Երեք օր “anti-trafficking” տիրույթում

ByAAVR

Երեք օր “anti-trafficking” տիրույթում

Հարցազրույց ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի հետ:


– Դասընթացի ընթացքում շատ քննարկումներ եղան այն մասին, որ իրավական և լրագրողական դաշտերը շատ հաճախ հատվում են հատկապես թրաֆիքինգի թեման լուսաբանելիս: Ինչպե՞ս է կարգավորվում այս “հատումը”:

– Նախևառաջ լրագրողական գործունեությունը, ինչպես և ցանկացած գործունեություն գտնվում է օրենսդրական կարգավորման տիրույթում, մասնավորաբար այն կարգավորվում է “Զանգվածային լրատվության մասին” և “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքներով: Լրագրողը, որպես և ցանկացած այլ աշխատող կամ մասնագետ ունի պարտականություններ և իրավունքներ, հետևաբար, դրանց կիրառումը պարտադիր է:

– Այսօրվա լրագրողը թրաֆիքինգի թեմայով նյութ պատրաստելիս համագործակցու՞մ է իրավապահների հետ: Ըստ Ձեզ որ՞ն է այդ համագործակցության լավագույն ձևը:

– Ցանկացած հանցագործություն լուսաբանելիս իրավապահ մարմինների հետ համագործակցությունը ցանկալի է: Լրագրողը լուսաբանելով հանցագործությունը կամ դրա քննությունը հաճախ ուշադրություն չի դարձնում որոշ մանրուքների վրա, որոնք իր կարծիքով կարող են համարվել ոչ էական, բայց իրականում լինեն կարևոր և գործի քննության համար էական նշանակություն ունեցող: Ավելին, երբեմն լրագրողներն իրենց վրա են վերցնում դատարանի ֆունկցիան և որակում են արարքը , օրինակ, առևանգումը կամ աշխատանքային իրավահարաբերության խախտումը մարդու թրաֆիքինգ անվանելով՝ չպահպանելով որակման կանոնները, կամ ավելին խախտում են անմեղության կանխավարկածը և դեռ քննվող գործի ընթացքը ներկայացնում որպես փաստ:

– Որքանո՞վ է այսօր մարդկանց թրաֆիքինգի Հայաստանի օրենսդրական դաշտը ապահովում դեպքերի ճիշտ որակավորումը: Եվ եթե կան թերություններ, ապա ըստ Ձեզ որո՞նք են դրանք:

– Չնայած 2011թ.-ի թրաֆիքինգի հոդվածները հիմնովին փոփոխվել են, բայց միևնույն է դեռ կան անելիքներ նաև այս ոլորտում: Այսպես 2011թ.-ի ԵՄ հրահանգի համաձայն շահագործման ձևերից մեկն է հանդիսանում նաև հանցագործության մեջ ներգրավելու շահագործումը, որը մեր քրեական օրենսգրքով դեռ ամրագրված չէ: Քանի որ մարդու թրաֆիքինգն արագ ձևափոխվող հանցագործություն է, հետևաբար պետք է ճկունություն ապահովել նաև դրա դեմ պայքարի օրենսդրության մեջ:

– Թրաֆիքինգի դեմ պայքարում կա՞ արդյոք համագործակցություն երկրի ներսում և նրա սահմաններից դուրս գործող պետական և ոչ պետական կառույցների միջև և ո՞ր երկրների փորձն եք համարում լավագույնը այս հարցում:

– ՀՀ-ում համագործակցությունն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից 2009թ.-ին հաստատված Ազգային ուղորդման կարգով, որտեղ նախատեսում է պետական լիազոր մարմինների և ՀԿ-ների համագործակցությունը, եղանակները, տեղեկատվության փոխանակումը և այլն, իսկ ինչ վերաբերում է միջազգային լավագույն փորձին, ապա նշեմ, որ ՀՀ-ում արդիականանում է աշխատանքային շահագործման դեմ ուղղված աշխատանքները, իսկ հարկադիր աշխատանքի դեմ պայքարի լավագույն փորձն ունեն Բրազիլիան ու Բելգիան:

Share

About the author

AAVR administrator

Leave a Reply