Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում, ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Հաբեթ Մկրտչյանի և նույն Վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի հետ։
Իր խոսքում ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն ընդգծել է ՀՀ ոստիկանության և հատկապես սույն մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների առանձնահատուկ դերը մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթադրյալ դեպքերի հայտաբերման առումով, ինչպես նաև մատնանշել ՀՀ ոստիկանության՝ որպես հետաքննության մարմնի, կողմից նախաքննության ընթացքում իրականացվող և դրան օժանդակող գործունեության շրջանակներում ևս զոհակենտրոն մոտեցումների ապահովման կարևորությունը։
Այս կապակցությամբ հանդիպման ընթացքում քննարկվել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածության և զոհակենտրոն մոտեցումների ապահովմանն ուղղված ուղեցույցերի մշակման և ներդրման անհրաժեշտությունն ու կարևորությունը, որոնք կբովանդակեն նաև տուժած անձանց հետ՝ տարիքի, մտավոր զարգացվածության աստիճանի ու սեռի առանձնահատկություններով պայմանավորված համապատասխան գործողությունների ընթացքը կանոնակարգող հատուկ մոտեցումներ, ինչի արդյունքում հնարավորինս բացառվի նաև երկրորդային զոհականացման հավանականությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թեմային առնչվող այլ հարցերի լայն շրջանակ։
About the author