Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն՝ 2024-ին ներկայացված Տպագիր և էլեկտրոնային նյութեր – Slaq.am, Քնարիկ Մամիկոնյան – «Փախուստ թրաֆիքինգի ցանցից. Արտակի անհավատալի պատմությունը և պայքարը մարդկային արժանապատվության համար»
https://slaq.am/news/trafikincg-news-man
Հոդվածն ամբողջությամբ՝
Այսօր զրուցում ենք Արտակի (անունը փոխված է) հետ, ով դարձավ թրաֆիքինգի զոհ և, ի վերջո, կարողացավ փրկվել ու վերականգնել իր կյանքը: Արտակն այժմ աշխատում է որպես թրաֆիքինգի դեմ պայքարող կազմակերպության խորհրդատու՝ օգնելով այլ տուժածներին:
«Ես 30 տարեկան էի, երբ դարձա թրաֆիքինգի զոհ: Աշխատանք էի փնտրում, ընտանիքս պահելու խնդիր ունեի։ Մի գործակալություն էր հայտնվել, որ առաջարկում էր լավ աշխատատեղեր արտասահմանաում (երկիրը նշել չեմ կարող) շինարարության ոլորտում: Խոստանում էին բարձր աշխատավարձ, անվճար կացարան, և ինձ թվում էր, թե սա լավ հնարավորություն էր: Հեռախոսով պայմանավորվեցինք, և քանի որ պայմանները գոհացնում էին, ճանապարհ ընկա դեպի «երաանքների» ապագա մի խումբ տղաների հետ»,-այսպես է հիշում իր պատմությունը Արտակը:
Խոսելով խնդիրների մասին Արտակը նշում է, որ երբ տեղ հասան, իրենց հավաքեցին և տարան մի խարխուլ բնակավայրի նման տեղ, որտեղ ոչ ջուր կար, ոչ էլ սնունդ:
«Ինձանից ու մյուս տղաներից անձնագրերը վերցրին, պատճառաբանելով, որ դրանք կպահեն աշխատանքի համար պետության կողմից օրինական պայմաններ ստեղծելու համար: Այդ պահից արդեն կասկածներ առաջացան, բայց ուշ էր: Մեզ ստիպում էին աշխատել օրական 14-16 ժամ՝ ծանր պայմաններում՝ առանց աշխատավարձի։ Ամեն անգամ, երբ փորձում էինք խոսել, միայն սպառնում էին, թե առանց փաստաթղթերի դուրս գալու դեպքում կձերբակալվենք կամ կհանձնեն իրավապահներին»,-նշում է Արտակը։
Արտակը պատմում է, որ իրենց շատ վատ էին վերաբերվում:
«Մեր նկատմամբ վերաբերմունքը անմարդկային էր: Աշխատանքային օրերը ամեն օր էին, հանգստի հնարավորություն չունեինք: Մեր առողջությունը վտանգված էր, իսկ հիվանդանալիս մեզ պարզապես անտեսում էին: Ես ու իմ գործընկերները ֆիզիկապես և հոգեպես ուժասպառ էինք լինում, իսկ երբ փորձում էինք բողոքել, նրանք մեզ ստիպում էին շարունակել աշխատել՝ օգտագործելով սպառնալիքներ և նույնիսկ բռնություն»,-պատմում է նա:
Հարցին, թե ինչպե՞ս հաջողեցին դուրս գալ այդ իրավիճակից զրուցակիցս նշում է հետևյալը.
«Հույսս կոտրված էր: Մի քանի ամիս աշխատելուց հետո, մի օր հնարավորություն ունեցա գաղտնի կապվել մի հին ընկերոջ հետ, ով ապրում էր նույն քաղաքում: Նրան պատմեցի իրավիճակի մասին, և նա կապ հաստատեց տեղի իրավապաշտպան կազմակերպության հետ, որոնք մասնագիտացած էին թրաֆիքինգի հարցերում: Օրեր անց իրավապահները ժամանեցին՝ մեզ ազատելու համար: Բոլոր փաստաթղթերը գտան և վերադարձրին մեզ։ Մենք այդպես փրկվեցինք»։
Խոսելով վերադարձից հետո հանդիպած դժվարությունների մասին, Արտակը ասում է, որ վերադառնալն էլ իր դժվարություններն ուներ: Ֆիզիկական վերականգնումը տևեց երկար ժամանակ՝ հոգեբանական խնդիրների հետ միասին:
«Անընդհատ խորը սթրեսի մեջ էի և հիասթափված իմ կյանքից: Այնուամենայնիվ շատ մեծ օգնություն ստացա Հայաստանում գործող կազմակերպություններից, որոնք օգնում են թրաֆիքինգի զոհերին՝ ինչպես իրավական, այնպես էլ հոգեբանական աջակցության տեսքով: Դա ինձ օգնեց հաղթահարել իրավիճակը և նորից «կյանք» վերդառնալ»,-ավելացնում էնա:
Տղամարդկանց, ովքեր կարող են հայտնվել նման վտանգի մեջ Արտակը խորհուրդ է տալիս՝ ամենակարևորը՝ շատ զգույշ լինել աշխատանքի առաջարկների հարցում: Տղամարդկանց թվում է, թե միայն կանայք են թրաֆիքինգի զոհ դառնում, բայց սա սխալ է: Մարդիկ հաճախ աշխատանք են փնտրում արտասահմանում՝ ընտանիքի կարիքների համար, բայց պետք է միշտ ստուգել գործակալությունները, համոզվել, որ պաշտոնական են և զերծ մնալ ցանկացած կասկածելի պայմաններից: Կարևոր է պահպանել փաստաթղթերը և կապվել իրավապաշտպան կառույցների հետ:
Զրույցի վերջում Արտակը ավելացնում է.
«Հույս ունեմ, որ իմ պատմությունը կօգնի ուրիշներին զգուշանալ և խուսափել այդ վտանգներից»։
Պատմությանը կից ցանկանում ենք ներկայացնել 5 խորհուրդ թրաֆիքինգի զոհ չդառնալու համար
1․ Մանրամասն ստուգեք աշխատանքի առաջարկները
Երբեք չվստահեք անհայտ կամ չստուգված գործակալություններին, որոնք խոստանում են արտասահմանում հեշտ ու բարձր վարձատրվող աշխատանք: Հետազոտեք գործակալության պատմությունը, ստուգեք, արդյոք այն ունի լիցենզիա, և խորհրդակցեք իրավաբանի հետ՝ պայմանագրի մանրամասները հասկանալու համար
2․ Մի տրամադրեք անձնական փաստաթղթերը
Երբեք մի հանձնեք ձեր անձնագիրն ու անձնական փաստաթղթերը գործատուին կամ միջնորդին: Դուք պետք է մշտապես ունենաք ձեր փաստաթղթերի պատճենները և պահպանեք դրանք՝ ապահովության համար։
3․ Ուշադրություն դարձրեք կասկածելի նշաններին
Եթե ձեզ չեն տրամադրում հստակ պայմանագրեր, պահանջում են վճարումներ նախօրոք, կամ սահմանափակում են ձեր տեղաշարժի ազատությունը՝ դա կարող է վտանգի նշան լինել: Շփվեք վստահելի մարդկանց հետ, կիսվեք ձեր տեղաշարժերի և պայմանների մասին մանրամասներով։
4․ Օգտվեք թրաֆիքինգի դեմ պայքարող կազմակերպությունների ծառայություններից
Եթե որոշում եք աշխատել արտասահմանում, դիմեք պետական կամ միջազգային կազմակերպություններին, որոնք աջակցում են արտագնա աշխատողներին։ Նրանք կարող են տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն, ապահովել անվտանգ ճանապարհորդություն և աջակցել արտերկրում։
5․ Պահպանեք կապ ընտանիքի և ընկերների հետ
Ցանկացած տեղ գնալիս պահեք մշտական կապ ձեր ընտանիքի և ընկերների հետ: Տեղեկացրեք նրանց, թե որտեղ եք գտնվում, ում հետ եք աշխատում և ինչպես են ձեզ հետ վերաբերվում։ Դա կարող է մեծացնել ձեր անվտանգությունը։
Այս խորհուրդները կօգնեն խուսափել թրաֆիքինգի վտանգից և պաշտպանել ձեզ և ձեր հարազատներին նման ծանր իրավիճակներից
Քնարիկ Մամիկոնյան
About the author