Sputnik.am: 66–ամյա կնոջը 14 տարի թրաֆիքինգի են ենթարկել` ստիպելով մուրացկանությամբ զբաղվել

ByAAVR

Sputnik.am: 66–ամյա կնոջը 14 տարի թրաֆիքինգի են ենթարկել` ստիպելով մուրացկանությամբ զբաղվել

Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել, նա կալանավորված է։ Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 70 հազար դոլար։

66–ամյա կինը դիմել է իրավապահներին ու հաղորդում ներկայացրել այն մասին, որ տարիներ շարունակ իրեն թրաֆիքինգի են ենթարկել։ Ասել է, որ իրեն ծեծել են, ստիպել մուրացկանությամբ զբաղվել ու յուրացրել են ավաքված գումարը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Պարզվել է, որ կինը 2009 թվականին Երևանում վարձով բնակվելիս ծանոթացել է նույն հասցեում վարձակալական հիմունքներով բնակվող 43-ամյա տղամարդու հետ։ Վերջինս նյութական կախվածության մեջ է գցել կնոջն ու օգտվելով նրա «միայնակ և անօգնական վիճակից՝ ենթարկել շահագործման՝ տարիներ շարունակ ստիպելով զբաղվել մուրացկանությամբ»:

Քննության տվյալներով՝ նշված կինը 43-ամյա տղամարդուն խնդրել է շինարարական աշխատանքներ կատարել։ Դրա դիմաց տղամարդը պահանջել է 3000 ԱՄՆ դոլար: Կինը չի կարողացել վճարել պահանջվող գումարը, և տղամարդը նրան դրդել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում մուրացկանությամբ գումար հավաքել։ Ըստ տեղեկությունների` տղամարդը պահանջել է օրվա ընթացքում հավաքված ողջ գումարը՝ մոտ 35-40.000 ՀՀ դրամ, տալ իրեն, իսկ երբ կինը չի համաձայնել կամ փոխանցված գումարը քիչ է եղել, ծեծի է ենթարկել նրան:

«Ըստ նախնական տվյալների` տղամարդը, նպատակ ունենալով տիրանալ 66-ամյա կնոջ կենսաթոշակի գումարներին, նրան հաշվառել է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գտնվող իր տանը, կնոջ անվամբ ձևակերպել տարիքային կենսաթոշակ, որը, քննության տվյալներով, յուրացրել է»,– նշված է հաղորդագրության մեջ։Կնոջ խոսքով` ինքը մի քանի անգամ փորձել է փախչել, սակայն տղամարդն ամեն անգամ պարզել է նրա գտնվելու վայրը, ստիպելով տարել է իր տուն, բացի այդ, փախուստի դիմելու համար ծեծի ենթարկել ու կրկին հարկադրել զբաղվել մուրացկանությամբ:

Վերջին անգամ կինը փախել է 2023թ. հունվարի 31-ին։ Նշվում է, որ նա մի քանի օր մնացել է փողոցում, որից հետո տեղափոխվել անօթևանների համար նախատեսված կացարան:

43-ամյա տղամարդը ձերբակավել է: Խուզարկության ժամանակ տղամարդու բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել է տուժողի կենսաթոշակի բանկային քարտը, 70.200 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև տեսակավորված և առանձին պարկերում հավաքված 1.299.750 ՀՀ դրամի մետաղադրամներ: Նախնական տվյալներով՝ առգրավված մետաղադրամները մուրացկանությամբ զբաղվելու ընթացքում հավաքված գումարն է: Հայտնաբերվել է նաև տուժող կնոջ անձնագիրը, սոցիալական քարտը։

Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 1-ին մասի հատկանիշներով: Նա կալանավորված է։ Նախաքննությունը շարունակվում է:

Հղումը՝ https://armeniasputnik.am/20230210/66amja-knvojy-14-tari-trafiqingi-en-entarkel-stipelvov-murackanutjamb-zbaghvel-55180330.html

Share

About the author

AAVR administrator