Համատեղ ջանքերով՝ ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի

ByAAVR

Համատեղ ջանքերով՝ ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի

Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար հանդիպում-քննարկում էր կազմակերպել «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի ծրագրային թիմերի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Տվյալներ ազդեցության համար» ծրագրի ներկայացուցիչների միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերջերս Վորլդ Վիժն Հայաստանի և ՀՀ ԱՍՀ նախարարության միջև կնքված հուշագրով նախատեսված գործողությունների իրականացման, թրաֆիքինգի զոհերի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման և դրա վարման, սոցիալական աշխատողների համար նախատեսված ուղեցույցի լրամշակման և ներդրման, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման դասընթացի կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր։

Քննարկման մասնակիցներին ներկայացվեցին նաև «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի տեղեկատվական արշավների ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա անելիքները, որոնք իրականացվում են Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի կողմից։

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը 2021թ․-ի հունիսից սկսել է իրականացնել «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» եռամյա ծրագիրը, որի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտաբերումը, ուղղորդումը, նույնացումն ու աջակցությունը, նպաստել ոլորտը կարգավորող օրենսդրության ներդաշնակեցմանն ու բարելավմանը, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանն ու հզորացմանը, ինչպես նաև զարգացնել և կատարելագործել բնակչության, այդ թվում՝ առավել խոցելի խմբերի հետ առաջնային շփում ունեցող և անմիջական կապի մեջ գտնվող պետական իրավասու մարմինների ծառայողների մասնագիտական կարողությունները։ Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, դրա համակատարող և գործընկեր կազմակերպություններն են Աուդիո – վիզուալ լրագրողների ասոցիացիան և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը։

Նյութի մասին ավելին՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02WB7JXtzKtWpqUxRcQZGwDSvzKmAuvdJLYeVUhyGBZmUuPuedzcTtoHCmj29a172Tl&id=100064864411016

Share

About the author

AAVR administrator