Հայաստանում գործունեություն ծավալող 90 փաստաբան վերապատրաստվել է «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» (TATiP) ծրագրի շրջանակում։
Մշակված հատուկ մոդուլով վերապատրստումները նախատեսված են Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ քրեական վարույթներում ներգրավված այն մասնագետների համար, որոնք անմիջականորեն աշխատում են զոհերի հետ։ Ծրագրի նպատակը տուժած անձանց հետ աշխատանքում զոհակենտրոն քննության և մոտեցումների երաշխավորումն է։
ՀՀ փաստաբանների պալատի աջակցությամբ կազմակերպված վերապատրաստման առաջին երկու փուլերն անցկացվել են մարտ–ապրիլ ամիսներին։ Դրանց մասնակցել են ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի և մասնավոր գործունեություն իրականացնող 60 փաստաբան, ինչպես նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի դասախոսական կազմի փաստաբան-ներկայացուցիչներ։
«Հանրային պաշտպաններն օրենքով պարտավորություն ունեն անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերել ինչպես թրաֆիքինգի զոհերին, այնպես էլ մեղադրյալներին ու կասկածյալներին։ Եթե մասնավոր փաստաբանն ինքն է ընտրում՝ որ գործով զբաղվել, որով՝ ոչ, ապա հանրային պաշտպանին գործը մակագրվում է, պետք է վարի,- ասում է դասընթացավար Հարութ Ակլունցը,- պատահական չէր, որ 90 մասնակիցներից 60-ը հանրային պաշտպաններ են։ Այս դասընթացի շրջանակում Հանրային պաշտպանի գրասենյակի քրեաիրավական մասնագիտացմամբ բոլոր փաստաբաններին վերապատրաստել ենք»։
Հարութ Ակլունցի խոսքով՝ դասընթացը մշակելիս երկու գլխավոր սկզբունք են առանձնացրել․ նախ ներկայացնել օրենսդրության կարգավորումների փոփոխությունները, ապա ապահովել այդ ամենի գործնական կիրառումը․ «Ակնկալում ենք, որ դասընթացի արդյունքում մեր փաստաբանները կլինեն առավել պատրաստված համապատասխան գործեր վարելիս, ինչը տեսանելի կլինի նաև վճիռների վրա»։
«Դասընթացն այս պահին շատ կարևոր է, որովհետև օրենսդրության մեջ բավականին շատ փոփոխություններ են եղել, և դրանց ծանոթանալը մեզ համար անհրաժեշտություն է։ Մենք, որպես կանոն, հիմնականում պաշտպանում ենք թրաֆիքյորներին, և այդտեղ կարևոր շերտեր կան՝ գործերը ճիշտ ընկալելու համար։ Կոնկրետ ինձ հետաքրքիր էր հատկապես արարքի որակման վերաբերյալ մեկնաբանություններն ու ծավալված քննարկումը,- ասում է դասընթացի մասնակից, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը։
Նշենք, որ վերապատրաստման մոդուլը ներառում է նաև զոհի հետ աշխատանքի հոգեբանական կողմը։ Հոգեբան փորձագետը ներկայացնում է զոհակենտրոնության սոցիալ–հոգեբանական ասպեկտները։
«Մեզ մոտ գործերը շատ բազմաբնույթ են, մեկը մեկից շատ տարբեր, և երբեմն մենք ինքներս չենք հասցնում վերապատրաստումներ կազմակերպել, ու փաստաբանները գործը ստանձնելիս ստիպված են լինում ինքնուրույն ուսումնասիրել նախադեպերն ու առնչվող օրենսդրությունը։ Այսպիսի դասընթացներն օգնում են գործից մի քայլ առաջ լինել՝ պատրաստված լինել, ոչ թե գործը ստանալուց հետո այդ ամենն անել,- ասում է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գագիկ Մկրտչյանն ու հավելում, որ կարևորում է նաև քննչական մարմինների և դատարանների ներկայացուցիչների նմանատիպ վերապատրաստումը, որպեսզի բոլորը «նույն լեզվով խոսեն»։
«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ վերապատրաստման մոդուլ է մշակվել նաև քրեական վարույթի այլ մասնակիցների՝ ոստիկանության ծառայողների, քննիչների, դատախազների, դատավորների համար։ Դասընթացները կմեկնարկեն առաջիկայում։
Նշենք, որ Ծրագրի շրջանակում վերապատրաստումների շարքը մեկնարկել է դեռևս 2022 թ.-ի մարտին։ Մինչ այժմ մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներին մասնակցել են նաև Աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները, Սոցիալական աշխատողները և Միգրացիոն ծառայության ներկայացուցիչները։
«Միասին ընդդեմ մարդցկանց թրաֆիքինգի» ծրագիրն իրականացնում է «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը՝ Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հետ համատեղ՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ։
About the author