Մամլո ասուլիս` թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին

  2017թ. հուլիսի 28-ին Հենարան մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա հռչակմանը (հուլիսի 30): Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ,

մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի նախագահ Էլեոնորա Վիրապյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վաչե Հովսեփյանը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ, ՀՀ-ում մարդկանց շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար Լուսինե Հակոբյանը և ՀՀ կառավարության թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդի ոչ պաշտոնական կայքի (www.antitrafficking.am ) կառավարող, հանրության շրջանում նպատակային իրազեկումն իրականացնող կառույց  «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն:

Հանդիպման մեկնարկին Վ. Կաժոյանը պարզաբանեց, որ թրաֆիքինգի դեմ պայքարում տարվող աշխատանքների գնահատականը դժվար է տալ մեկ տարվա կտվածքով, ուստի պետք է խոսել՝ նայելով ավելի վաղ շրջաններում իրականացված աշխատանքները: Թրաֆիքինգի դեմ պայքարին նպատակաուղղված միջոցառումների մասին խոսելով, նա դրանք բաժանեց 3 հիմնական մասերի, երբ  սպիտակ ստրկության դեմ պետք է պայքարել երկրի ներսում՝ տրամադրելով աջակցություն զոհերին, ստեղծելով համապատասխան օրենսդրական դաշտ, ինչպես նաև ներհամագործակցության հարթակ: Այստեղ հարկ է նշել, որ ՀՀ-ում գործում է Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խումբ, որը սերտ համագործակցում է բոլոր գերատեսչությունների հետ:

Հաջորդ կարևոր կետը վերաբերվում է միջազգային պարտավորություններին. ՀՀ-ն վավերացրել է մեծ թվով միջազգային փաստաթղթեր և հռչակագրեր:

Վերջին կարևորագույն բաղկացուցիչ մասը երկրների միջև համագործակցությունն է, քանի որ թրաֆիքինգի բազմաթիվ դեպքերում տեղի է ունենում սահմանահատում:

Վ. Կաժոյանն ավելացրեց, որ ՀՀ-ն հիմնականում սկզբնաղբյուր երկիր է հանդիսանում: Համաձայն ՀՀ Ոստիկանության ներկայացրած վիճակագրության ՀՀ քաղաքացիների համար նպատակակետ երկրներ են հանդիսանում  Թուրքիան, ՌԴ-ն և ԱՄԷ-ն:

Սեռական շահագործման դեպքերը հիմնականում գրանցվում են Թուրքիայում և ԱՄԷ-ում, իսկ աշխատանքայինը՝ ՌԴ-ում և Թուրքիայում: Միջգերատեսչական համագործակցություն իրականացվում է միայն ԱՄԷ-ի և ՌԴ-ի հետ, քանի որ Թուրքիայի և ՀՀ-ի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ:

Գրանցված հաջող համագործակցություններից հարկ է առանձնացնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: ԱՄՆ Պետդեպարտամենտը յուրաքանչյուր տարի հրապարակում է Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցը (TIP Report), որն իր մեջ ներառում է ամբողջական տեղեկատվություն տվյալ տարվա կտրվածքով կոնկրետ երկրների իրականացրած աշխատանքների վերաբերյալ:

Ըստ վերոնշյալ զեկույցի՝ ՀՀ-ն 5 տարի անընդմեջ առաջին շարքի երկրներում է գտնվում, որը մեծ ձեռքբերում և հաջողություն է: ՀՀ-ի փորձը ոչ միայն հավանության է արժանանում, այլև այն հետաքրքիր մոդել է այլ երկրներում ներդնելու համար:

Գրանցված վերջին հաջողություններից է օրեր առաջ ՀՀ քաղաքացու Թբիլիսից ետ վերադարձը, որը աշխատանքային թրաֆիքինգի էր ենթարկվում Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերում: ՀՀ քաղաքացուն տրամադրվել է համապատասխան օգնություն՝ ֆինանսական, հոգեբական, սոցիալական:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի նախագահ Էլեոնորա Վիրապյանը առանձնացրեց.

-Եթե առաջ թրաֆիքինգի գրանցված հիմնական դեպքերը սեռական շահագործման էին և զոհերը կանայք էին, ապա այսօր գրանցվում են աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր և երեխաների շահագործում: Հարկ է նշել, որ ՀՀ-ում չեն գրանցվել տղամարդկանց սեռական շահագործման դեպքեր:

ՀՀ-ում օրենսդրական բարեփոխումները զոհակենտրոն են. թրաֆքինգի զոհերը ստանում են աջակցության ամբողջական փաթեթ՝ անկախ նրանից, թե դատարանում ցուցմունք և կամ վկայություն տալիս են, թե ոչ:

Փաստերից ելնելով, ՀՀ-ում հավաքագրողները հիմնականում հանդիսանում են հարևաններն ու բարեկամները:Գրանցվել են նաև դեպքեր, երբ ծնողներն են հանդիսացել զոհի հավաքագրման նախաձեռնող և շահագրգիռ կողմ:

Ամեն դեպքում պետք է իմանալ, որ ցանկացած աշխատանք պետք է վավերացվի աշխատանքային պայմանագրով և յուրաքանչյուր ոք պետք է իմանա իր իրավունքները: Կասկածելի իրավիճակներից խուսափելու համար գործում են ՀԿ-ների,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև ՀՀ ոստիկանություն թեժ գծերը, որին մշտապես տրվում է արձագանք:

Գործում է նաև արագ արձագանքման www.antitrafficking.am  կայէջն ու Anti-Trafficking Information Platform in Armenia  ֆեյսբուքյան հարթակը: Կայքի «Աջակցություն զոհերին» բաժնում կարելի է գտնել թեժ գծերի և օգնության հեռախսահամարները: Դիմելով նաև կազմակերպությանը կարելի է ստանալ անվճար խորհրդատվություն և ուղղորդում:

Է. Վիրապյանը հստակեցրեց, որ այս կիսամյակում ներկայացվել է 4 միջնորդություն 11 անձ համար, որոնցից նույնացվել են 7-ը:

Ասուլիսին ներկա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ԳՎ թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վաչե Հովսեփյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ.

2017 թվականին ՀՀ-ում արձանագրվել է թրաֆիքինգի 7 դեպք, որոնցից 4-ը աշխատանքային, իսկ 3-ը սեռական շահագործման դեպքեր են: Աշխատանքային շահագործման բոլոր դեպքերը ներքին թրաֆիքինգի դեպքեր են, (գրանցվել են ՀՀ-ում ՀՀ քաղաքացինների նկատմամբ, ընդ որում, մեկը մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով):

 Սեռական շահագործման դեպքերից 1-ը ներքին, 2-ը արտաքին շահագործման դեպքեր են (Թուրքիայում, ԱՄԷ-ում): 

Նշված դեպքերով գրանցվել է թրաֆիքինգի 12 տուժող, որոնցից 5-ը սեռական, 7-ը աշխատանքային շահագործման զոհեր են: Վերոհիշյալ թրաֆիքինգի զոհերից 5-ը արական և 7-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Գրանցված 12 տուժողներից 6-ը չափահաս, 6-ն անչափահաս են եղել: Անչափահասներից 1-ը իգական, 5-ն արական սեռի ներկայացուցիչներ են եղել:

2016 թվականին ՀՀ-ում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 10 դեպք, որից 7 աշխատանքային, 3-ը՝ սեռական շահագործման:

Սեռական շահագործման դեպքերից 2-ի համար նպատակակետ երկիր է հանդիսացել ԱՄԷ-ը, իսկ մեկի համար՝ ՀՀ-ն: Աշխատանքային շահագործման դեպքերից մեկը գրանցվել է Թուրքիայում, 6-ը՝ ՌԴ-ում: Տուժող ճանաչվածների մեջ անչափահասներ չեն եղել:

Թրաֆիքյորների ազատազրկումը ՀՀ-ում 5-8 տարի է, իսկ ծանրացուցիչ հանգամանքներում՝ 14-15 տարի:

Հարկ է մեկ անգամ ևս ավելացնել, որ ՀՀ-ն մշտապես պատրաստակամ է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ  պայքարի ոլորտը կատարելագործելու նպատակով ակտիվ համագործակցել ոլորտում ներգրավված բոլոր դերակատարների հետ:

Հանդիպման ֆոտոշարքը այս հղումով՝  https://goo.gl/C4eXhT

Share