Նոր ինտերակտիվ առցանց դասընթաց՝ սոցաշխատողների համար

ByAAVR

Նոր ինտերակտիվ առցանց դասընթաց՝ սոցաշխատողների համար

«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում ստեղծվել է ինտերակտիվ ուսումնական առցանց դասընթաց՝ նախատեսված սոցաշխատողների համար։

Երևանի պետական համալսարանը և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը դեռևս 2020 թ.-ին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի Հեռաուսուցման լաբորատորիայում ներդրել են համայնքային սոցիալական աշխատողների համար նախատեսված «Համայնքային սոցիալական աշխատանք» 11-ամսյա դասընթացը։ Նախորդ տարվա սեպտեմբերից դրանում ներառվել է նաև «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (AASW) փորձագետների մշակած «Սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի ենթարկված անձանց հետ․ կանխարգելում, միջամտություն և վերականգնում» մոդուլը։

Այժմ էլ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ ՎՎԻ-ի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիայի փորձագիտական խումբը թվայնացրել է նշված մոդուլը և պատրաստել ինտերակտիվ ուսումնական առցանց դասընթաց։

«Չափազանց կարևոր և նորարարական աշխատանք է կատարվել։ Այս ամենն, ի վերջո, արվում է թրաֆիքինգը կանխարգելելու համար։ Թրաֆիքինգի կամ շահագործման հավանական զոհերի հետ շփվող առաջին օղակը սոցիալական աշխատողներն են, և նրանց գիտելիքները, հմտություններն ու փորձն օգնում են նվազեցնել թրաֆիքինգի հնարավոր ռիսկերը։ Այդ գիտելիքները պետք է հասցնել անգամ ամենահեռավոր համայնքներում, սոցիալական ոլորտում աշխատող մեր գործընկերներին, և այս գործիքն այդ հնարավորությունը տալիս է»,- նշեց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։

Վեց դասից բաղկացած դասընթացը ներառում է մեծաքանակ մեդիանյութեր, տարբեր լեզուներով գրականություն, որոնց սերտումից հետո գործիքը հնարավորություն է տալիս ստուգել սեփական գիտելիքները։ Ի դեպ, այն հասանելի է լինելու նաև դասընթացի ավարտից հետո։ Դրա ստեղծողներն ընդգծում են, որ այն ոչ թե պարզապես լսարանային դասախոսություն է «Zoom» տոխնոլոգիայի կիրառմամբ, այլ ստեղծված է զրոյից՝ ինստրուկցիոն դիզայնի հիման վրա։

Թվայնացված մոդուլն արդեն տեղադրվել է նաև ԵՊՀ համապատասխան կրթական պլատֆորմներում և ներառվելու է ֆակուլտետի «Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների» ամբիոնի ուսումնական պլանում։ «Այս մոդուլն արդեն հասանելի է ոչ միայն դասընթացի մասնակիցներին, այլև ԵՊՀ ուսանողական հանրույթին։ Վերապատրաստման մասնակիցների շրջանակի ընդլայնումը և դասընթացի արդյունավետության բարձացումն իր հերթին կերաշխավորի սոցաշխատողների մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների կատարելագործումը, ինչն էլ կնպաստի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց բացահայտմանը, պատշաճ ուղղորդմանը, ինչպես նաև վերջիններիս տրամադրվող սոցիալական աջակցության բարելավմանը»,- ասում է «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը։

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, գոհունակություն հայտնելով արդեն ձևավորված համագործակցության վերաբերյալ, հույս հայտնեց, որ հետագայում ևս կստեղծվեն նոր պրոդուկտներ, որոնք նախատեսված կլինեն ոչ միայն գործող մասնագետների համար, այլև կամընտրական հիմունքներով լայնորեն կկիրառվեն կրթական գործընթացում։

«Ինչքան էլ լավ մշակված լինի կրթական ծրագիրը, ինչքան է լավը լինեն դասախոսները, միևնույն է ամեն ինչ մեծապես կախված է սովորողից,- վստահեցնում է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանն ու հորդորում դասընթացի մասնակիցներին հնարավորինս ակտիվ օգտագործել այս գործիքի ընձեռած հնարավորություններն ու շատ գիտելիք ստանալ։

Share

About the author

AAVR administrator