MediaMax.am: Deutsche Welle-ի կայքում հրապարակված “Indian workers in Armenia claim abuse from job agencies” հոդվածի հայերեն թարգմանությունը

ByAAVR

MediaMax.am: Deutsche Welle-ի կայքում հրապարակված “Indian workers in Armenia claim abuse from job agencies” հոդվածի հայերեն թարգմանությունը

Հնդկաստանում աշխատանքի տեղավորման գործակալությունները Հայաստանում լավ վարձատրվող աշխատատեղեր են խոստանում: Բայց ժամանելուց հետո աշխատողներն ասում են, որ պայմանները սպասվածից շատ ավելի վատն են: Երբ 2023 թվականի սկզբին Իշան Կումարը Հարավային Հնդկաստանից եկավ Հայաստան, նա ավելի բարեկեցիկ կյանք էր ակնկալում:

Կումարը, որը «Դոյչե Վելե»-ի հետ զրուցելիս կեղծանունով է հանդես եկել, ասում է, որ արտասահմանում ապրող ընկերն է իրեն առաջարկել տեղափոխվելու գաղափարը:

«Նա ասաց, որ ես այնտեղ շատ փող կաշխատեմ՝ ամսական մոտ 1 000 դոլար: Ասաց, որ այն եվրոպական երկիր է»:

Կումարի ընկերը Հայաստանում գործակալի միջոցով կազմակերպեց ճամփորդությունը եւ վճարեց ավելի քան 650 000 դրամ էլեկտրոնային վիզայի, թռիչքի եւ առաքման ընկերությունում աշխատանք ապահովելու համար:
Այլ պայմանավորվածություն, բացի «WhatsApp»-ով խոսակցությունից, չէր եղել, բայց Կումարը որոշեց գնալ:

Հաջորդ վեց ամիսներին Կումարի նոր տունը «Չերի» հյուրանոցն էր, որը Երեւանի կենտրոնից երեսուն րոպե հեռու է: Հյուրանոցը կացարան է տրամադրում Երեւանում ապրում հնդիկ աշխատողների համար, որոնք քնում են նեղ սենյակներում, պատմեց Կումարը:

Շուտով Կումարը սկսեց աշխատել առաքման ծառայությունում: Բայց աշխատանքի պայմաններն այն չէին, ինչ նա սպասում էր: «Ասել էին, որ ամենալարված ժամերին մի պատվերի համար կստանանք 1900 դրամ, մյուս ժամերին՝ 1400 դրամ, բայց երբ եկա այստեղ, հասկացա, որ այդ ամենը խաբեություն է. մեզ ընդամենը 1300 եւ 900 դրամ են տալիս»:

Բայց Կումարն ասաց, որ առավոտից մինչեւ կեսգիշեր քրտնաջան աշխատում էր: Վերջում նրա առաջին աշխատավարձը մոտ էր իր սպասածին՝ 940 դոլարին համարժեք դրամ:

Այնուամենայնիվ, Կումարը պնդում է, որ կարողացավ խնայել այդ գումարի միայն փոքր մասը: Նա ստիպված էր վճարել տասը հոգու հետ նեղլիկ սենյակում ապրելու եւ սննդի համար: Պետք է վճարեր նաեւ առաքման ծառայության համար օգտագործվող էլեկտրական մոտոռոլերը վարձելու համար։ Կումարն ասաց, որ մինչ Հայաստան մեկնելը իրեն տեղյակ չէին պահել այս ծախսերի մասին։ «Այդ ամենը վճարելուց հետո ինձ մնաց ընդամենը 50 000 դրամ (120 դոլար) տուն ուղարկելու համար»։

Ի՞նչն է հնդիկ աշխատողներին բերում Հայաստան

Հնդիկները Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների թվով երկրորդ մեծ խումբն են ռուսներից հետո: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ ներկայում երկրում ապրում է 20-30 հազար հնդիկ:

Նրանցից մոտ 2600-ը ուսանողներ են. հնդիկները բարձրագույն կրթություն ստանալու համար Հայաստան են գալիս դեռ խորհրդային տարիներից:

2017 թվականին Հայաստանի կառավարությունը որոշեց փոխել օրենքը եւ Հնդկաստանի քաղաքացիների համար հեշտացնել մուտքի արտոնագիր ստանալը: Այդ ժամանակից ի վեր նրանց թիվն աճել է: Անցյալ տարի 3200 հնդիկ է ստացել աշխատանքային վիզա՝ նախորդ տարվա 530-ի եւ 2021-ի 55-ի դիմաց։

Այնուամենայնիվ, շատ աշխատողներ «Դոյչե Վելե»-ին ասացին, որ Կումարի պես՝ իրենց էլ էին բարձր աշխատավարձ խոստացել եւ համոզել, որ մեծ գումարներ վճարեն գործակալներին՝ Հայաստան տեղափոխվելու համար:

Ոմանք ասացին, որ նույնիսկ ավելի մեծ գումար են ծախսել, քան Կումարը՝ մինչեւ $ 3,500: Մյուսները պատմում են, որ ժամանելուց հետո իրենց աշխատանքով չեն ապահովել կամ չեն ստացել այն աշխատավարձը, որին համաձայնել էին: Միեւնույն ժամանակ նրանք ստիպված են եղել բարձր գին վճարել մարդաշատ սենյակներում երկհարկանի մահճակալներին քնելու համար:

Աշխատողների մեծ մասը ժամանել է Հնդկաստանի հարավային Կերալա շրջանից: Կերալայից մարդիկ սկսել են զանգվածաբար արտագաղթել 1970-ականներին, ասում է Կերալայի Միգրացիայի եւ զարգացման միջազգային ինստիտուտի ղեկավար Ս. Իրուդայա Ռաջանը:

«Այն ժամանակ հիմնական գործոնները աղքատությունն ու գործազրկությունն էին»,- ասաց նա։ Այսօր հիմնականում միջին խավի «նպատակասլաց միգրանտներն» են, որոնք ձգտում են այլ վայրերում ավելի բարձր կենսամակարդակի:

Ռաջանն ասաց, որ Կերալայում բազում աշխատանքի գործակալություններ կան: «Միգրացիան հույս է: Աշխատանքի գործակալությունները մարդկանց երազանքներ են վաճառում», – ասաց նա՝ հավելելով, որ ոլորտում խարդախությունները շատ են, եւ միգրանտները բազմաթիվ ընդունող երկրներում բռնության են ենթարկվում եւ վատ կենսապայմաններում ապրում:

«Ես գիտեմ հարյուրավոր դեպքեր, երբ մարդկանց խաբել են»,- ասաց նա:  -«Գաղթից հետո նրանց կյանքը հաճախ շատ ավելի վատն է, քան նախկինում»:

Վատից վատ

Կումարի փորձառությունը շուտով է՛լ ավելի վատացավ, երբ մոտոռոլերով վթարի ենթարկվեց Երեւանի մերկասառույցով պատված փողոցներում: Վթարից հետո նա ուզում էր փոխել աշխատանքը, սակայն մի քանի ամիս գործազուրկ մնաց: Նա չէր կարող իրեն թույլ տալ մուծել «Չերի» հյուրանոցի վարձավճարը, ուստի ստիպված էր իր գործակալներից պարտք վերցնել:

Հետագայում Կումարի համար մի քանի աշխատանքներ կազմակերպեցին, բայց բոլորն էլ կարճաժամկետ էին: Նրա գործակալները նրանից միջնորդավճար գանձեցին եւ պահեցին նրա աշխատավարձը՝ սենյակի եւ սնվելու համար:

Նա ուզում էր հեռանալ «Չերի» հյուրանոցից, բայց օտար երկրում չգիտեր՝ ուր գնալ: «Այդ պատճառով էլ բոլորս մնում ենք այնտեղ»,- ասաց նա:

Նրա ընկերներից ոմանք, ի վերջո, ինքնուրույն աշխատանք գտան, եւ Կումարը ցանկացավ միանալ նրանց:

Բայց մեկ այլ խնդիր առաջացավ. Կումարն ասաց, որ իր անձնագիրը մնացել էր գործակալների մոտ: Նա պնդում է, որ ստիպված էր ստել, որպեսզի այն հետ ստանա:

«Ասացի, որ ուզում եմ գնալ Հնդկաստան, ուզում եմ տոմս գնել, անձնագիրս տվե՛ք»։ Կումարն ասում է, որ հակառակ դեպքում գործակալները գուցե չվերադարձնեին անձնագիրը:

Մի քանի այլ հնդիկ տղամարդիկ, որոնք մնացել էին «Չերի» -ում, «Դոյչե Վելե»-ին ասացին, որ իրենց անձնագրերը վերցրել էին:

Աշխատողներից մեկն ասաց, որ բողոքել էր Երեւանում Հնդկաստանի դեսպանատանը։ «Դոյչե Վելե»-ն կապվեց դեսպանատան հետ: Հյուպատոս Ադիտյա Պանդեյը պատրաստ էր նախնական զրույցի, բայց դեսպանատունը չպատասխանեց «Դոյչե Վելե»-ի խնդրանքին՝ հայտարարություն անել մեղադրանքների վերաբերյալ:

Կումարի գործակալ Ռայհան Սայնելաբուդինը ժամանակին Կերալայից «նպատակասլաց միգրանտ» էր, որը Հայաստան էր եկել բժշկություն սովորելու: Սայնելաբուդինի ներկայիս գործընկերն է Աննա Փեթակչյանը, եւ «Find Your Progress LLC» անունով ընկերությունը գրանցված է Փեթակչյանի անունով՝ «Չերի» հյուրանոցի հասցեով:

Ընկերությունը լրացուցիչ գրասենյակ ունի Կերալայի Կոլամ քաղաքում: Ընկերության գովազդը պնդում է, որ նրանք տրամադրում են «հրաշալի աշխատավարձ եւ արտոնություններ» եւ շատ գրավիչ «փոխհատուցման փաթեթ», որը «պարգեւատրում է աշխատակիցներին քրտնաջան աշխատանքի եւ նվիրվածության համար»:

Այդուհանդերձ, հնդիկ աշխատողները, որոնք օգտվել էին ընկերության ծառայությունից, ասացին, որ իրենց շահագործել եւ բռնության են ենթարկել:

Աշխատանքի եւ միգրացիայի հարցերով երեւանաբնակ փաստաբան Արա Ղազարյանը «Դոյչե Վելե»-ի հետ զրույցում ասաց, որ աշխատուժի հավաքագրման շարժառիթը շատ կարեւոր է աշխատանքի գործակալների չարաշահումները պարզելու համար:

«Եթե նպատակը ոչ թե նորմալ ու անվտանգ զբաղվածության միջավայր ապահովելն է, այլ շահագործելը, դա արդեն իսկ հանցագործություն է», – ասաց նա:

Աշխատանքի ընդունել միգրանտին, որը չունի ներգաղթի կարգավիճակ կամ աշխատանքի թույլտվություն, հանցագործություն է: Նույնը վերաբերում է աշխատանքային իրավունքների ոտնահարմանը, հավելեց նա:

Աշխատանքային միգրանտներին, նշում է Ղազարյանը, չի կարելի կանխիկ վճարել, նրանք պետք է ունենան գործող աշխատանքային պայմանագիր եւ աշխատանքի վայր, նորմալ աշխատանքային ժամեր, ամենամյա արձակուրդ, հիվանդության արձակուրդ, հանգստյան օրեր։ «Եվ իհարկե՝ ոչ մի վատ վերաբերմունք կամ սպառնալիք»,- ասաց նա։

Անձնագրերի առգրավումը թրաֆիքինգի եւ շահագործման սկզբնական հատկանիշներից է, հավելեց Ղազարյանը։

«Անձնագիրը պահելով՝ նրանք վերահսկում են միգրանտի տեղաշարժն ու կյանքը», – ասաց նա։ Ընդհանրապես, միայն պետական մարմինները կարող են առգրավել մարդու անձնագիրը: «Անձնագիրը սեփականություն է, ոչ ոք իրավունք չունի այն պահել»:

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Դոյչե Վելե»-ին հայտնեցին, որ քննել են հնդիկ աշխատանքային միգրանտներին առնչվող 14 դեպք՝ որպես 2023-ին թրաֆիքինգի հնարավոր զոհեր:

Մինչ օրս դրանցից ոչ մեկը չի ճանաչվել որպես թրաֆիքինգ, սակայն հայտնաբերվել են աշխատանքային հարաբերությունների խախտումներ եւ խարդախություն: Որոշ դեպքերում գործատուները վերցրել են անձնագրերը, բայց ոչ բռնի ուժով, նշել են նախարարությունից: Դրանք տրվել են գործատուին՝ աշխատանքի թույլտվության փաստաթղթեր ստանալու համար:

Բայց Արա Ղազարյանն ասում է, որ աշխատանքի թույլտվության գործընթացում անձնագրի բնօրինակն անհրաժեշտ չէ: Սովորական պատճենը բավական է:

«Եթե նրանք հակառակն են պնդում, դա սուտ է, նշանակում է՝ հանցագործություն է տեղի ունենում»,- ասաց նա։

Ի՞նչ են ասում աշխատանքի գործակալները

Փեթակչյանը եւ Սայնելաբուդինը «Դոյչե Վելե»-ին ասացին, որ բոլոր աշխատողները 1,500 դոլար կանխավճար են տալիս, որը ներառում է ավիատոմսերը, աշխատանքի տեղավորումը, առաջին ամսվա սննդն ու կացարանը:

Ըստ երեւույթին, Կումարի ժամանելուց հետո որոշ պայմաններ փոխվել են: Փեթակչյանը հաստատեց, որ այն ժամանակ սնունդն ու վարձը անվճար չեն եղել՝ հավելելով, որ այս մասին աշխատողներին տեղյակ են պահել մինչ ժամանելը:

Բացի այդ, բոլոր աշխատողները հիմա պայմանագրեր են կնքում, ասաց Փեթակչյանը։ Այնուամենայնիվ, պայմանագրերով լի թղթապանակում «Դոյչե Վելե»-ի թղթակիցը տեսավ փաստաթուղթ, որի վրա բացակայում էր աշխատավարձի չափը եւ գործակալի ստորագրությունը:

Փեթակչյանը պնդեց, որ գործակալությունը համագործակցում է Հայաստանի մի քանի խոշոր ընկերությունների հետ, այդ թվում՝ հյուրանոցների, ռեստորանների եւ գազալցակայանների: Նրանք չեն ցանկանում գրանցել Հնդկաստանի քաղաքացիներին, ասաց նա, այդ իսկ պատճառով «Find Your Progress» ընկերությունը աշխատողներին ընդունում է աշխատանքի եւ ծառայություններ մատուցում:

Ըստ Փեթակչյանի՝ դա է պատճառը, որ աշխատավարձերը ուղղակիորեն աշխատողներին չեն փոխանցվում: «Մենք նրանց վճարում ենք հենց այն աշխատավարձը, որը նրանք ստանում են»,- պնդեց նա:

Փեթակչյանն ասաց, որ 40 աշխատող ապրում է հյուրանոցի նկուղային փոքր սենյակներում։

«Ես չեմ ասում, որ պայմանները կատարյալ են, բայց դա նվազագույնն է, որն անհրաժեշտ է հնդիկ մարդկանց», – ասաց նա:

Զրույցի ընթացքում երեք տղամարդ ասացին, որ չեն ստացել իրենց աշխատավարձը եւ մեղադրեցին Սայնելաբուդինին եւ Փեթակչյանին իրենց անձնագրերը պահելու մեջ:

Սայնելաբուդինը առարկեց. «Ինչ-որ ապացույց ունե՞ք»:

Փեթակչյանը հաստատեց, որ կացության դիմում ներկայացնելու համար վերցնում են աշխատողի անձնագրերը: «Դրանից հետո վերադարձնում ենք»,- ասաց նա։

Դժվար է ասել, թե ով է ճիշտն ասում: Համենայնդեպս, պարզ էր, որ տղամարդկանցից մի քանիսն առանց անձնագրի էին:

Երբ «Դոյչե Վելե»-ն առաջին հանդիպումից մեկ ամիս անց խոսեց Կումարի հետ, նա գործազուրկ էր: Գործարանի մենեջերն ասաց, որ Կումարը ստիպված էր հեռանալ, քանի որ առողջական խնդիրներն ազդել են նրա աշխատելու վրա: Կումարն ասաց, որ ստիպված էր Հնդկաստանում իր ընտանիքից գումար խնդրել: Նա հույս ունի, որ շուտով կարող է սկսել աշխատել որպես տաքսու վարորդ:

Կումարն ուզում է վերադառնալ Հնդկաստան, բայց դա հնարավոր չէ. ինքնաթիռի տոմս գնելու համար փող է պետք: Եվ, որ ամենակարեւորն է, նա սկզբում ստիպված մեծ գումար էր վերցրել Հայաստան գալու համար, եւ պետք է այն վերադարձնի:

«Դրանից հետո կվերադառնամ Հնդկաստան»,- ասաց Կումարը։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Սկզբնաղբյուր՝ https://mediamax.am/am/specialprojects/arm_world/54066/?fbclid=IwAR3bXMLWcjkDcTjhZfpW-RJP9T-Yjpg3HGxvHSA8QqCaeTuRiNumYWXk7lw

Share

About the author

AAVR administrator