Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի 2017 թվականի երկրորդ հանդիպումը

ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի 2017 թվականի երկրորդ հանդիպումը

Հունիսի 7-ին կայացած ԱԽ հանդիպման մեկնարկին ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, ՀՀ-ում մարդկանց շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար Լուսինե Հակոբյանը խոսեց Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ) գնահատման 2-րդ փուլի և ԵԱՀԿ գործող նախագահի՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ժարբուսինովայի Հայաստանի վերաբերյալ զեկույցների հանձնարականների մասին:  Լ. Հակոբյանը նշեց, որ նախապես պայմանավորվածությունն այնպիսին էր, որ զեկույցում ոչինչ չէր փոխվելու և յուրաքնչյուր կետ ներկայացվելու էր որպես ԱԽ անդամների ներկայացրած տեղեկատվություն, սակայն զեկույցում տեղ են գտել մեծ թվով անհամապատասխանություններ: Հարկ է նշել, որ ԱԽ ներկայացուցիչների բուռն գործունեության շնորհիվ իրականությանը չհամապատասխանող որոշ կետեր փոփոխությունների են ենթարկվել: Հանդիպման ընթացքում մանրամասնվեց, որ Մ. Ժարբուսինովային դուր չեն եկել ՀՀ ներկայացուցիչների նկատառումները, քանի որ զեկույցի գրեթե յուրաքանչյուրի վերաբերյալ մեկնաբանություններ են եղել և ԱԽ անդամները նշել են, որ տեղեկատվության թյուրըմբռնում է տեղի ունեցել:

Լ. Հակոբյանը մասնավորապես խոսեց զեկույցի հանձնարարականների 37-րդ կետի մասին, որտեղ ներկայացված է ՀՀ-ում շինարարության ոլորտում Թուրքիայի և Ֆիլիպինների քաղաքացիների շահագործման մասին:

-Մենք դիմել ենք տիկին Ժարբուսինովային՝ թուրք և ֆիլիպինցի միգրանտների դեպքի մասին ինֆորմացիոն փոփոխություն կատարելու խնդրանքով, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը, սակայն նա ուղարկել է ՀՀ փոխոստիկանապետի հետ խոսակցության արձանագրությունը, որտեղ և ամրագրված է եղել, որ ոլորտը խնդրահարույց է և հնարավոր է, որ առկա են այդպիսի միգրանտներ,-նշեց Լ. Հակոբյանը: Քննարկումների արդյունքում անկախ փորձագետ Օվսաննա Բաբայանը փաստեց, որ Մ. Ժարբուսինովայի ՀՀ այցի շրջանակներիում տեղի ունեցած հանդիպմանը խոսվել և մեկնաբանվել  է Թուրքիայի և Ֆիլիպինների քաղաքացիների շահագործման մասին: Ակնհայտ է, որ այս կետի մասով որևէ փոփոխություն կատարվել չի կարող և այն ամրագրվելու է Զեկույցում:

Անդրադարձ կատարվեց նաև զեկույցի 39-րդ կետին, որտեղ ներկայացված է ՀՀ քաղաքացիների և արտասահմանցիների ապաստան հայցելու կանոնակարգի տարբերությունները և արտասահմանցիներին ՀՀ-ում հանդիպող բարդությունները: Զեկույցում ամրագրված է, որ տեղեկություններ են ստացվել օրինական սահմանահատողներին ու ապաստան հայցողներին ձերբակալելու վերաբերյալ: Քննարկումների և մանրամասն տեղեկությունների հայթհայթման արդյունքում պարզ դարձավ, որ վերոնշյալ կետը վերագրվում է միայն մեկ դեպքի (Աֆղանստանի երկու քաղաքացիներ), երբ սահմանահումից հետո  քաղքացիները մեկ օր բնակություն են հաստատել գյուղում և  միայն ոստիկանության հայտնաբերումից հետո են դիմել ապաստան հայցելուն:

-Աֆղանստանի երկու քաղաքացիների խնդիրը հետևյալն է. իրավապահ մարմիններն այդ իրավիճակում նշում են, որ երբ մարդիկ ձերբակալվում են, ասում են, թե եկել են ապաստան հայցելու, սակայն մի նկատառում ևս. այստեղ թրաֆիքինգի որևէ դեպք չկա,-մեկնաբանեց ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ, ԱԽ անդամ Սերգեյ Ղազինյանը:

ԵԱՀԿ ներկայացուցչի կողմից իրականությանը չհամապատասխանող մեկ այլ նկատառում էլ եղել է, որ ՀՀ քաղաքացիների համար ապաստան հայցելու կարգը չափազանց հեշտացված է, մինչդեռ  արտասահմանցիներինը՝ բարդեցված:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» կոնվենցիայի կատարման վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև ԳՐԵՏԱ-ի զեկույցում նշված անհապաղ գործողություններ պահանջող խնդիրները, որոնց դիտակետում էին տեսչական մարմինները, աշխատանքային շահագործման նպատակով թրաֆիքինգի (մասնավորապես երեխաների թրաֆիքինգի) կանխարգելմանն ուղղված գործողությունները, ջանքերը, չափորոշիչները, զոհերին նույնականացման մեխանիզմները, ինչպես նաև տրամադրվող աջակցությունը:

-Պետք է պատրաստել և ներկայացնել միջանկյալ զեկույց ևս, թե ինչ գործողություններ են ձեռնարկվելու խնդրահարույց խնդիրներին լուծումներ առաջարկելու ուղղությամբ,-հստակեցրեց Լ. Հակոբյանը:

Օրակարգի հաջորդ հարցն ուղղված էր տեսչական մարմինների բարեփոխումներին:  Աշխատանքային խմբի անդամ, Առողջապահության նախարարության աշխատանքային տեսչության աշխատակից Ստեփան Շահումյանը խոսեց ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահական տեսչական մարմնի կանոնադրության, կառուցվածքի, փոփոխությունների և բարեփոխումների մասին: Ս. Շահումյանը ներկայացրեց տեսչական մարմնի գործառույթները, կառավարումն ու ղեկավարումը, ինչպես նաև տեսչական մարմնի աշխատանքների կազմակերպումն ու ֆինանսավորումը: Քննարկումների արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը նկատեց, որ բարեփոխումների արդյունքում փոխվում է կառույցի միայն անվանումը, իսկ հետևանքների առումով՝ ոչ մի դրական մոդել չի նկատվում:

Աշխատանքային խմբի քննարկման հաջորդ թեման ուղղված էր 2017 թ.-ին ԳԱԾ-ով (Գործողությունների ազգային ծրագիր) նախատեսված միջոցառումների իրականացմանը, որտեղ հստակեցվեցին կատարվելիք գործողությունները և քննարկվեցին սպասվելիք միջոցառումների մանրամասները:   Լ. Հակոբյանը խոսեց աշխատանքի և երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի հայտնաբերման ստուգաթերթերի մասին:

Աշխատանքային խմբի անդամ, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը ներկայացրեց 2017-2019թթ.-ի մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարական ծրագրի 70-րդ կետով նախատեսված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերում փոփոխությունները:

-Նախնական տարբերակում թրաֆիքինգի ոլորտին վերաբերող ավելի շատ կետեր են եղել, սակայն քննարկումների ժամանակ ինքս տեղեկացրել եմ, որ մենք ունենք առանձին ԳԱԾ: Տեխնիկական ընթացքը հետևյալն է. մենք մեր առաջարկություններն ուղարկելու ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որը դրա հիման վրա պետք է կազմի վերջնական փաթեթն ու ներկայացնի Արդարադատութան նախարարություն: Պետք է մանրամասն քննարկել ներկայացվող առաջարկությունները, քանի որ դրա իրականացման պարտականությունն ունենք չորրորդ եռամսյակում-տեղեկացրեց Դ. Թումասյանը:

-Օրենքից բխող ակտերի վերանայումը եղել է նախարարության գերակա ուղղություններից մեկը: Արդարադատության նախարարությունը բազմաթիվ անգամներ վերցնում է տարբեր ազգային ծրագրերից միջոցառումներ և ներկայացնում է որպես նոր նախաձեռնություն, ինչը, իմ կարծիքով, իմաստ չունի,-պարզաբանեց Էլեոնորա Վիրապյանը (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ, Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի նախագահ):

Հստակեցվեց, որ մինչ 2017թ.-ի օգոստոս ԱԽ յուրաքանչյուր անդամ կներկայացնի իր առաջարկությունը, որը կքննարկվի մոտակա նիստի ժամանակ:

Հաջորդիվ, աշխատանքային խմբի հանդիպմանը ներկայացվեց և քննարկվեց Լանցարոտեի և Սանտյագո դե Կոմպոստելայի կոնվենցիաներին միանալու ընթացքը: ԱԳՆ իրավաբանական վարչության ներկայացուցիչ Վարդուհի Մելիքյանը խոսեց Արդարադատության նախարարության կողմից ստացված դրական արձագանքի, կոնվենցիայի թարգմանության և դրական առաջընթացի մասին:

-Առաջիկա օրերին կարող ենք այն ներկայացնել ՀՀ նախագահի հավանությանն ու ստորագրել,-հավելեց Վարդուհի Մելիքյանը:

Աշխատանքային խմբի հանդիպման դիտակետից անմասն չմնաց Մարդկանց թրաֆիքինգի (շահագործման) և դրա դեմ պայքարի լուսաբանման լրագրողական ամենամյա մրցանակաբաշխությունը: ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը  ներկայացրեց իր անգոհունակությունն ու նկատառումները նախորդ՝ 2016 թվականի,  մրցանակաբաշխության վերաբերյալ: Վ. Կաժոյանը խոսեց առաջարկությունների և նոր գաղափարների մասին՝ մրցանակաբաշխության մեջ փոփոխություններ կատարելու և կամ ունեցածը կատարելագործելու նկառատումներով: Նա նշեց, որ ամեն տարի ներգրավված էր լինում մրցանակաբաշխության կազմակերպչական և իրականացման աշխատանքներում, սակայն նախորդ տարվա աշխատանքներին չի մասնակցել և գրանցված արդյունքները գոհացուցիչ չեն եղել:

-Ծրագրի սկզբում նախատեսվում էր, որ լրագրողական մրցանակաբաշխության ժյուրիի անդամները պետք է լինեին անկախ փորձագետներ, սակայն փորձը ցույց է տալիս, որ սա ոչ դրական հետևանք է ունենում,-փաստեց Վահրամ Կաժոյանը: Նա նշեց, որ խիստ կարևորում է Աշխատանքային խմբի ներկայացուցիչների մասնակի կամ լիարժեք ներգրավվածությունը վերոնշյալ ծրագրի կազմակերպչական և լրագրողական նյութերի գնահատման աշխատանքներում:

Աշխատանքային խմբի անդամ, «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը խոսեց իր նկատառումների մասին՝ մրցանակաբաշխությանը ներկայացված լրագրողական նյութերի քանակի կտրուկ նվազման, ժյուրիի աշխատանքի, մրցանակաբաշխության կակոնադրության և աշխատելաոճի մասին, ընդգծեց ծրագրի բացերն ու թույլ կողմերը:

– Մրցանակաբաշխությունը մեկ օրվա աշխատանք չէ: Պետք է աշխատել ամբողջ տարվա կտրվածքով՝ մոնիտորինգ կատարել և մոտիվացնել լրագրողներին՝ դիմելու մրցանակաբաշխությանը, ինչը «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում էր մինչ 2016 թվականը:

Աշխատանքային խմբի անդամ, փորձագետ, Տաթևիկ Բեժանյանը կատարելով իր նկատառումները, նշեց, որ լինելով 2016 թվականի մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, հնարավորություն է ունեցել գնահատել աշխատանքները միայն առցանց տարբերակով: Չեն եղել նիստեր, որտեղ ժյուրիի անդամները հնարավորություն կունենային քննարկել, մեկնաբանել և գնահատել լրագրողական աշխատանքները:

-Շատ կարևոր է երբ ժյուրիի անդամները հավաքվում և քննարկում են յուրաքանչյուր դիտարկվող նյութ: Նախորդ տարիների հանդիպումներին մենք նաև ունեցել ենք կարծիքների բախումներ, որի արդյունքում լրագրողներն արժանացել են մրցանակների, կամ ընդհակառակը՝ զրկվել են,-ավելացեց Տաթևիկ Բեժանյանը:

Վ. Կաժոյանը առաջադրեց ԱԽ անդամներին ներկայացնել իրենց առաջարկությունները, որոնք կդիտարկվեն և հավանության դեպքում կյանքի կկոչվեն: «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն հանձն առավ ներկայացնել առաջարկ Մարդկանց թրաֆիքինգի (շահագործման) և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխություն անցկացման կանոնակարգի փոփոխության մասին:

Հանդիպման վերջին քննարկումն ուղղված էր ՀՀ գյուղատնտեսությունում աշխատանքային օրենսդրությանն և երեխաների իրավունքների պաշտպանությանը: Աշխատանքային խմբի անդամ, «Հույս և օգնություն» ՀԿ-ի նախագահ Ենոք Շատվորյանը ներկայացրեց գյուղատնտեսության ոչ ֆորմալ զբաղվածության 2014 և 2015 թվականների ցուցանիշները: Թեմայի շրջանակներում աշխատանքային խմբի անդամները քննարկեցին գյուղում ապրող և աշխատող մարդկանց կարգավիճակը,  իրավունքները ու աշխատանքային պայմանները: Առաջարկություն եղավ դիմել տարածքային կառավարման մարմիններին և Գյուղատնտեսության նախարարությանը՝ բարեփոխումների նկատառումներով գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ զեկույց պատրաստելու համար:

Կայացավ ևս մեկ շատ կարևոր հանդիպում՝ ուղղված Հայաստանում մարդկանց թրաֆիքնգի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը, որոնք կունենան իրենց դրական ազդեցությունը:

Հանդիպման ֆոտոշարքը այս հղումով՝  https://goo.gl/m9kge9 

Share

About the author

AAVR administrator