Մարտի 5-ին Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի շուրջ 30 ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է կլոր սեղան-քննարկում։ Հանդիպումը կազմակերպել էր Եվրոպայի խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի բաժինը՝ գնահատման 3-րդ շրջափուլից GRETA-ի հիմնական արձանագրումների և առաջարկությունների կատարման ընթացքն ու արդյունավետությունը քննարկելու նպատակով։
Քննարկմանը մասնակցում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը և Ռուբեն Սարգսյանը, Եվրոպայի խորհրդի խորհրդատու Կամելյա Դիմիտրովան, Եվրոպայի խորհրդի թրաֆիքինգի դեմ պայքարի կոնվենցիայի քարտուղարության իրավաբան Յուրի Պալցևը, շահագրգիռ պետական մարմինների և ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկման նպատակն էր ոլորտի հիմնական դերակատարներից տեղեկանալ, թե Հայաստանում վերջին 3 տարիների ընթացքում Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի իրագործման շրջանակում ինչ բարեփոխումներ են տեղի ունեցել։
ԵԽ-ն Կոնվենցիան վավերացրած երկրներում պարբերաբար կազմակերպում է այսպիսի կլոր սեղան-քննարկումներ։ Նախաձեռնության նպատակն է նպաստել Կոնվենցիայի դրույթների ավելի լավ ըմբռնմանը, խթանել համապատասխան շահագրգիռ կողմերի միջև երկխոսությունը, ինչպես նաև բացահայտել այն ոլորտները, որտեղ Եվրոպայի խորհուրդը կարող է աջակցել թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ջանքերին:
Չորս թեմատիկ նիստերի ընթացքում, որոնք հիմնականում վարում էր Աշխատանքային խմբի համակարգող՝ Սոֆի Բոստանչյանը, մասնակիցներն անդրադարձան Հայաստանում թրաֆիքինգի զոհերի համար արդարադատության և արդյունավետ պաշտպանության միջոցների հասանելիությանը, քրեական արդարադատության մեխանիզմների կիրառմանը, աշխատանքային թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցներին, ինչպես նաև քննարկեցին Կոնվենցիայի իրականացման գործում Հայաստանին ԵԽ աջակցության հնարավոր տարբերակները։
Աշխատանքային թրաֆիքինգի հարցերին անդրադառնալիս իր մտահոգությունները հայտնեց քննարկման մասնակից, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ՝ Արմեն Ղազարյանը, ով մասնավորապես կանգ առավ արտագնա աշխատանքի մեկնողների իրավունքների պաշտպանության հարցերին։ Նշեց, որ ՌԴ-ում ունենալով մեծ թվով սեզոնային արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներ, մեծ է նրանց աշխատանքային թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելու վտանգը։ Նաև անդրադարձավ այն խնդրին, որ ՌԴ-ում որևէ միջպետական ծառայություն չունենք, որը անհրաժեշտության դեպքում օպերատիվ կարձագանքի նրանց խնդիրներին։
«Համակարգում և համագործակցություն» խորագրով նիստի շրջանակում իրենց գործունեությունը ներկայացրին նաև ՀԿ-ները։ «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը ներկայացրեց պետության հետ համագործակցության փորձառությունը և արդյունքները՝ անդրադառնալով «antitrafficking.am կայքի պահպանում և թարմացում» ծրագրին, որը 2013թ.-ից առ այսօր ֆինանսավորվում է ԿԳՄՍ-ի կողմից և «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրին, որի շրջանակներում ՀՀ ԱՍՀՆ-ի հետ կնքվել է փոխգործակցության հուշագիր համատեղ միջոցառումների իրականացման համար։
Խոսելով իրազեկման ոլորտում նոր մոտեցումների կարևորության մասին՝ պարոն Հարությունյանը ներկայացրեց ՀԿ-ի կողմից մշակված և ներդրված ինքնանույնացման թեստը։ Այնուհետև անդրադառնալով լրագրողների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդրին՝ նշեց, որ լրագրողները կենսական նշանակություն ունեն հանրային իրազեկման գործում, սակայն հաճախ զոհի պաշտպանությանն ուղղված երբեմն անհարկի սահամանափակումները խանգարում են լրագրողներին ազդեցիկ և թիրախային պատմություններ ստեղծել։
Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի խորհրդատու Կամելյա Դիմիտրովան շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկման համար՝ ուրախությամբ արձանագրելով, որ Հայաստանում քաղհասարակությունն ակտիվորեն մասնակցում է Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի Ազգային ծրագրի մշակման և իրականացման բոլոր փուլերին և բարձրաձայնում է դրանց առնչվող հիմնական խնդիրները։ Նա նաև կոչ արեց շարունակել համագործակցությունը ԵԽ համապատասխան ստորաբաժանումների հետ, խոստանալով ներկայացնել լիազոր մարմնին Հայաստանում ոլորտային ախատանքների իրականացման համար անհրաժեշտ աջակցության վերաբերյալ մասնակիցերի դիտակումներն ու առաջարկությունները։
About the author