Վերապատրաստման հերթը ՀԿ ոլորտի ներկայացուցիչներինն է

ByAAVR

Վերապատրաստման հերթը ՀԿ ոլորտի ներկայացուցիչներինն է

Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի ծրագրի շրջանակում Հայաստանում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների շուրջ 20 ներկայացուցիչներ մասնակցում են վերապատրաստման դասընթացի։

«Այս անգամ վերապատրաստմանը մասնակցելու էինք հրավիրել այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք ունեն թրաֆիքինգի ենթարկված անձանց, երեխաների, ինչպես նաև ընտանեկան բռնության զոհերի հետ աշխատանքի երկարամյա փորձ,– ասում է «Միասին ընդդեմ մարդկան թրաֆիքինգի» ծրագրի համակատարող, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը,- Նրանք այն մարդիկ են, ովքեր իրենց փորձի հիման վրա կարող են թրաֆիքինգի դեպքը նկատել, բացահայտել և զոհերի գրագետ ուղղորդում անել»։

Դասընթացի ծրագիրը մշակված է այնպես, որ մասնակիցները հնարավորություն ունենան ծանոթանալու առհասարակ թրաֆիքինգ երևույթին, դրա առանձնահատկություններին, զոհերի նույնացման ցուցիչներին և դրանց կիրառմանը, հավանական զոհերի ուղղորդմանն ու տրամադրվող սոցիալական ծառայություններին, ինչպես նաև երևույթի հոգեբանական ասպեկտներին։ Դասընթաց֊քննարկումը վարում էին ՍԲՃԿ նախագահ Տաթևիկ Աղաբեկյանը, ի․գ․թ․, դոցենտ Դավիթ Թումասնյանը, կլինիկական հոգեբան Սիրանուշ Դավթյանը, D4I ծրագրի ներկայացուցիչ֊ փորձագետ Գայանե Հովակիմյանը, բացի այդ, ոլորտում ունեցած իրենց փորձառությամբ են կիսվել “Դեմոկրատիան այսօր” ՀԿ֊ի և “Հայկական Կարիտաս” բարեսիրական ՀԿ֊ի գործընկերները։

Նշենք, որ ծրագրի շրջանակում վերապատրաստումների շարքը մեկնարկել է դեռևս 2022 թ.-ի մարտին։ Մինչ այժմ մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներին մասնակցել են Աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները, Սոցիալական աշխատողները, Միգրացիոն ծառայության ներկայացուցիչները և քաղաքացիական ու քրեական մասնագիտացմամբ փաստաբաններ։ 

«Միասին ընդդեմ մարդցկանց թրաֆիքինգի» ծրագիրն իրականացնում է «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը՝ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հետ համատեղ՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ։

Share

About the author

AAVR administrator