Պետդեպ. Հայաստանի երեխաները խոցելի են համարվում մուրացկանության մեջ ներգրավվելու տեսանկյունից

Հայ կանայք և երեխաները խոցելի են համարվում երկրի ներսում՝ մուրացկանության մեջ ներգրավվելու տեսանկյունից, նշված է «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2014 թ.-ի ԱՄՆ Պետքարտուղարության տարեկան զեկույցում:

Ըստ զեկույցի որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք նաև խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով:

Նշված է, որ մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են շարունակում մնալ գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և խնամատար հաստատությունների երեխաները:

Ինչ վերաբերվում է հարկադիր աշխատանքի դեպքերին, զեկույցում նշված է, որ հիմնականում նման դեպքեր գրանցվել են Ռուսաստանում և, ավելի փոքր ծավալով, Թուրքիայում:

Ըստ զեկույցի 2014թ. Հայաստանի դատարանների կողմից թրաֆիքինգ իրականացնելու համար դատապարտվել է 7 հոգի, որից 5-ը սեռական թրաֆիքինգի, 2-ը՝ աշխատանքային թրաֆիքինգի համար (2013 թ.-ն՝ 15 հոգի): Պատժաչափերը եղել են 6-ից 11 տարվա ազատազրկում:

Չնայած նշված խնդիներին, այնուամենայնիվ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին:

Այսպես, 2014թ. խորհրդարանն ընդունեց օրենք, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար: Սակայն դեռևս չկար տուժողների կամ վկաների պաշտպանությա պաշտոնական մեխանիզմ, ինչպես նաև բացահայտվել էին ավելի քիչ թվով զոհեր:

Ոստիկանությունը հաջողությամբ իրականացրել է Հայաստան թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերի նույնացում և նրանց ուղղորդել դեպի խնամք ապահովող կազմակերպություններ: Կառավարությունը պահպանել է ամուր գործակցային ու աշխատանքային հարաբերությունները հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, տեղական ԶԼՄ-ների, դոնոր կազմակերպությունների ու տարածաշրջանային գործընկերների հետ: Դատարանների կողմից մարդկանց թրաֆիքինգի համար ավելի քիչ մարդիկ են դատապարտվել:

Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ՝ Trafficking in Persons հղումով:
Հայաստանին վերաբերող հատվածը՝ Զեկույց մարդկանց թրաֆիքինգի 2014 թ. մասին հղումով:

Share