Աշխատաժողով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի վերաբերյալ իրավական կարգավորումները և դրանց փոփոխությունների անհրաժեշտությունը» թեմայով

ByAAVR

Աշխատաժողով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի վերաբերյալ իրավական կարգավորումները և դրանց փոփոխությունների անհրաժեշտությունը» թեմայով

Նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել ենք Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից Հայաստանում իրականացվող «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում. զոհերի նույնականացման, պաշտպանության և ուղղորդման համակարգերի բարելավում» ծրագրին, որը ֆինանսավորվում է ՄՄԿ Զարգացման հիմնադրամի կողմից:

Ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 18-ին կայացավ աշխատաժողով, որի օրակարգում ընդգրկված էր երկու կարևոր հարց՝ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի 2026-2028 թթ. համար մշակվող Գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ) և դրա հետ փոխկապակցված. «Ազգային ուղղորդման կարգի վերաբերյալ իրավական կարգավորումները և դրանց փոփոխությունների անհրաժեշտությունը» նախագծերի ներկայացումը։

Աշխատաժողովին ներկա էին Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի Աշխատանքային խմբի (ԱԽ) անդամները ընդլայնված կազմով, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով առաջնահերթ հանդես եկավ ՄՄԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար՝ Իլոնա Տեր-Մինասյանը, ով հակիրճ ներկայացրեց, թե ներկայիս միգրացիոն հոսքերի ակտիվության պայմաններում որքանով է կարևորվում այդ հոսքերի իրավական կարգավորումները, հատկապես երբ հարցը վերաբերում է մարդկանց հնարավոր շահագործմանը՝ թրաֆիքինգին։

Հաջորդիվ հանդես եկավ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ՝ Տաթևիկ Ստեփանյանը, ով հանդիսանալով Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքները համակարգող նախարարության ներկայացուցիչ, հիմնական ուղղություններով նախանշեց նախարարության դիրքորոշումը օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։

Այնուհետ, որպես հիմնական զեկուցող, ներկայացումով հանդես եկավ ՄՄԿ փորձագետ՝ Սերգեյ Ղազինյանը, ով հանգամանալից ներկայացրեց 2008թ.-ին ընդունված Ազգային ուղղորդման կարգի վերաբերյալ իրավական կարգավորումները և դրանց փոփոխությունների անհրաժեշտությունը։  

Ելույթներին հաջորդեց աշխատանքային քննարկում, որին իրենց շահագրգիռ ակտիվությունը բերեցին ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հիմնական թեման նոր մշակվող ԳԱԾ-ի և Ուղղորդման կարգի համապատասխանությունն էր օրվա պահանջներին։

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ եղավ նաև 2023-2025թթ.-ների ԳԱԾ-ի իրականացման անկախ մոնիտորինգի և կատարված աշխատանքների գնահատման հարցերին։ Հարց բարձրացվեց նաև կատարվող աշխատանքների մասին տեղեկատվության տարածման հարցերին։ Մասնավորապես կարծիք հնչեց, որ նույնիսկ ԱԽ-ն բավարար չափով տեղեկատվության չի տիրապետում։

Աշխատաժողովի ընթացքում բարձրաձայնված խնդիրներն ըստ փորձագետի տեղ կգտնեն առաջիկայում մշակվող ԳԱԾ-ի և Ուղղորդման կարգի նախագծերում։ 

Share

About the author

AAVR administrator