«Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի թիրախային նպատակներից է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ քրեական վարույթների ընթացքում զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության ապահովումը։
Այս կապակցությամբ նախորդիվ ձեռքբերված պայմանավորվածությունների իրացումն ապահովելու նպատակով Ծրագրի շրջանակներում դատախազների համար մշակվել է “Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածության և զոհակենտրոն մոտեցումների ապահովման” ուղեցույցի և դրա կիրառելիության մեթոդաբանության նախագծեր, որոնց մանրամասն դիտարկումը ծավալվել է ՀՀ գլխավոր դատախազության գործընկերների հետ։
Ուղեցույցը բովանդակում է նաև տուժած անձանց հետ՝ տարիքի, մտավոր զարգացվածության աստիճանի ու սեռի առանձնահատկություններով պայմանավորված աշխատանքային առանձնահատուկ մոտեցումներ, և դրա կարևորագույն նպատակներից է զոհի հետ այնպիսի աշխատանք տանել, որպեսզի բացառվի երկրորդային զոհականացման հավանականությունը։
Երկուստեք կարևորելով թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածության և զոհակենտրոն մոտեցումների ապահովմանն ուղղված ուղեցույցի անհրաժեշտությունն ու կարևորությունը, գործընկերների հետ ձեռք են բերվել՝ ՀՀ դատախազության մարմիններում դրա ներդման և կիրառելության ապահովման մասով կոնկրետ պայմանավորվածություններ։
Քննարկվել է նաև քրեական վարույթի ընթացքում զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության գերակշռմանն առնչվող այլ հարցերի լայն շրջանակ։
About the author