Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն՝ 2024-ին ներկայացված Տպագիր և էլեկտրոնային նյութեր – News.am, Թագուհի Մելքոնյան – «Հայաստանում 1,5 տարում շուրջ 3 տասնյակ Հնդկաստանի քաղաքացիներ են տուժել թրաֆիքինգից. ուշագրավ փաստեր»
https://news.am/arm/news/850138.html
Հոդվածն ամբողջությամբ՝
Հնդկաստանի 36-ամյա քաղաքացի Ամիր Բաչչան պնդում է, որ աշխատանքային շահագործման է ենթարկվել Տավուշի մարզում գործող կարի արտադրամասերից մեկում: Ամիրի խոսքով՝ ինքը և իր 7 համերկրացիներն առանց վարձատրության ավելի քան 2 ամիս հարկադիր աշխատանք են կատարել արտադրամասում՝ տևական ժամանակ զրկված լինելով ազատ տեղաշարժի իրավունքից:
NEWS.am-ը, հաշվի առնելով թրաֆիքինգի հավանական զոհերի նույնացման վերաբերյալ հրապարակումների օրենսդրական սահմանափակումները, պահպանելով անանունության և գաղտնիության էթիկական նորմերը, նյութում տուժողների անձնական տվյալները ներկայացնում է փոփոխված:
Ամիրը երեք անչափահաս երեխաների հայր է, նախքան Հայաստան ժամանելն ապրել է Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում, որտեղ մշտական աշխատանք չի ունեցել: Ընտանիքի կարիքները հոգալու նպատակով Ամիրը նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում բնակվող իր ազգականի առաջարկով եկել է Հայաստան: Սկզբում երկու այլ համերկրացիների հետ վարձով է բնակվել Երևանյան լճի հարակից թաղամասերից մեկում և որպես բանվոր աշխատել բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող շինարարական կազմակերպությունում:
«Մալաթիայում էր գտնվում նորակառույց շենքը, հիմնականում շինանյութ ու շինաղբ էինք տեղափոխում, օրական 7000 դրամ էի աշխատում, սկզբի համար վատ չէր, բայց մոտ 6 ամիս անց կառուցապատողը ֆինանսական խնդիրների պատճառով շինարարական աշխատանքներն անժամկետ դադարեցրեց»,-NEWS.am-ին պատմեց հնդիկ երիտասարդը:
Այդ ընթացքում Ամիրն իր հայ ծանոթներից մեկից տեղեկացել է, որ Տավուշում գործող կարի արտադրամասին բանվորներ են անհրաժեշտ և որ գործատուն պատրաստ է անգամ անվճար կացարան տրամադրել:
«Սկզբում փորձեցի Երևանում այլ աշխատանք փնտրել, սակայն ինչ շինարարական ընկերության դիմում էի, ասում էին, իբր վերահսկողությունը խստացրել են և որ առանց աշխատանքի կացության քարտի և գրանցման ինձ չեն կարող վերցնել աշխատանքի:
Մալաթիայում մեզ հետ աշխատող շինարարներից Հայկ անունով մի տղա ինձ գործ առաջարկեց քաղաքից շատ հեռու: Քանի որ տանտերը վարձավճարն ուշացնելու համար մեկ օր ժամանակ էր տվել տունն ազատելու համար, այլ տարբերակ չէր մնում, քան համաձայնելը: Գնացի Տավուշի մարզի կարի արտադրամաս, որտեղ իմ նման էլի միգրանտներ կային Հնդկաստանից: Արտադրամասի սեփականատերը մեզ համար տուն էր ճարել, որտեղ 8 հոգով բնակվում էինք:
Ճիշտ է, կենցաղային նորմալ պայմաններ չկային, բայց հարմարավել էինք: Փաթեթներ էինք տեղափոխում, ապրանքը բեռնատարից դատարկում: Սկզբում ամեն բան կարգին էր, աշխատակիցները շատ ջերմ էին, օրական 3000 դրամ էին վճարում, ասում էին, եթե լավ աշխատեք՝ օրավարձը կբարձրացնենք: Հետո սկսեցին չվճարել՝ պատճառաբանելով որ խոշոր պատվիրատուն ժամկետից շուտ պայմանագիրը խզել է և նոր պատվեր չունեն»,-պատմեց միգրանտը:
Ամիրը նշեց, որ առանց վճարվելու երկու ամիս շարունակել են աշխատել արտադրամասում, իսկ երբ պահանջել են վճարել իրենց հասանելիք աշխատավարձը, արտադրամասի սեփականատերը նշել է, որ դեռ մի բան էլ իրեն են պարտք, քանի որ երեք ամիս առանց վարձի բնակվել են իր առաջարկած տանը:
Այս ընթացքում աշխատավարձերը ստանալու և արտադրամասի տարածքը լքելու օտարերկրացիների փորձերն անհաջողությամբ են պսակվել:
«Երկու-երեք անգամ կռիվ ենք արել, բոյկոտել ենք, ասել ենք՝ էլ չենք աշխատի, կթողնենք կգնանք, բայց տնօրենն ասում էր, որ գործ չունենք, հակառակ դեպքում կզանգի իրավապահներին և կասի, որ անլեգալ ենք էստեղ ապրում»,- նշեց Ամիրը:
Հարցին, թե որն է եղել իրավապահներից խուսափելու պատճառը և ինչու կատարվածի մասին հենց իրենք չեն հայտնել ոստիկանությանը, Ամիրը խոստովանեց, որ իրենցից որևէ մեկն օրինական փաստաթղթեր չի ունեցել և եթե հայտնաբերեին՝ կձերբակալեին և ամենայն հավանականությամբ կվտարեին Հայաստանից: Ամիրն ու արտադրամասի մյուս համերկրացի աշխատակիցներն ամիսներ առաջ տեղափոխվել են Երևան և աշխատանքի անցել շինարարության ոլորտում:
Ենթադրյալ զոհերը հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել, քանի որ ինչպես Ամիրն է կարծում՝ պետությունն իրենց չի պաշտպանի, դեռ մի բան էլ պատասխանատվության կենթարկվեն առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ տարածքում բնակվելու համար:
Հայաստանում հայտնաբերված անօրինական միգրանտների գերակշիռ մասը Հնդկաստանի քաղաքացիներ են
Հայաստանի ներքին գործերի նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ քրեական ոստիկանության կողմից իրականացված տարբեր միջոցառումների կամ շրջայցերի արդյունքում հայտնաբերված անօրինական միգրանտների թվաքանակում գերակշիռ մաս են կազմում Հնդկաստանի քաղաքացիները:
Միայն նախորդ տարի Հայաստանում հնդիկ միգրանտների կողմից աննախադեպ ծավալի իրավախախտումներ են արձանագրվել: ՆԳՆ-ից NEWS.am-ին տրամադրված պաշտոնական տվյալների համաձայն՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 2023 թվականի ընթացքում առանց վավերական վիզայի կամ կացության կարգավիճակի ՀՀ տարածքում բնակվելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել Հնդկաստանի 8284 քաղաքացիներ: Ըստ գերատեսչության՝ այս աննախադեպ բարձր ցուցանիշը պայմանավորված է Հնդկաստանից դեպի Հայաստան քաղաքացիների մեծ հոսքով և ՀՀ մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգերի դյուրինացմամբ:
Համաձայն ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով:
Հայաստան ժամանելուց հետո Հնդկաստանի քաղաքացիներից շատերը ժամանակավոր բնակություն են հաստատում այստեղ՝ չունենալով պատշաճ փաստաթղթեր և այլ օրինական հիմքեր: Թեև նրանցից շատերին, այնուամենայնիվ հաջողվում է չհայտնվել իրավապահների տեսադաշտում, սակայն որոշ միգրանտների՝ անօրինական փաստաթղթերով Հայաստան մուտք գործելու կամ ՀՀ սահմանն ապօրինի հատելու փորձերը մեծամասամբ պսակվում են անհաջողությամբ և ծանր հետևանքներ ունենում:
Նշենք, որ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, ընդհուպ մինչև՝ դատարանի որոշմամբ ՀՀ-ից վտարում:
Անհամեմատ էժան աշխատուժ ստվերում
Ոչ պաշտոնական տվյալներով՝ վերջին տարիներին Հնդկաստանի քաղաքացիների աննախադեպ ներհոսք է եղել Հայաստանի աշխատաշուկա: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականի ընթացքում ՀՀ մուտքի վիզա ստացած Հնդկաստանի 67.609 քաղաքացիներից միայն 1437-ն են կացության կարգավիճակ ստացել ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնելու հիմքով, ինչը նշանակում է, որ տասնյակ հազարավոր միգրանտների աշխատանքային զբաղվածությունը Հայաստանում մեծամասամբ ստվերային է եղել:
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սուրեն Պարսյանի խոսքով, թեև գործատուների համար հնդիկ միգրանտները դիտարկվում են որպես էժան աշխատուժ, սակայն նրանց չգրանցելը առաջին հերթին ռիսկային է հենց գործատուի համար:
«Ցավոք, այդ աշխատատեղերից շատերը ստվերային են, չունեն պատշաճ գրանցում և լրացուցիչ ռիսկեր են ստեղծում հարկային վարչարարության և ընդհանուր սոցիալական քաղաքականության տեսանկյունից: Քիչ չեն նաև Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքների խախտման դեպքերը, որոնց բացահայտման ուղղությամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում»,-նշեց տնտեսագետը՝ նկատելով, որ այս հարցում պետության կողմից վարվող աշխատանքային կամ սոցիալական քաղաքականությունը հասցեական չէ:
Ստվերային շուկայում աշխատող հնդիկ միգրանտները թրաֆիքինգ իրականացնողների թիրախում են
Միգրացիոն հոսքերի ոչ պատշաճ վերահսկումը, անօրինական միգրացիային ժամանակին և համարժեք չարձագանքելն, ինչպես նաև դրա դեմ անարդյունավետ պայքարն ի թիվս այլ բացասական հետևանքների, առաջացնում է նաև միգրանտների՝ թրաֆիքինգի ենթարկվելու ռիսկ: Այս առումով, մեր երկիրը, ցավոք բացառություն չէ:
ԱՄՆ պետքարտուղարության «Մարդկանց թրաֆիքինգի մասին 2024թ.» զեկույցի համաձայն՝ վերջին 5 տարիներին իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ Հայաստանում տեղի է ունենում ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի զոհերի շահագործում: Ըստ զեկույցի՝ հնդիկ միգրանտները, որոնք պատրաստակամորեն աշխատանք են փնտրում ստվերային ոլորտում, թրաֆիքինգ իրականացնողների թիրախում են՝ հիմնականում հարկադիր աշխատանքում ներգրավվելու համատեքստում:
NEWS.am-ը պարզեց, որ Հայաստանում միայն վերջին մեկուկես տարում Հնդկաստանի քաղաքացիների մասնակցությամբ թրաֆիքինգի դեպքերով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ, որոնց շրջանակներում տուժող են ճանաչվել շուրջ երեք տասնյակ Հնդկաստանի քաղաքացիներ: Քրեական վարույթներն առնչվում են հիմնականում աշխատանքային շահագործման դեպքերին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ հնդիկ միգրանտներն աշխատանքային շահագործման են ենթարկվում մեծամասամբ շինարարության, արտադրության և ծառայությունների ոլորտներում:
Մեկուկես տարում Հայաստանում թրաֆիքինգին առնչվող վարույթներով Հնդկաստանի շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ տուժող են ճանաչվել
NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ նախորդ տարվա ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում Հնդկաստանի քաղաքացիների մասնակցությամբ թրաֆիքինգի դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներից երկուսը քննվում են Տավուշի և Արարատի մարզերում, իսկ մեկը՝ Երևանում:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից NEWS.am-ին տրամադրված տվյալների համաձայն էլ՝ 2023թ. ընթացքում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներին թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում տուժող են ճանաչվել Հնդկաստանի Հանրապետության 17 քաղաքացիներ, իսկ 2024թ. առաջին կիսամյակի ընթացքում հարուցված վարույթով՝ Հնդկաստանի 12 քաղաքացիներ:
Պահածոների գործարանում աշխատող հնդիկ բանվորները դիմել են իրավապահներին՝ պնդելով, որ թրաֆիքինգի են ենթարկվում
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում է քննվում Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ 2023թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ քրեական օրեսնգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը) նախաձեռնված քրեական վարույթը:
NEWS.am-ը քննչական կոմիտեից տեղեկացավ որ վարույթում ներգրավված են Հնդկաստանի 16 քաղաքացիներ, որոնցից 3-ն ունեն տուժողի դատավարական կարգավիճակ:
Մասնավորապես նախորդ տարվա սեպտեմբերին Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ (20-40 տարեկան տղամարդիկ) հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Արարատի մարզի իրավապահներին և հայտնել, որ ամռան ամիսներին սեզոնային աշխատանք են կատարել Արարատի մարզում գտնվող պահածոների արտադրամասում, սակայն խոստացված աշխատավարձից քիչ են վարձատրվել: Որոշները դժգոհել են, որ գործարանի տարածքում աշխատել և բնակվել են հարկադրված՝ զրկված լինելով ազատ տեղաշարժի իրավունքից:
Նախաքննության ընթացքում հնդիկ աշխատանքային միգրանտները վարույթում ներգրավված թարգմանիչի միջոցով ցուցմունքներ են տվել և պատմել, որ բնակվել են գործարանի տարածքին մոտ գտնվող շինությունում, քնել են հատակին դրված ներքնակների վրա, լոգարան չեն ունեցել, օգտվել են գործարանի լոգարանից և բացօթյա զուգարանից: Տուժողներից ոմանք հայտնել են, որ տարբերակ չեն ունեցել տարածքը լքելու, իսկ երբ դժգոհել են պայմաններից և հրաժարվել աշխատել, իրենց ասել են «պիտի աշխատեք, ուզում եք՝ էս ա, չեք ուզում՝ էս ա»: Մինչդեռ վարույթում, որպես վկա ներգրավված մեկ տասնյակից ավելի հնդիկ աշխատակիցների խոսքով՝ իրենք կարող էին հանգիստ հեռանալ տարածքից, սակայն քանի որ մշտական բնակության վայր և փոխադրամիջոց չեն ունեցել, ստիպված են եղել օգտվել իրենց առաջարկված կացարանից և աշխատանքից:
Ըստ վարույթի նյութերի՝ հնդիկ բանվորներն աշխատավարձերը ստացել են իրենց աշխատանքի տեղավորած անհատ ձեռնարկատիրոջ կողմից, որը գործարանի տնօրինության հետ բանվորական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել:
Ի դեպ, նախքան գործարանում աշխատանքի անցնելը, Հնդկաստանի քաղաքացիները որոշ ժամանակ բնակվել են Երևանում՝ նույն ԱՁ-ին պատկանող հոսթելում: Ըստ տուժողների հայտնած տվյալների՝ հոսթելի սեփականատերը հավաքել և իր մոտ է պահել իրենց անձնագրերը՝ աշխատանքային պայմանագրեր կնքելու, ինչպես նաև աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի վերաբերյալ դիմումներ ներկայացնելու պատճառաբանությամբ: Տուժողներից ոմանք ցուցմունք են տվել այն մասին, որ հոսթելի տերը սպառնացել է իրենց վտարել Հայաստանից, իսկ անձնագրերն իր մոտ պահելով՝ իրենց պահել է կախյալ վիճակում, սակայն վկաները հերքել են այդ փաստը՝ նշելով, որ ցանկացած պահի իրենք կարող էին պահանջել և ստանալ անձնագրերը:
ԱՁ-ի սեփականատերը որպես վկա հարցաքննվելիս նույնպես հերքել է տուժողերի հայտնած տվյալները՝ նշելով, որ Հնդկաստանի քաղաքացիները հարկադիր աշխատանք չեն կատարել, գործարանի տարածքում գտնվող կացարանում բնակվել են իրենց կամքով, իսկ փաստաթղթերն էլ իրեն են տրամադրել՝ աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:
Ուշագրավ է, որ թրաֆիքինգի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո անգամ հնդիկ միգրանտները շարունակել են աշխատել գործարանում՝ մինչև պահածոների արտադրության սեզոնի ավարտը: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ տուժողները հնարավոր է՝ չեն ունեցել բավարար պաշտպանության երաշխիքներ և ստիպված են եղել հարմարվել ստեղծված իրավիճակին, սակայն չի բացառվում նաև, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով հնդիկ միգրանտները պարզապես փորձել են «ճնշել» գործատուին՝ խոստացված չափի աշխատավարձը ստանալու նպատակով:
Թրաֆիքինգի ենթադրյալ զոհերը հեռացել են Հայաստանից
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի ավագ քննիչ Արտակ Ավագյանը (լուսանկարում) NEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թրաֆիքինգի դեպքի կապակցությամբ նախաձեռնված հիշյալ քրեական վարույթին, նշեց, որ վարույթով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ չկա:
«Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են տուժողները և վկաները, որոնք հակասական ցուցմունքներ են տվել: Հետագայում նրանց մասնակցությամբ այլ քննչական գործողություններ՝ այդ թվում առերեսումներ հնարավոր չի եղել կատարել, քանի որ վարույթն իրականացնող մարմնին չի հաջողվել հայտնաբերել նրանց»,- ասաց քննիչը՝ պարզաբանելով, որ վարույթով անցնող օտարերկրացիները մշտական բնակության հասցե չեն ունեցել, իսկ նրանց հայտնած հեռախոսահամարներն անհասանելի են եղել կամ պարզապես գոյություն չեն ունեցել:
Քննությամբ պարզվել է, որ վարույթում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիները 2023թ. վերջին և 2024թ. սկզբին հեռացել են Հայաստանից:
Նախաքննության ընթացքում քննիչը միջնորդություն է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետին՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին նույնացնելու նպատակով նիստ հրավիրելու վերաբերյալ, սակայն այս վարույթով անցնող տուժողներից որևէ մեկը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից որպես թրաֆիքինգի զոհ չի նույնացվել:
Նշենք, որ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ նույնացնելու համար անհրաժեշտ է մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը բնութագրող գործողություններին, կատարման եղանակներին և շահագործման ձևերին վերաբերող համապատասխան ցուցիչների առկայությունը:
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022թ. հոկտեմբերի 6-ի որոշման համաձայն՝ աշխատանք կատարելուց կամ ծառայություն մատուցելուց հրաժարվելու դեպքում սպառնալիք, բռնություն, կախվածության, խոցելի կամ այլ վիճակի օգտագործումը, ապօրինի աշխատանքում ներգրավված կամ չգրանցված աշխատող լինելու փաստը, աշխատանքային պայմանագրի կամ այլ փաստաթղթավորման բացակայությունը, խաբեությամբ աշխատանքի կամ ծառայության համար գումարների չվճարումը նույնպես հանդիսանում են, որպես մարդկանց շահագործման ձևերի ցուցիչներ:
Թրաֆիքինիգի նույնացված զոհերի թվում Հնդկաստանի քաղաքացիներ չկան
Թեև Հայաստանում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելու վերաբերյալ վերջին մեկուկես տարում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում շուրջ երեք տասնյակ Հնդկաստանի քաղաքացիներ արդեն իսկ ունեն տուժողի դատավարական կարգավիճակ, այնուամենայնիվ, պարզվում է նրանցից որևէ մեկը մինչ օրս իրավասու մարմնի կողմից թրաֆիքինգի զոհ չի ճանաչվել:
Գործող օրենքով՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը միակ իրավասու մարմինն է Հայաստանում, որը կայացնում է զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու մասին որոշում, իսկ քանի դեռ պարզ չէ տվյալ անձի զոհ հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքը, նա համարվում է հավանական զոհ և գտնվում նախանույնացման փուլում:
Զոհերի նույնացման հանձնաժողովը, որը կազմված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, գլխավոր դատախազության, ներքին գործերի նախարաության և ՀԿ-ների ներկայացուցիչներից, պաշտոնապես ճանաչում է զոհերին՝ հիմնվելով այն տեղեկությունների վրա, որոնք ձեռք են բերվել նախանույնացման փուլում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ Հայաստանում միայն 2023թ. նույնացվել է թրաֆիքինիգի 25 զոհ, որոնք բոլորը ՀՀ քաղաքացիներ են: Համեմատության համար նշենք, որ 2022թ․ ընդամենը 6 զոհ է նույնացվել։ Նախորդ տարի նույնացված 25 զոհերից 7-ը եղել են սեռական թրաֆիքինգի զոհ, իսկ 18-ը՝ հարկադիր աշխատանքի զոհ․ զոհերի թվում են 10 կին, 9 տղամարդ, 3 աղջիկ և 3 տղա․ զոհերից 3-ն ունեցել են հաշմանդամություն։
Իրավաբան Գրիգոր Բեջանյանի կարծիքով՝ օտարերկրացի զոհերի հայտնաբերման և նույնացման խնդիրը բավականին բարդ և խնդրահարույց է:
«Նախնական նույնացման փուլում, որը հնարավոր զոհի մասին տվյալների հավաքման փուլն է, ըստ գործող օրենքի՝ տևում է 10 օր (բացառիկ դեպքերում կարող է երկարաձգվել առավելագույնը ևս 10 օրով): Այս ընթացքում անձը իրավունք չունի օրինական կարգով ստանալ կամ վերականգնել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչը կարող է կաշկանդել, որպեսզի ենթադրյալ զոհը չբարձրաձայնի իր հետ կատարվածի մասին կամ հրաժարվի նախկինում տված հաղորդումից:
Փորձը ցույց է տալիս, որ հարկադիր աշխատանքի զոհ դարձած օտարերկրացիները հիմնականում օրինական փաստաթղթեր չեն ունենում, ինչը նույնպես կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի թրաֆիքինգի հավանական զոհը խուսափի բարձրաձայնել իր հետ կատարվածի մասին»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Բեջանյանը:
Իրավաբանի խոսքով՝ խնդիրներ կան նաև օտարերկրացի զոհերի անվտանգ վերադարձի կազմակերպման օրենդրական երաշխիքի գործնական կիրառության հետ կապված:
Նշենք, որ օրենքով՝ անվտանգ վերադարձի կազմակերպումը, որպես աջակցության տեսակ, տրամադրվում է այն զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին, որոնք օտարերկրացի են և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
«Օրինակ՝ հնարավոր է նույնացման ընթացքում անձը չճանաչվի զոհ, սակայն դատարանի վճռով հաստատվի, որ գործով մեղադրվող անձը տուժողին հարկադրաբար է անազատության մեջ պահել և այլն: Նման իրավիճակում թրաֆիքինգի զոհ չճանաչված օտարերկրացին, որը չունի բավարար միջոցներ իր սեփական անվտանգ վերադարձը կազմակերպելու համար, հարկադրաբար, իր կամքից անկախ պայմաններում իրավունք չի ստանում վերադառնալ իր պետություն»,-նշեց մասնագետը:
Թրաֆիքինգի զոհը ենթակա՞ է պատժի
Թրաֆիքինգի ենթարկված օտերարկրացի հավանական զոհերը հաճախ չեն դիմում իրավապահ մարմիններին՝ վախենալով, որ իրենք ևս կենթարկվեն պատասխանատվության միգրացիոն օրենսդրության, վիզայի ժամկետի խախտումների, ճամփորդական փաստաթղթեր, աշխատանքային թույլտվություն և ժամանակավոր կացության իրավունք ստանալու նպատակով կեղծ տեղեկությունների տրամադրման և այլ գործողությունների համար:
Մինչդեռ միջազգային իրավունքի համաձայն՝ պետությունները պետք է երաշխավորեն թրաֆիքինգի զոհերի անպատժելիությունն այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են շահագործման ենթարկվելու ժամանակ կամ որպես շահագործման հետևանք:
ՄԱԿ-ի Մարդկանց թրաֆիքինգի և մարդկանց իրավունքների սկզբունքների և ուղեցույցների համաձայն՝ «մարդկանց թրաֆիքինգի ենթարկված անձանց իրավունքները պետք է գտնվեն թրաֆիքինգի դեմ պայքարի և թրաֆիքինգի կանխարգելման կենտրոնում և ուղղված լինեն զոհերի պաշտպանությանը և աջակցությանը»:
Անպատժելիության սկզբունքը պարտավորեցնում և պահանջում է ԵԱՀԿ անդամ երկրներին՝ այդ թվում Հայաստանին, զերծ մնալ թրաֆիքինգի ենթարկված անձանց նկատմամբ որոշ գործողությունների կիրառումից: Անպատժելիության սկզբունքի իրավակիրառումը արտացոլված է նաև հայաստանյան օրենսդրությունում:
ՀՀ քրեական օրենսգրքով՝ թրաֆիքինգից կամ շահագործումից տուժած անձն ազատվում է իր կատարած ոչ մեծ կամ միջին ծանրության այն հանցանքների համար քրեական պատասխանատվությունից, որոնցում ներգրավված է եղել իր նկատմամբ իրականացված թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում և այդ հանցանքները կատարել է հարկադրանքի ներքո: Նույն սկզբունքով թրաֆիքինգից տուժած անձն ազատվում է նաև վարչական պատասխանատվությունից:
Թրաֆիքինգը՝ լատենտային հանցագործություն. ինչու՞ են լռում զոհերը
Գործնականում երբեմն հնարավոր չի լինում ժամանակին արձագանքել թրաֆիքինգի դեպքերին՝ ելնելով այն հանգամանքից, որ իրավապահ մարմինները դրանց մասին չեն տեղեկանում: Բացի անպատժելության սկզբունքի վերաբերյալ իրազեկվածության պատճառը կան այլ, ոչ պակաս կարևոր գործոններ, որոնցով պայմանավորված տուժողները կամ նրանց շրջապատող անձինք իրավապահ մարմիններին չեն հայտնում կատարված հանցադեպերի մասին:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Իսրայելյանի խոսքով՝ թրաֆիքինգը դասվում է այն հանցագործությունների շարքին, որոնք բնորոշվում են բարձր բնական լատենտայնությամբ:
«Թրաֆիքինգի բնական լատենտայնությունն առաջին հերթին պայմանավորված է տուժողի իրավագիտակցության թերություններով, օրինակ՝ տուժողների կարծիքն այն մասին, թե հանցագործությունն էական վնաս չի պատճառել, որ դրա մասին հայտնեն, ինչպես նաև տուժողների կողմից հանցանքը միայն որպես իրենց անձնական շահերի խախտում, մասնավոր կյանքին վերաբերող հարց դիտարկելը` որևէ կերպ չկապելով այն հասարակության համար վտանգավորության հետ:
Այս գործոնին դասվում է նաև թրաֆիքինգի վիճակում տուժողի կողմից կատարված հանցագործության համար պատասխանատվության ենթարկվելու վախը: Երբեմն իրավասու մարմիններին հանցադեպերի մասին տեղեկատվություն չի հայտնվում՝ ելնելով ամոթի զգացումից:
Խոսքը տուժողի, իսկ եթե նա մանկահասակ է, ապա նրա ծնողների և խնամակալների ամոթի հոգեբանական արգելքի, կյանքի ինտիմ կողմերի հրապարակման ցանկության բացակայության մասին է»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրավաբանը:
Գևորգ Իսրայելյանի խոսքով՝ որպես թրաֆիքինգի բնական լատենտայնությունը պայմանավորող այլ պատճառներ կարող են հանդիսանալ նաև տուժողի՝ հանցավորի հետ սեփական ուժերով «հարց լուծելու» ձգտումը, նյութական ապահովվածությունից, աշխատանքից զրկվելու վախը, հանցավորի կողմից վրեժխնդիր լինելու վախը և այլն:
Ներկայացված փաստերը վկայում են, որ օտարերկրացիների շահագործման ռիսկային դեպքերի բացահայտումը և հավանական զոհերի իրազեկվածության մակարդակի բարձրացումը միայն բավարար չէ թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարի համար: Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման փաստերով նախաձեռնված քրեական վարույթների վերլուծության արդյունքում անհրաժեշտ է պարզել վարույթների «սառեցման», որոշ դեպքերում նաև կարճման իրական պատճառները:
Անշուշտ, այս ուղղությամբ տեսանելի փոփոխություններ կլինեն, եթե կյանքի կոչվեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրից բխող գործողությունները, որոնց թվում են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հավանական զոհ և միաժամանակ ապաստան հայցող անձանց վերաբերյալ ծագման երկրներից տեղեկություններ ստանալու հնարավորությունների ընլայնումը, թրաֆիքինգի դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում զոհերի, այդ թվում` հավանական զոհերի հասանելիության ապահովումը աջակցության ծրագրերին, մարդկանց շահագործման և թրաֆիքինգի զոհ չճանաչված օտարերկրյա քաղաքացիների դեպքերի համար օժանդակված կամավոր վերադարձի և վերաինտեգրման մեխանիզմներ ներդրումը և այլն:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
About the author