ԱԳՆ-ում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի երեք կոնվենցիաներին նվիրված փորձագիտական խորհրդաժողով

ByAAVR

ԱԳՆ-ում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի երեք կոնվենցիաներին նվիրված փորձագիտական խորհրդաժողով

Մարտի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ փորձագիտական խորհրդաժողով՝ «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգ) դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 10-ամյակը և Սեռական շահագործումից և սեռական չարաշահումից երեխաներին պաշտպանելու մասին և Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիաների վավերացման գործընթացը Հայաստանի կողմից» խորագրով:

Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կազմակերպված համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը և Լանցարոտեի կոմիտեի նախագահ Ջորջ Նիկոլաիդիսը:

Իր խոսքում Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց մարդկանց թրաֆիքինգի և երեխաների նկատմամբ սեռական բռնության բոլոր ձևերի դեմ պայքարն ակտիվորեն շարունակելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը: Եվրոպայի խորհրդի 70-ամյա հոբելյանի համատեքստում նախարարի տեղակալը հատուկ շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները մեծ կարևորություն են տալիս ԵԽ կանոնադրական մարմիններում և մոնիտորինգային և խորհրդատվական կոմիտեներում ձևավորված համագործակցությանը:

Համաժողովի առաջին մասում խոսվեց Հայաստանում Մարդկանց շահագործման դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի իրականացման 10-ամյակի արդյունքում արձանագրված հաջողությունների և ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին: Համաժողովի այդ հատվածում ելույթով հանդես եկավ նաև միջազգային կազմակերպությունների վարչության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ Կարինե Սուջայանը: Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր մարդու օրգանների թրաֆիքինգի և երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահումների միջև կապի քննարկմանը: Այդ համատեքստում կարևորվեց Եվրոպայի խորհրդի Սեռական շահագործման և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին (Լանցարոտեի) և Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին (Սանտյագո դե Կոմպոստելայի) կոնվենցիաների վավերացումը:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով քարտուղարության անդամ Եվգենիա Յակումոպուլուն և Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին կոնվենցիայի հարցով ներկայացուցիչ, Իսպանիայի Pablo de Olavide համալսարանի միջազգային հանրային իրավունքի պրոֆեսոր Գլորիա Ֆերնանդես Արրիբասը։

Share

About the author

AAVR administrator