ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Վորլդ Վիժն Հայաստանի միջև 2021 թվականի հոկտեմբերի 6-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Փաստաթուղթն իրենց ստորագրությամբ վավերացրել են Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ու Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։
Հուշագիրը ստորագրվել է Վորլդ Վիժնի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում:
Համագործակցության նպատակն է կողմերի ջանքերի և ռեսուրսների համատեղման սկզբունքով խթանել հարկադիր աշխատանքի ենթադրյալ դեպքերի հայտնաբերման և գնահատման կապակցությամբ Տեսչական մարմնի ծառայողների մասնագիտական կարողությունների բարձրացումը և դրանց շարունակական կատարելագործումը, աջակցել հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործմանը և կիրառելության ապահովմանը, ինչպես նաև այդ կապակցությամբ նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանն ու հզորացմանը։
Հակոբ Ավագյանը բարձր գնահատեց սույն նախաձեռնությունը և ընդգծեց, որ առանձնահատուկ է կարևորում հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ և գործուն համագործակցության ծավալումը՝ Տեսչական մարմնի ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման և շարունակական կատարելագործման գործընթացն ապահովելու համար։
Րաֆֆի Դուդակլյանը, իր հերթին ևս կարևորելով հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը, նշեց, որ կազմակերպությունը կօգտագործի իր մասնագիտական և տեխնիկական ներուժն այս նախաձեռնությունը պատվով կյանքի կոչելու և փոխգործակցության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։
Նյութն ամբողջությամբ՝ https://www.facebook.com/worldvisionarmenia.official/posts/4636309093066135
About the author