսքը հիմնականում սեռական շահագործման մասին էր, ապա վերջին տարիներին գերակշռում են աշխատանքային շահագործման դեպքերը։ Եվ չնայած դրան, այս տարի գրանցվել է սեռական շահագործման 7 դեպք, այդ թվում՝ 5 երեխայի, որոնցից 2-ը եղել են 1.7 տարեկան, մեկը՝ 5։ Նրանք նույն ընտանիքից են, թրաֆիքինգի գործընթացում ներգրավված են եղել ծնողները։

Դիմանում են, որովհետև ուրիշ ճար չունեն

Արմենը (անունը փոխված է) երկար չմտածեց աշխատանքի առաջարկն ընդունելիս։ Դա իր առաջին աշխատանքն էր լինելու։ Գործն էլ բարդ չէր ավտոկայանատեղիում։ Արմենը հաշմանդամություն ունի՝ խուլ է։ Նրա ու իր նմանների համար աշխատանք գտնելը գրեթե անիրականանալի երազանք է։ Իսկ այդ օրը բախտն իրեն ժպտացել էր։

Կայանատեղիում, սակայն, Արմենը հաշմանդամություն ունեցող միակ մարդը չէր։ Խուլ ևս երկու մարդ էր աշխատում նրա հետ։ Խոստացված օրը աշխատավարձ չստացան։ Գործատուն ասաց՝ սպասեք։ Սպասեցին։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ պատրաստ են սպասել, որովհետև գիտեն՝ Հայաստանում իրենք մեծ դժվարությամբ են գործ գտնում: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 2024 թ․ հունվարի մեկի դրությամբ բնակվող հաշմանդամություն ունեցող 184 հազար մարդկանցից աշխատում է միայն 8 տոկոսը։ Պաշտոնական տվյալներ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մասին ուղղակի չկան։

Արմենն ու ընկերները աշխատավարձի համար սպասեցին երկար, հետո միայն հասկացան՝ որևէ մեկը չի պատրաստվում վճարել իրենց։ Միայն ամիսներ անց իմացան, որ իրենք ենթարկվել են աշխատանքային շահագործման։ Դեպքը բացահայտեցին ոստիկանները՝ ահազանգի հետքերով։

Արմենն ու խուլ մյուս անձինք նույնացվեցին որպես աշխատանքային թրաֆիքինգի զոհ։ Նրանց պատմությունը ընդգրկվեց անցյալ տարվա վիճակագրության մեջ՝ որպես հատուկ կատեգորիայի անձանց աշխատանքային շահագործում, իսկ իրենք տեղավորվեցին թրաֆիքինգի ենթարկված անձանց համար նախատեսված կացարանում։

Արմենն այնտեղ է արդեն շուրջ 1 տարի։ Կացարանում կարելի է բնակվել 12 ամսից ոչ ավելի։ Նա մեկ անգամ դուրս է եկել ապաստարանից, սակայն վերադարձել է, որովհետև գնալու տեղ չունի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձել է լուծել նաև նրա զբաղվածության և մասնագիտություն ձեռք բերելու հարցը։

Նա տևական ժամանակ սովորել է ավտոմեխանիկի մասնագիտությունը, սակայն ընթացքում նրա մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, որոնք դժվարացրել են աշխատանք գտնելու և անկախ կյանքի վերադառնալու ճանապարհը։ Այսօր ապաստարանում փորձում են լուծել նաև Արմենի առողջության հետ կապված խնդիրները։

«Ցավոք սրտի, տարեցտարի ավելանում են դեպքերը, երբ կացարանում հայտնվում են մարդիկ, որոնք գտնվում են սոցիալապես չափազանց խոցելի վիճակում կամ հատուկ կարիքներ ունեն։ Նման դեպքերում կրկնազոհության ռիսկը չափազանց մեծ է։ Թե՛ անցյալ տարի, թե՛ այս տարի մենք ունեինք աշխատանքային շահագործման ենթարկված հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք, որոնց դեպքում մեր աշխատանքն ավելի է բարդանում, քանի որ անձանց վերասոցիալականացման, կարողությունների հզորացման, համապատասխան մասնագիտացված կառույցներ ուղղորդելու կարիք է լինում»,– ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը։

Ըստ նրա՝ աշխատանքային շահագործումը շարունակում է Հայաստանում մնալ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հիմնական ձևը։ Փորձագետներն ասում են՝ սա ևս մեկ անգամ փաստում է երկրում առկա սոցիալական ծանր պայմանների մասին։ Աշխատանքային շահագործումը հիմնականում տարածված է մարզերում, և այս տարի դեպքերի մեծ մասը գրանցվել է Կոտայքի մարզում։ 

Բոստանչյանն ասում է՝ հատկապես սուր է խնդիրը անասնապահական ֆերմաներում աշխատողների դեպքում։ Որպես կանոն՝ Հայաստանում մարդկանց աշխատանքային թրաֆիքինգի դեպքերը գրանցվում են փոքր, մարզային անասնաֆերմաներում, որտեղ աշխատողները հաճախ նույնիսկ չեն վճարվում, այլ աշխատում են գիշերակացի տեղի կամ սննդի դիմաց:

«Վերջին 2-3 տարիներին մենք ականատես ենք լինում նման դեպքերի ավելացման, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք դեպքերի բացահայտելիության հետ, ոչ թե գրանցվող դեպքերի շատացման։ Հաճախ շահագործողներն իրենք չեն գիտակցում, որ քրեորեն պատժելի, մարդու դեմ ուղղված ծանր հանցանք են գործում։ Ավելին, երբեմն համարում են, որ լավություն են անում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն՝ գիշերակաց կամ սնունդ տրամադրելով»,– ասում է պաշտոնյան։

Մյուս կողմից, ըստ Բոստանչյանի, եղել են նաև դեպքեր, երբ շահագործման ենթարկված անձինք մի քանի անգամ փորձել են փախչել, բայց անասնաֆերմայի տերը գտել և ստիպողաբար վերադարձրել է նրանց։

Բոստանչյանն ասում է՝ այս տարի շատացել են նաև դեպքերը, երբ անասնաֆերմաներում բնակվող անձինք իրենք են դիմել Ոստիկանություն՝ հայտնելով իրենց նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։ Ըստ պաշտոնյայի՝ սա վկայում է մարդկանց շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման մասին։ Նման դեպքերի բացահայտելիությունը բարդանում է նաև այն պատճառով, որ անասնաֆերմաները հիմնականում մասնավոր են, իսկ աշխատանքային տեսուչները այդ տարածքներ մուտք գործելու լիազորություն և հնարավորություն չունեն։

Նրանք, որ չեն պատմի ոչինչ

2024 թ․ փետրվարին Հայաստանը ցնցեց երեխաների վաճառքի հերթական դեպքը։ Այս մեկն առանձնանում էր նրանով, որ դրանում ներգրավված էին երեխաների ծնողները, իսկ վաճառքի նպատակը երեխաների սեռական շահագործումն էր։

Փետրվարի 8-ին հաղորդում էր ներկայացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի բնակիչն իր երեք երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն է իրականացրել ու դեռ ավելին՝ գումարի դիմաց երեխաներին տվել է իր ծանոթներից մեկին, որն էլ կրկին սեռական բնույթի գործողություն է կատարել: 

Այս ընտանիքի երեք երեխաները՝ 5-ամյա տղան և 1.7 տարեկան զույգ երեխաները, ըստ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի, սեռական շահագործման են ենթարկվել։ 

Քննչական կոմիտեն հրաժարվում է դեպքի վերաբերյալ մանրամասներ ներկայացնել, միայն նշում են, որ երկու տղամարդկանց նկատմամբ կա հարուցված քրեական գործ, սակայն դատավճիռ դեռ չկա։

Երեխաների իրավունքների պաշտպանության և մարդկանց թրաֆիքինգի գծով միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանն ասում է՝ երեխաների նկատմամբ սեռական շահագործման և, ընդհանրապես, սեռական բռնության դեպքերը տարեցտարի շատանում են:

«Դրան նպաստում է ոչ միայն անպատժելիության մթնոլորտի զգացողությունը, այլև այն գործոնը, որ մարդիկ առաջնորդվում են բնազդներով և ոչ թե բանականությամբ։ Տարեցտարի ավելի փոքր տարիքի երեխաներ են հայտնվում նման հանցագործների թիրախում։ Երեխաներն առավել անպաշտպան են, քանի որ չեն կարողանում ինքնուրույն օգնության դիմել, բարձրաձայնել իրենց հետ կատարվողի մասին կամ պաշտպանել իրենց իրավունքները։ Հենց այդ պատճառով շատ կարևոր է, որ երեխաների ծնողները ծայրաստիճան զգոն լինեն և վերահսկեն երեխայի տեղաշարժը, ուշադիր լինեն երեխայի մարմնին առկա կապտուկների, այտուցների կամ այլ նշանների նկատմամբ, որոնք կարող են վկայել նրա նկատմամբ որևէ բռնի գործողության մասին»,– ասում է փորձագետը։

Ըստ նրա՝ վերջին տարիներին նման դեպքեր հաճախ գրանցվում են նաև առցանց տիրույթում, ուստի կարևոր է, որ ծնողները վերահսկեն սոցիալական հարթակներում իրենց երեխաների շփումները։

«2022 թ.-ից Հայաստանում քրեականացվել է գրումինգ կոչվող երևույթը։ Քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածով քրեական պատիժ է սահմանվում երեխայի հետ հանդիպման առաջարկի, պոռնկագրական բնույթի նյութի նկարահանման, փոխանցման պահանջի կամ առաջարկի համար, որը կարող է բերել շահագործման։ Նման դեպքերում ծնողների կողմից համապատասխան բողոք ներկայացնելիս քրեական վարույթ կնախաձեռնվի»,– ասում է Թումասյանը։

Ըստ նրա՝ անհրաժեշտ են նաև դպրոցներում կրթական ծրագրերի փոփոխություն և վերանայում, որի արդյունքում երեխաները կսովորեն ոչ ասել, կհասկանան իրենց մարմնի սահմանները, կկարողանան տարբերակել իրենց նկատմամբ անցանկալի վերաբերմունքն և բարձրաձայնել իրենց կյանքին, առողջությանը կամ ֆիզիկական անձեռնմխելիությանը սպառնացող վտանգի մասին։

Օտարերկրյա քաղաքացիների թրաֆիքինգի մասին լուրերը չեն հաստատվել

«Այս տարի Հնդկաստանի քաղաքացիների հնարավոր թրաֆիքինգի մասին 11 ահազանգ է եղել։ Այս անձինք դիմել էին նախարարություն՝ աջակցություն ստանալու համար։ Նրանք ստացել են հավանական զոհերի համար օրենքով նախատեսված աջակցությունը․ մեկ ամիս գտնվել են մեր ապաստարանում, նրանցից 2-ը նաև պետպատվերի շրջանակներում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, բայց ՀՀ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից չեն նույնացվել որպես զոհ, քանի որ այս բոլոր դեպքերում գործ ունեինք ավելի շատ աշխատանքային իրավահարաբերությունների խախտման, ոչ թե թրաֆիքինգի հետ»,– ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը։

Հանձնաժողովը պարզել է, որ Հնդկաստանի քաղաքացիներն իրենց կամքով են հանձնել անձնագրերը, որպեսզի իրենց համար կացության և աշխատանքային իրավունքի իրացման թույլտվություն ստանան։ Պայմանավորված ժամանակահատվածում անհրաժեշտ փաստաթղթերը չստանալով՝ նրանք դիմել են Ոստիկանություն։ Այս դեպքերում հարկադրության հանգամանքը բացակայել է:

«Իհարկե, այս դեպքերում ևս օրինազանցներն օգտվել են այս անձանց խոցելիությունից, կորզել են գումար՝ իրավունքի հետ կապված գործեր կարգավորելու համար, սակայն նրանց տեղաշարժը սահմանափակված չի եղել, նրանք կարողացել են դուրս գալ, ստիպված չեն եղել աշխատել՝ իրենց կամքին հակառակ։ Քննչական գործողությունների արդյունքում ևս աշխատանքային շահագործում կամ թրաֆիքինգ որակավորում չունենք այս դեպքերում»,– ասում է Բոստանչյանը։

Եվ չնայած այս հանգամանքին, պաշտոնյան ահազանգում է՝ վիճակագրությունը փաստում է՝ շատ են այն անձինք, ովքեր Հնդկաստանից Հայաստան են գալիս ոչ օրինական ճանապարհով, և հենց այստեղ է, որ մեծ է աշխատանքային շահագործման ենթարկվելու կամ խախտված աշխատանքային իրավահարաբերությունների ռիսկը։

Թրաֆիքինգ կա, պատժվողներ՝ ոչ

ԱՄՆ պետքարտուղարությունն իր ամենամյա զեկույցում նշել է, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն նշանակալի աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ: Նախորդ հաշվետու շրջանի համեմատ կառավարությունն ընդհանուր առմամբ մեծացրել է իր ջանքերը, և դասակարգման սանդղակում Հայաստանը պահպանել է իր դիրքը երկրորդ խմբում։

Հիմնական խնդիրը, որ տեսնում է պետքարտուղարությունը, վերաբերում է թրաֆիքինգ երևույթին իրավապահ համակարգի արձագանքին և համաչափ պատժի բացակայությանը:

«Կառավարությունն ամբողջությամբ չի բավարարել թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին մի շարք առանցքային ուղղություններում։ Արձագանքման առաջին օղակում գտնվողները բնակչության խոցելի խմբերի շրջանում թրաֆիքինգի ցուցիչների մասով հետևողական քննազննում չեն ապահովել։ Դատախազները կարճել կամ վերաորակավորել են գործերը՝ ապացույցների բացակայության հիմքով կամ առավելապես հիմնվելով տուժողների տված ցուցմունքի վրա ու առանց ապացույցներ վերհանելու»,– ասվում է զեկույցում։

Այս տարի պատկան մարմինները հետաքննել են թրաֆիքինգի 27 գործ, որից 4-ը սեռական թրաֆիքինգի գործեր են եղել, իսկ մնացած 23-ը առնչվել են հարկադիր աշխատանքին։ Շարունակվել է քննությունը նախորդ տարիներին հարուցված սեռական թրաֆիքինգի և աշխատանքային թրաֆիքինգի 3-ական գործերով։ Քրեական հետապնդում է իրականացվել 8 մեղադրյալի նկատմամբ, որից 5-ը մեղադրվել են սեռական թրաֆիքինգի, իսկ 3-ը՝ աշխատանքային թրաֆիքինգի համար։ Պատկան մարմինները շարունակել են սեռական թրաֆիքինգի և աշխատանքային թրաֆիքինգի 2-ական մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը նախորդ տարիներից։ Միևնույն ժամանակ դատարանի կողմից դատապարտվել է միայն 2 մարդ՝ աշխատանքային թրաֆիքինգի իրականացման համար։ Դատավորները թրաֆիքինգում մեղավոր ճանաչվածներից մեկին դատապարտել են 10 տարվա ազատազրկման, մյուսին՝ 5 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարվա փորձաշրջանով, որը, ըստ պետքարտուղարության զեկույցի, հանցանքի բնույթը հաշվի առնելով, համարժեք պատիժ չէ:

«Կառավարության կողմից չեն եղել հաղորդումներ մարդկանց թրաֆիքինգի հանցակից պետական պաշտոնյաների նկատմամբ քննությունների, քրեական հետապնդումների կամ դատապարտումների վերաբերյալ, մինչդեռ 2022 թ․ երկու պետական պաշտոնյա դատապարտվել էր մարդկանց թրաֆիքինգին հանցակցելու համար»,– նշվում է զեկույցում։

Բացի այդ, ըստ փորձագետների, շատ դեպքերում քննության ընթացքում չի ապահովվել զգայուն և զոհակենտրոն մոտեցում։ Դիտորդների հաղորդումների համաձայն՝ զոհերը վարանել են մասնակցել քրեական վարույթներին, քանի որ չի ապահովվել ցուցմունք տվող անձի գաղտնիությունը, ինչը թրաֆիքինգ իրականացնողների կողմից հաշվեհարդարի վտանգ է ստեղծում, ու նաև արատավորում է ցուցմունք տվողի բարի համբավն ընտանիքի ու շրջապատի աչքերում: Դատարանում զոհերը, այդ թվում՝ երեխաները կանգնել են թրաֆիքինգ իրականացնողների առաջ, ինչը կարող է ստիպել վերստին վերապրել ողջ տրավման: 

«Կառավարությունը չունի վկաների և զոհերի աջակցության պաշտոնական ծրագիր: Քրեական դատավարության օրենսգրքով և 2016 թ. ընդունված Կառավարության որոշմամբ նախատեսվում է որոշ աջակցություն վկաների և տուժողների համար, սակայն այս մեխանիզմներից ոչ մեկը 2023 թ. չի կիրառվել: Քրեական գործերի շրջանակում դատախազները փոխհատուցման պահանջ չեն ներառել և զոհերին առաջարկել են փոխհատուցման առանձին քաղաքացիական հայց ներկայացնել․ փոխհատուցման քաղաքացիական հայց ներկայացվել է միայն մեկ զոհի կողմից»,– ասվում է զեկույցում։

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am

Share

About the author

AAVR administrator