Մարդկանց թրաֆիքինգի լուսաբանման ամենամյա՝ 2024թ.-ի լրագրողական մրցանակաբաշխությունն ամփոփեց արդյունքները

ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի լուսաբանման ամենամյա՝ 2024թ.-ի լրագրողական մրցանակաբաշխությունն ամփոփեց արդյունքները

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության հանձնաժողովը ամփոփեց 2024թ-ի արդյունքները։ Տարեսկզբին երկու անվանակարգով՝ հեռուստատեսություն և ռադիո, տպագիր մամուլ,  հայտարարված մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել՝ 16 լրագրող։

Հանձնաժողովը, որն ամեն տարի ձևավորվում է թրաֆիքինգի դեմ պայքարի պետական,  հասարակական կազմակերպությունների և մեդիա համայնքի ներկայացուցիչներից, այս տարի մրցույթի հաղթողներ ճանաչեց՝

«Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգում՝

  • 3-րդ կարգի մրցանակ – Սոնա Մարտիրոսյանին՝ «Խոցելի մարդիկ, անտեսված խնդիրներ. թրաֆիքինգը Հայաստանում նոր պատկերով» հոդվածի համար, MediaLAB։
  • 2-րդ կարգի մրցանակ – Գայանե Գաբոյանին՝ «Մարդկանց շահագործելը եկամտի աղբյուր, լռությունը՝ չարիք  դարձած թրաֆիքինգի տարածման հիմնական գործոն» հոդվածի համար, Արմենպրես։։
  • 2-րդ կարգի մրցանակ – Քնարիկ Մամիկոնյանին՝ «Փախուստ թրաֆիքինգի ցանցից. Արտակի անհավատալի պատմությունը և պայքարը մարդկային արժանապատվության համար» հոդվածի համար, Slaq.am։ 
  • 1-ին կարգի մրցանակ – Թագուհի Մելքոնյանին՝ «Հայաստանում 1,5 տարում շուրջ 3 տասնյակ Հնդկաստանի քաղաքացիներ են տուժել»՝ հոդվածի համար, news.am։

Հեռուստա/ռադիո արտադրանք»   անվանակարգում՝

  • 3-րդ կարգի մրցանակ – Տաթև Աբրահամյանին՝ «Ամենաթողության ջենթլմենները»՝ նյութի համար, Արմենիա TV, «Սուր անկյուն»։
  • 2-րդ կարգի մրցանակ – Նարինե Սոլոմոնյանին՝ «Ձեր Փաստաբանը» ռադիո շարքի համար, ՀՀ հանրային ռադիո:
  • Այս անվանակարգում առաջին մրցանակ չշնորհվեց։

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը հանդես եկան ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդության  հարցերի բաժնի ղեկավար՝ Զառա Ասլանյանը, ով մասնավորապես նշեց, որ այս տարվի ներկայացված նյութերը ոչ միայն ավելի շատ էին, այլև մասնագիտական առումով ավելի գնահատելի։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ղեկավար՝ Սոֆի Բոստանչյանը, ով իր հերթին հատկանշեց, որ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի մի մասն ուղղված է Հայաստանում մեդիա դաշտի ներկայացուցիչների մասնագիտական մակարդակի բարձրացմանը, հիշատակելով՝ Լրագրողների համար կազմակերպված դասընթացը՝ Ինչպես լուսաբանել թրաֆիքինգը թեմայով։ Ս.Բոստանչյանը կանգ առավ նաև այն հիմնական թերությունների վրա, որ դեռևս կան լրագրողական նյութերում։

Ելույթներ ունեցան նաև հանձնաժողովի անդամները, ովքեր մատնանշեցին ոչ միայն գրանցած հաջողությունները, այլև հավաքված լրագրողների ուշադրությունը հրավիրեցին թրաֆիքինգի լուսաբանման իրավական և լրագրողական էթիկայի կանոնների պահպանման անհրաժեշտությանը, քանի որ սխալների հետևանքով կարող են ճակատագրեր խեղվել։

Շնորհավորանքներից բացի հաղթած լրագրողները ստացան դրամական պարգևներ և խորհրդանշական կոմպոզիցիաներ։

Հաջորդիվ կայքում կներկայացվեն մրցանակաբաշխությանը ներկայացված բոլոր նյութերը՝ առանձին։

Share

About the author

AAVR administrator