2024թ.-ի փետրվարի 23-24-ին կայացավ ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի (ԱԽ) արտագնա հանդիպումը Ծաղկաձորում։
Հանդիպմանը մասնակցում էին ԱԽ-ում ընդգրկված ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ։
Օրակարգը հագեցած էր, քանի որ բավական ժամանակ էր անցել նախորդ հանդիպումից և կուտակված շատ հարցեր իրենց պատասխաններին էին սպասում։
Հանդիպմանը բացման կարճ խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ԱԽ համակարգող՝ Սոֆի Բոստանչյանը։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին նա ներկայացրեց օրակարգում ընդգրկված հարցերը և հավաստիացրեց, որ առաջիկա երկու օրերի ընթացքում ԱԽ-ն կկարողանա արդյունավետ քննարկումներով լուծել բոլոր կուտակված խնդիրները։ Նաև շնորհակալություն հայտնեց «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակին համագործակցության և արտագնա հանդիպման կայացմանն աջակցելու համար։ Մասնակիցներին ողջունեց նաև «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդը, ով մասնավորապես նշեց, որ իրենց կազմակերպությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացնում է «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում իրականացվում են բազմաթիվ գործողություններ, այդ թվում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում։
Օրակարգի առաջին հարցը՝ Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից 2022-2023թթ. ընթացքում իրականացրած աշխատանքները ներկայացրեց Սոֆի Բոստանչյանը, հանգամանալի կանգ առնելով վիճակագրության (վիճակագրությունը տեղադրված է antitrafficking.am կայքի Հաշվետվություններ բաժնում), մշակված չափորոշիչների վրա, նշելով որ այս հանդիպման քննարկմանն է ներկայացված նաև «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Օրակարգի երկրորդ հարցը՝ ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի շրջանակում 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները ներկայացրեց անկախ փորձագետ՝ Գայանե Հովակիմյանը (ներկայացումը տեղադրված է antitrafficking.am կայքի Հաշվետվություններ բաժնում), ով նաև մշակել և իրականացրել է «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ազգային ծրագրի» մոնիտորինգը։ Ներկայացմանը հաջորդեց օրակարգի հաջորդ հարցի քննարկումը՝ ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի շրջանակում 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփումը, որին մասնակցեցին նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները։ Քննարկման ավարտին ՀԿ-ների ներկայացուցիչները հարց բարձրացրին, թե ինչու հաշվետվությունում ներառված չէ իրենց կողմից ոչ պետական ֆինանսավորմամբ կատարված աշխատանքները։ Որպես հարցի պատասխան՝ որոշվեց ՀԿ-ների համար ևս մշակել հաշվետվության ձև, որով նրանք կկարողանան ներկայացնել իրենց կողմից ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի դաշտում իրականացված աշխատանքները։
Օրակարգի մյուս՝ շատ կարևոր հարցը դա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկեր հասարակական կազմակերպությունների կողմից 2023 թվականի ընթացքում իրականացրած աշխատանքների, վեր հանած խնդիրների և առաջարկությունների ներկայացումն էր, որին մասնակցեցին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն», «Կարիտաս», «Դեմոկրատիան այսօր», «Ամքոր Հայաստան», «Վորլդ Վիժն», «Աուդիո-Վիզուալ», «Հույս և օգնություն» տեղական և միջազգային ՀԿ-ների ներկայացուցիչները։ Վերջինս նամակով տեղեկացրել իր կողմից իրականացված աշխատանքները և այն խնդիրները., որոնց բախվել էր այդ ընթացքում։
Օրակարգում քննարկման համար ընդգրկված էր նաև ՀՀ-ում հնդիկ աշխատողների աշխատանքային և կեցության իրավունքների և որպես հնարավոր շահագործման հարցը։ Հարցը թե պետական և թե ՀԿ դաշտում աշխատող մասնագետների համար ավելի քան արդիական էր, ուստի ծավալվեց կառուցողական քննարկում օտարերկրյա քաղաքացիների հնարավոր շահագործումը կանխարգելելու շուրջ։
Հաջորդ օրը սկսվեց ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանելու մասին» N 851-Ն որոշման մեջ կատարված լրացումների ու փոփոխությունների քննարկումով, որը ներկայացրեց փորձագետ՝ Դավիդ Թումասյանը։ Հիմնականում քննարկվեցին և լուծվեցին նախագծի այն վիճահարույց կետերը, որոնք նախանշել էին ՀԿ-ները։
Քննարկման առարկա դարձավ նաև օրակարգի կետերից մեկը՝ ԱՄՆ պետաքարտուղարության 2023 թվականի զեկույցը և ս.թ. մարտի 5-ին Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) հետ կայանալիք կլոր-սեղան հանդիպման շրջանակում քննարկվելիք հարցերը, որը ներկայացրեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ՝ Լիլիթ Անտոնյանը։ Այն հարցին, թե ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցի պատրաստման համար նախատեսված հարցաշարը ՀԿ-ներին ևս ուղարկվել է, թե՞ ոչ՝ բոլոր ՀԿ-ները տվեցին բացասական պատասխան։ Քանի որ հարցաշարին պատասխանելու ժամկետն արդեն լրացել էր, որոշվեց ինչ-որ ձևով փորձել ՀԿ-ների կարծիքները ևս ներկայացնել ԱՄՆ պետդեպարտամենտ Հայաստանի վերաբերյալ զեկույցը լիարժեք դարձնելու համար։
Օրակարգը սպառելուց հետո կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին ինչպես մասնակիցներին, այնպես էլ օժանդակողներին՝ ակտիվ և շահագրգիռ մասնակցության և կառուցողական քննարկման համար։
Աուդիո-Վիզուալ ՀԿ հատուկ antitrafficking.am կայքի համար
Նյութը լուսանկարներով տեղադրված է նաև Facebook-ի Anti-Trafficking Information Platform in Armenia էջում
About the author