Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն. 2013 թվական

ByAAVR

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն. 2013 թվական

2015 թվականի «Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությանն» ընդառաջ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի թիմը ձեզ է ներկայացնում մրցանակաբաշխության ժամանակագրությունը և մրցանակակիրներին իրենց աշխատանքներով:

2013 թ.-ի հունիսի 6-ին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի շենքում տեղի ունեցավ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը, Արտաքին գործերի նախարարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհրդի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Թվով երկրորդ մրցանակաբաշխությունը 2013 թ.-ին ամփոփեց ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհրդի նախորոք հայտարարված լրագրողական մրցույթի արդյունքները:

Մրցույթին ներկայացվել էին 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 փետրվարի 28-ը հրապարակված թրաֆիքինգի և դրա դեմ պայքարին վերաբերող 30-ից ավել տպագիր, առցանց լրագրողական նյութերը, ինչպես նաև ռադիո և վիդեո արտադրանք:

Ներկայացված աշխատանքների գնահատմամբ զբաղվել էր մասնագիտական ժյուրին, որը կազմված էր թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Յուրաքանչյուր անվանակարգում շնորհվել էին դրամական մրցանակներ:

“Վերջին տարիներին համակարգված աշխատանք է իրականացվել թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում: Մենք ունենք նկատելի հաջողություններ, բայց դրանք շատ ավելի շոշափելի կլինեն, եթե հասարակությունը եւս պատշաճ տեղեկացված լինի այդ երեւույթի մասին: Այդ իսկ պատճառով մենք կարեւորում ենք հանրության իրազեկման աշխատանքները եւ, կարծում ենք, այս մրցույթը եւս նպաստում է այդ խնդրի լուծմանը”,- իր խոսքում նշեց Արմեն Գեւորգյանը`վստահեցնելով, որ թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերը շարունակվելու են կառավարության ուշադրության կենտրոնում գտնվել:

Նա նաև շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին, մասնավորապես` ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի երևւանյան գրասենյակին` մրցանակաբաշխության կազմակերպման անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորելու, ինչպես նաեւ մասնագիտական ժյուրիին` կատարած աշխատանքի համար:

Խորհրդի նախագահն հավաստագրեր հանձնեց հաղթողներին:

Մասնագիտական ժյուրիի որոշմամբ`

«Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգի հաղթողներն էին.

1-ին տեղ՝ Անուշ Մկրտչյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող,
«Թող հավատան, որ կյանքը սրանով չի ավարտվում» ռադիոնյութի համար

2-րդ տեղ՝ Դիանա Ավետիսյանը, «Սոցիալական ցանցերը կարող են դառնալ թրաֆիքինգի ցանցեր» սոցիալական տեսահոլովակի համար

3-րդ տեղ՝ Անի Մանուկյանը` «Ստրկությունից մինչեւ թրաֆիքինգ» սոցիալական տեսահոլովակի համար:

«Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգի հաղթողներն էին.

Մասնագիտական ժյուրին այս անվանակարգում առաջին տեղ չէր շնորհել:

2-րդ տեղ՝ Վահան Իշխանյանը, «Հայաստան. ստրկությունը 21-րդ դարում կամ թրաֆիքինգ» հրապարակման համար,

3-րդ տեղ՝ Աստղիկ Կարապետյանը, «Երկիր» պարբերականի լրագրող, «Ուզում եմ թրաֆիքինգի զոհ դառնալ» նյութի համար:

Նշենք, որ ժյուրիին ներկայացվել էր շուրջ 40 աշխատանք: Անցյալ տարի, երբ մրցանակաբաշխությունն անցկացվում էր առաջին անգամ, ներկայացվել էր շուրջ մեկ տասնյակ աշխատանք, ինչը վկայում է լրագրողական շրջանում թեմայի վերաբերյալ հետաքրքրության աճի մասին:

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել այն լրագրողներին և հեղինակներին, ովքեր իրենց աշխատանքներում անդրադառնում են այդ երեւույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը:

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն – 2015-ին մասնակցելու մանրամասներն այստեղ՝ Լրագրողական մրցույթի մասնակցության հրավեր

Share

About the author

AAVR administrator