ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Վորլդ Վիժն Հայաստանի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր

ByAAVR

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Վորլդ Վիժն Հայաստանի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Վորլդ Վիժն Հայաստանի միջև 2021 թվականի հոկտեմբերի 15-ին ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր։

Փաստաթուղթն իրենց ստորագրությամբ վավերացրին նախարար Նարեկ Մկրտչյանը և կազմակերպության տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։

Հուշագիրը ստորագրվել է Վորլդ Վիժնի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում:

Փաստաթղթի նպատակն է կողմերի ջանքերի և ռեսուրսների համատեղման սկզբունքով խթանել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության ոլորտի օրենսդրության ներդաշնակեցումն ու կատարելագործումը, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրումը և հզորացումը, պետական իրավասու մարմինների ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումն ու կատարելագործումը, ինչպես նաև իրականացնել աշխատանքներ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների էլեկտրոնային համակարգի (բազայի) ստեղծման ուղղությամբ։

«Ուրախ եմ, որ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը տարիներ ի վեր մի քանի ուղղություններով համագործակցում է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության հետ»,- նշեց նախարարը` անդրադառնալով հետևյալ ծրագրերին․

  • երեխաներին ծառայությունների մատուցում Վորլդ Վիժնի “Նավակ” կենտրոնների միջոցով,
  • տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման հարցում աջակցություն ,Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (#CLASS) ծրագրի շրջանակում,
  • «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում համայնքահեն ծառայությունների ներդրում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար,
  • Աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը, որը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից,
  • երիտասարդության զբաղվածության խթանման ծրագրերը:

«Շատ ուրախ եմ հաջող համագործակցության համար և հպարտ եմ, որ Վորլդ Վիժնը դերակատարում ունի ձեր ծրագրերի իրականացման մեջ: Համոզված եմ, որ «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում ևս լավ արդյունքներ կունենանք»,-իր հերթին նշեց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Նյութն ամբողջությամբ՝ https://www.facebook.com/worldvisionarmenia.official/posts/4666158600081184

Share

About the author

AAVR administrator