Միջանցք դեպի Եվրոպա – Մալայալից աշխատանքի փնտրտուքով Հայաստան եկածները դառնում են խաբեության զոհ և հայտնվում թշվառության մեջ

ByAAVR

Միջանցք դեպի Եվրոպա – Մալայալից աշխատանքի փնտրտուքով Հայաստան եկածները դառնում են խաբեության զոհ և հայտնվում թշվառության մեջ

Հնդկական Onmanorama.com լրատվական կայքը, որն ունի շուրջ 20 մլն ընթերցող ամբողջ աշխարհում, պատմել է աշխատանքի փնտրտուքով Հայաստանում հայտնված հնդիկների և նրանց՝ խաբեության զոհ դառնալու մասին

Սկզբնաղբյուր՝ https://www.onmanorama.com/news/kerala/2024/02/14/malayali-job-seekers-europe-fall-prey-conmen-misery-armenia.amp.html?fbclid=IwAR2kKhSWXY61R3V1aKglkK2goMWpGP_ZMpCg2og6eGOmMdfkK4x1GZ_D-IY

Հնդկական Կերալայի Պալակկադ շրջանի Պատտամբիից մի երիտասարդ վեց ամիս առաջ սկսեց իր ճանապարհորդությունը դեպի Եվրոպա՝ ավելի լավ կյանքի հեռանկարի փնտրտուքով: Ուղևորությունը նրան Դուբայով պետք է տեղափոխեր Հայաստանի մայրաքաղաք Երևան, քանի որ, ըստ նախնական պայմանավորվածության, նա պետք է ժամանակավոր աշխատանք ստանար Արևմտյան Ասիայի որևէ երկրում։ «Գործակալը»  խոստացել էր, որ նա Երևանից Եվրոպա, մասնավորապես Լեհաստան մեկնելու հանարվորություն կունենար, և համոզել էր, որ իրեն խոստացված ուղևորությունից առաջ վճարի 4 լաքհ ռուփի (ծանուցում․ 1 հնդկական ռուփին հավասար է շուրջ 4800 հայկական դրամի, 1 լաքը հավասար է 100.000 հնդկական ռուփիի)՝ 21 օր Հայաստանում մնալու համար։

Երևան հասնելուց հետո երիտասարդը հասկացել է, որ խաբվել է։ Գործակալի կամ նրա հանցակիցների հետքը չկար, խոստացված ժամանակավոր աշխատանքը՝ ևս։ Նա տեղում հանդիպում է մի քանի կերալացիների, ովքեր ևս խաբվել էին անբարեխիղճ «աշխատանքի գործակալների» կողմից: Երիտասարդին հաջողվել է վերադառնալ Հնդկաստան՝ օդանավակայանում 10.500 ռուփիին համարժեք դրամ վճարելուց հետո։ Այժմ նա աշխատում է որպես վաճառող Չենայի հագուստի խանութում, բայց իր տուն չի կարող վերադառնալ, քանի որ ստիպված է լինելու պատմել իր ծանր փորձության մասին։

Կերալայից հազարավոր երիտասարդներ դարձել են հայկական աշխատանքային խարդախ մաֆիայի զոհ, բայց փաստն այն է, որ այս երիտասարդների դժբախտության հաշվին հարստացած խարդախների մեծ մասը ևս կերալացիներ են:

Տխուր իրավիճակ

Մալապուրամի Տիրուրի  բնակիչը վերջերս քաջություն էր ունեցել պատմել  իր փորձությունների մասին: Գործակալները նրան խաբել են 4,5 լաքհ ռուփիի չափով, սակայն նա վերադարձել է և գործ հարուցել: Նա ասել էր, որ, ի տարբերություն շատերի, կարողացել է վերադառնալ։

Խաբեբա գործակալները համոզում են անօգնական զոհերին և տանում են նրանց տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Թեև միակողմանի տոմսն արժե 25,000 ռուփիից պակաս, բայց այս գործակալները որպես միջնորդավճար հավաքում են 2,5 – 5,5 լաքհ ռուփի, իսկ խայծը աշխատանքի հեռանկարն է և մուտքը Եվրոպա: Միայն Հայաստանի նման երկրներ հասնելուց հետո խարդախության զոհերը հասկանում են, որ աշխատանքը շատ ցածր վարձատրվող է: Այդ պահին խաբեբաներն արդեն անհետացած են լինում: Առանց գումարի զոհերը հիմնականում սովի են մատնվում և նույնիսկ կարգին կացարան չեն ունենում:

Գործողությունների կատարման եղանակը

Խաբեբան առաջին հերթին ձեզ կապելու է Հայաստանում իր հանցակցի հետ, ով նույնպես կանհետանա՝ ձեզ ինչ-որ սենյակ նետելուց հետո: Երբ տուրիստական վիզայով մեկնում եք ճանապարհորդության, պետք է ցույց տաք վերադարձի տոմսը և հյուրանոցի ամրագրումը: Բայց գործակալը ձեզ կտրամադրի միայն նպատակակետի տոմսը: Օդանավակայան հասնելուն պես նամակ կստանաք հետադարձ տոմսով և հյուրանոցի ամրագրման մանրամասներով: Ձեզ հրահանգում են համապատասխան անձանց ասել, որ հանգստի նպատակով ճամփորդության եք մեկնում և շուտով հետ եք վերադառնալու: Բայց երբ դուք վայրէջք եք կատարում Հայաստանում, գործակալներն արագ չեղարկում են հետադարձ տոմսը և հյուրանոցի ամրագրումը:

Ցավալին այն է, որ նախկինում խաբված շատ անձինք նույնպես վերածվել են խարդախների՝ ապրուստ հայթայթելու համար: Երբ նրանք վերադառնալուց հետո ինչ-որ կերպ կապվում են գործակալների հետ, նրանց ասում են, որ սա եկամտաբեր բիզնես է, և որպես միջնորդավճար կտրվի լավ գումար, եթե կարողանան հավաքագրել իրենց նման աշխատանք փնտրողների:

Հայկական ճշմարտություններ

Երևանի օդանավակայանում և հարակից տարածքներում կարող եք հանդիպել ժամկետանց վիզաներով բազմաթիվ հնդիկների: Նրանց կեսից ավելին կերալացիներ են։ Որպեսզի անձնագրերում արտաքսվածի կնիք չունենան, նրանք ստիպված են լինում հսկայական գումարներ վճարել։ Քանի որ այլ երկրներում դա կազդի  աշխատանքի հեռանկարի վրա, նրանցից շատերը մեծ տուգանք են վճարում: Սա Հայաստանի համար դարձել է մեծ եկամտի աղբյուր, քանի որ ծաղկում է կեղծ աշխատատեղերի մաֆիան: Շատերը փող են աշխատում խաբված հնդիկների համար կացարաններ գտնելով:

Եվրոպայի խոստումը

Նույնիսկ տուրիստական ​​վիզայի ժամկետի ավարտից հետո շատերը նախընտրում են մնալ Հայաստանում: Դրդապատճառը ճանապարհն է դեպի Եվրոպա, թեև իրականում դա շատ քիչ հավանական է:

Կան կերալացիներ, որոնց հաջողվում է ցածր վարձատրվող աշխատանք գտնել անօրինական կերպով Հայաստանում մնացած մարդկանց համար: Նրանց ստացած միջնորդավճարը տատանվում է $300-ից $400-ի սահմաններում: Իսկ այդ աշխատանքները ստացած մարդիկ վարձատրվում են 30,000 ռուփիից էլ ցածր, ինչը նշանակում է, որ չեն կարողանում նույնիսկ 10,000 ռուփի ուղարկել տուն:

Կոնդոտիի բնակիչներից մեկը, ով նման աշխատանք է գտել բենզալցակայանում, աշխատել է շաբաթական ընդամենը երեք օր: Աշխատանքը ստանալու համար նա գործակալին վճարել է 3 լաքհ ռուփի, սակայն Հայաստանում գտնվելու վեց ամսվա ընթացքում կարողացել է տուն ուղարկել ընդամենը 30,000 ռուփի:

Չկան բժշկական արտոնություններ կամ աշխատանքի անվտանգության երաշխիքներ: Շատ կանայք ևս մնում են Հայաստանում՝ կատարելով ցածր վարձատրվող աշխատանքներ, քանի որ միջնորդները նրանց կախվածության մեջ են պահում նախկին խորհրդային հանրապետությունից եվրոպական վիզա ստանալու հեռանկարով: Որոշ գործակալներ նույնիսկ խոստանում են նրանց փոխադրել Ռուսաստան։

Աշխատաշուկան

Հայաստանում մշտական ​​աշխատանք գտած հնդիկները շուրջ 100-ն են։ Բայց, ըստ ոչ պաշտոնական տվյալների, Հնդկաստանից հազարավոր խաբվածներ շարունակում են մնալ այնտեղ՝ նույնիսկ իրենց վիզաների ժամկետը լրանալուց հետո: Քանի որ հնդիկները համալրում են այդ ցածր վարձատրվող աշխատատեղերը, տեղացիները աշխատաշուկայից դուրս են մնում: Սա հնդիկների նկատմամբ դժգոհություն է առաջացրել տեղի բնակչության շրջանում։

Թեև դեպի Հայաստան մարդկանց թրաֆիքինգը հայտնվել է հնդկական իշխանությունների ուշադրության կենտրոնում, սակայն պաշտոնյաներն անզոր են, քանի որ մեկնողները պնդում են, որ իրենք ճանապարհորդում են և ցույց են տալիս հյուրանոցների ամրագրումներն և հետադարձ թռիչքները:

WhatsApp խմբեր

«Հայկական մալայալիները», «Հայկական Նամմալը» և «Հայկական հնդիկները»  WhatsApp խմբերից մի քանիսն են, որոնք բացել են արևմտաասիական երկրում հայտնված հնդիկները: Գործակալների կողմից խաբվելու պատմությունները տարածվում են այս խմբերում: Խմբերից մեկի ադմինիստրատորի հունվարյան գրառման մեջ նշվում է, որ նման միջադեպերի մասին տեղեկությունները հասել են Հնդկաստանի իշխանություններին, սակայն խաբված հնդիկները հույս չունեն, որ օգնություն կգա: Իրենց սարսափելի պատմություններով կիսված անձինք միայն մեկ պահանջ ունեին՝ չբացահայտել իրենց ինքնությունը:

Ինչու՞ Հայաստան

Աշխարհագրորեն գտնվելով Արևմտյան Ասիայում՝ Հայաստանը համարվում է յուրօրինակ դարպաս դեպի Եվրոպա՝ մայրցամաքին մոտ լինելու պատճառով: Երկիրը գտնվում է Հարավային Կովկասի լեռներում՝ Սև և Կասպից ծովերի միջև։ Քանի որ Հայաստանում աշխատավարձերը ցածր են, շատ գործակալություններ աշխատողներ են հավաքագրում Հայաստանից և տեղափոխում դեպի Արևելյան Եվրոպայի երկրներ, երբեմն նաև անօրինական ճանապարհով: Այս ճանապարհով Հայաստանից տեղափոխվել են նաև շատ հնդիկ երիտասարդներ։ Բայց այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, էմիգրանտների մեծ հոսք տեղի ունեցավ դեպի եվրոպական երկրներ, ներառյալ Հունգարիա և Լեհաստան, ինչը ստիպեց տեղական իշխանություններին անօրինական միգրացիայի դեմն առնել:

Նախկին Խորհրդային Միության մաս կազմող Հայաստանը սահմանակից է Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին և Վրաստանին։ Հայաստանի հետ Հնդկաստանի կապերի մասին 2023 թվականի պաշտոնական տվյալների համաձայն՝  3000 հնդիկ սովորում է Երևանի պետական ​​բժշկական համալսարանում և հինգ այլ մասնավոր համալսարաններում։

Սուրաջի տխուր պատմությունը

Յոթ ամիս առաջ Հայաստանում սպանվել է Թրիսուր շրջանի Քորատթի քաղաքում  ծնված Սուրաջը։ Նա «եվրոպական վիզայի»  գործակալների միջև բախման զոհ է դարձել։ Նրա ընկերը դանակի հարվածներ է ստացել: Հայաստան հասնելու համար Սուրաջը ծնունդով թիրուվանանթապուրամցի «Բժիշկ» մականունով գործակալին ստիպված է եղել վճարել ավելի քան 3 լաքհ ռուփի: «Բժիշկը» եվրոպական վիզա ստանալու համար մի քանի լաքհ ռուփի ավել է պահանջել, ինչը վերածվել է լեզվակռվի։

Սուրաջի մահը մեծ աղմուկ բարձրացրեց սոցիալական ցանցերում, և Հայաստանում սովորող կերալացի մի ուսանողի մեկնաբանությունը լիովին նկարագրեց ցավալի պատկերը: «Խնդրում եմ, մի եկեք Հայաստան՝ մտածելով, որ այստեղից կարող եք հասնել Եվրոպա։ Դա հնարավոր էր նախկինում, ոչ հիմա: Ես տեղյակ եմ այստեղ կատարվող իրադարձություններից։ Եթե ​​գործակալներն ասում են, որ Հայաստանն ավելի լավ կենսամակարդակ ունի, դա բացահայտ սուտ է»:

Այն հնդիկները, որոնք փորձել են Հայաստանի միջոցով հասնել եվրոպական լավ կյանքի, հասկանում են այս դառը խոսքերի իմաստը:

Share

About the author

AAVR administrator