Հայաստանում թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ազգային ծրագրի մշտադիտարկման արդյունքները

ByAAVR

Հայաստանում թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ազգային ծրագրի մշտադիտարկման արդյունքները

2019թ․-ի ապրիլի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի աշխատանքային խմբի (ԱԽ) հերթական նիստը։

Հանդիպմանը բացման խոսքով և օրակարգի ներկայացմամբ հանդես եկավ ԱԽ ղեկավար Վ․Կաժոյանը։ Նիստի օրակարգի գլխավոր թեման, Գյուլնարա Շահինյանի (մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում միջազգային փորձագետ, ԳՐԵՏԱ-ի նախկին փորձագետ, փոխնախագահ) անմիջական ղեկավարությամբ իրականացված, վերլուծությունների/առաջարկների տեսքով 2016-2018 թվականների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ) մշտադիտարկման արդյունքների ներկայացումն էր։

Միջազգային փորձագետը իր խոսքի սկզբում շնորհակալություն հայտնեց ԱԽ անդամներին (ՀՀ բոլոր գերատեսչությունների, ոլորտում գործունեություն ծավալող տեղական և միջազգային ՀԿ-ների ներկայացուցիչներ) արդեն տասը և ավել տարիներ ՀՀ-ում թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում կատարած աշխատանքների և գրանցված հաջողությունների համար։ Հաջորդիվ նա անդրադարձավ 2016-2018 թվականների ԳԱԾ մշտադիտարկման արդյունքներին և հանդես եկավ առաջարկություններով, որոնք կարող են կիրառվել նոր՝ 2019-2021 ԳԱԾ-ում։ Բանախոսի ներկայացրած մշտադիտարկման փաստաթղթի հատուկ հանձնարարակաների ցանկում առանձնացված էին հետևյալ առաջարկությունները․

  • «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» եզրույթը պետք է կիրառելի լինի թրաֆիքինգը քրեականացնող դրույթների մեկնաբանման համար, այսինքն՝ 132-րդ և 132-1-րդ հոդվածներում՝ համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) թիվ 29 կոնվենցիայի 2.1 հոդվածի։
  • Թրաֆիքինգի ձևերի ցանկի ընդլայնում՝ ներառելով մուրացկանության, հարկադիր ամուսնության և անօրինական այլ գործունեության ձևերը:
  • Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հանցագործության առումով ՀՀ քրեական օրենսգրքով սահմանել պատասխանատվություն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիայի 10-րդ հոդվածի համապատասխան:
  • Համապատասխանեցնել օրենսդրական դրույթները «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի հետ և նախատեսված լինեն հատուկ միջոցների կիրառումը, որոնք կապահովեն երեխայի պաշտպանությունը որպես վկա և հանցագործության զոհ հանդես գալու ժամանակ:
  • Ավելացնել «խոցելիության չարաշահում» տերմինը հանցագործության կատարման միջոցներին և ներկայացնել «խոցելիության» տերմինի բացատրությունը:
  • ՀՀ իշխանությունների համար վերահաստատել «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների փորձագետների խմբի» (ԳՐԵՏԱ) հանձնարարականները՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու, փոխհատուցման գործընթացը հեշտացնելու և երաշխավորելու առումով։
  • Կիրառել ԱՄԿ-ի գյուղատնտեսությունում աշխատանքային տեսչության մասին թիվ 129 կոնվենցիան, որը թույլ է տալիս աշխատանքային տեսուչներին, առանց նախապես ծանուցման, այցեր կատարել գյուղատնտեսական աշխատանքների տեղանքներ։
  • Կարևոր է ստեղծել մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ տեղեկատվական և տվյալների հավաքագրման համապարփակ համակարգ։
  • Պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները զոհերի անձնական տվյալների պաշտպանության համար, այդ թվում, երբ նման ազգային տեղեկատվական համակարգի համար թրաֆիքինգի զոհերի հետ աշխատող ՀԿ-ներից պահանջվում է զոհերի մասին տեղեկատվության փոխանցում:
  • Թրաֆիքինգի իրազեկման ծավալները ընդլայնելու նպատակով ԱԽ կառավարման մեթոդիկայի վերանայում՝ հնարավոր նոր գործընկերների ներգրավման ավանդույթի ձևավորմամբ։
  • Ներդնել լիցենզավորման գործընթացներ և վերանայել օրենսդրական դաշտը:
  • Ջանքեր գործադրել համացանցի և սոցիալական ցանցերի միջոցով աշխատանքի կեղծ առաջարկությունների տարածումը կանխելու և հասարակությանը իրազեկելու անվտանգ միգրացիայի և թրաֆիքինգի ռիսկերի վերաբերյալ:
  • Վավերացնել ԱՄԿ-ի 2014թ.-ի արձանագրությունը:
  • Համապատասխանեցնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությունը Աշխատանքի տեսչության մասին թիվ 81 կոնվենցիայի (1947թ.) պահանջներին:
  • Վերանայել երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերը համաձայն ԱՄԿ-ի «Երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի արգելման մասին» կոնվենցիայի։
  • Մշակել հարկադիր աշխատանքի և երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի բացահայտման համար ստուգաթերթ:
  • Համոզվել, որ բոլոր երեխաների համար հասանելի է որակյալ կրթությունը:
  • Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի հատուկ հարցերի քննարկումներում ներգրավել այն տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին, որոնք ունեն փորձ և հաստատված ծրագրեր՝ ուղղված երեխաների սեռական շահագործման և երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի վերացմանը:
  • Հզորացնել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կարողությունները և մոտիվացնել այդ պաշտոնյաներին՝ երեխաների իրավունքների պաշտպանության պրոակտիվ ներկայացուցիչներ հանդես գալու նկատառումով։
  • Իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար կազմակերպել հատուկ դասընթացներ՝ հետաքննության գործընթացի ժամանակ երեխա զոհերի հետ հարցազրույց վարելու և սոցիալական ծառայություններ իրականացնող մարմինների հետ համագործակցելու ուղղությամբ:
  • Կիրառել երեխայի հետ հարցազրույց վարելու տեխնիկական նրբությունները և ապահովել հարցարույցի ապահով և անվտանգ միջավայրը:
  • Ապահովել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքով սահմանված աջակցության ամբողջական փաթեթի տրամադրումը:
  • Ոլորտում կատարված աշխատանքների գնահատում ապահովելու համար Ցուցիչների/գործիքաշարի կիրառում։
  • Ապահովել գործող Թեժ գծերի անխափան աշխատանքը։

Տիկին Շահինյանի ներկայացումից հետո ԱԽ անդամները որոշ առաջարկությունների առումով տվեցին բացատրություններ և եղավ ակտիվ հարց ու պատասխանի ընթացք։ Մասնավորապես քննարկումներից և առաջարկներից առանձնացնում ենք․

  • ՀՀ միգրանտների շահերի պաշտպանության և իրազեկման նկատառումով հատկապես ՌԴ-ում ունենալ հատուկ ներկայացուցիչ, ով կուղղորդի նրանց այնտեղ իրականացնել օրինական աշխատանք։ Այստեղ կարող է օգտակար լինել նաև պետության կողմից ՌԴ-ում գործող նպատակային ՀԿ-ներին պատվիրակման միջոցով խնդրի լուծում տալու գործոնը։
  • Կատարված աշխատանքների գնահատման առումով ցուցիչների/գործիքաշարի մշակման համար կարող է կիրառվել միջազգային փորձը և միջազգային փորձագետների ներգրավումը/ներդրումը։
  • ՀՀ նորընտիր կառավարության կազմին մշտադիտարկման արդյունքների ներկայացում և հետագա աշխատանքային գրաֆիկի կազմում։

Ավելի քան երեք ժամ տևած հանդիպման արդյունքներն ամփոփեց Վ․Կաժոյանը, ով խոսեց թեմայի համընդգրկուն լինելու, նպատակային դասընթացների անընդմեջ անցկացման անհրաժեշտության, մշտադիտարկման դուրսբերումների հենքով նոր ԳԱԾ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու, արդեն իսկ մշակված լրագրողական մրցանակաբաշխության նոր կանոնադրության հարցերի մասին։

Հանդիպման ավարտին ԱԽ անդամների մեջ ձեռք բերվեց համաձայնություն նոր լրամշակումներով ԳԱԾ-ը կրկին շրջանառել և ներկայացնել ՀՀ փոխվարչապետ Մ․Գրիգորյանին առաջիկա խորհրդի նիստում որպես օրակարգային հարց ներառելու նկատառումով։

Հանդիպման ֆոտո-ռեպորտաժն այս հղումով՝ https://bit.ly/2UQKiN8

Share

About the author

AAVR administrator