«Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրային թիմը հանդիպել է ՀՀ քննչական կոմիտեի պատասխանատու ծառայողների հետ։
Հանդիպման ընթացքում գործընկերներին է ներկայացվել ծրագրի շրջանակներում հատուկ քննիչների համար մշակված մեթոդական ուղեցույցի նախագիծը, որը սահմանում է մարդու թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով տուժող ճանաչված անձանց հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածության և զոհակենտրոն մոտեցումներն ապահովող իրավահարաբերությունները, ինչպես նաև այդ վարույթներով քննչական գործողություններ կատարելու առանձնահատկությունները, դրանց իրականացման որոշակի տակտիկական և մեթոդական մոտեցումները:
Ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն իր խոսքում առանձնահատուկ ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ծառայողները մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերով քրեական վարույթներով զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության ապահովման առանցքային դերակատարներից են։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուղեցույցի ներդրման և կիրառելության ապահովմանն առնչվող կարևոր հանգամանքներ և կատարվել են վերոգրյալի անհրաժեշտությունը հիմնավորող հստակ արձանագրումներ։
About the author