Դեկտեմբերի 2-ը որպես ստրկության վերացման միջազգային օր

ByAAVR

Դեկտեմբերի 2-ը որպես ստրկության վերացման միջազգային օր

Ստրկությունը պարզապես պատմական հորինվածք չէ:  Այն խնդիր էր ոչ միայն վաղ ժամանակներում (օրինակ հին Եգիպտոսում, հին Հռոմում, Հունաստանում, Չինաստանում…), այլ նաև 21-րդ դարում անգամ աշխարհի ամենազարգացած երկրներում:

Ժամանակակից ստրկություն տերմինը ներառում է հարկադիր աշխատանքը, պարտքային իրավիճակից կախվածությունը, հարկադիր ամուսնությունը և մարդկանց թրաֆիքինգը, որը հայտնի է նաև սպիտակ ստրկություն անվամբ: 21-րդ դարի այս չարիքը վերաբերում է շահագործման իրավիճակին, երբ անձը չի կարող հրաժարվել կամ հեռանալ սպառնալիքի, բռնության, հարկադրանքի, խաբեության և / կամ իշխանության չարաշահման պատճառով:

Աշխարհում ավելի քան 150 միլիոն երեխա ենթարկվում է հարկադիր աշխատանքի: Սա նշանակում է, որ ամբողջ աշխարհի յուրաքանչյուր տասը երեխայից մեկը շահագործման զոհ է դառնում:

Չնայած մարդու ազատությունն այսօր բարձրագույն արժեք է համարվում, միևնույն է ստրկությունը դեռ շարունակում է սպառնալիք հանդիսանալ տեխնոլոգիապես զարգացած այս դարաշրջանում:

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տվյալներով, աշխարհում ավելի քան 40 միլիոն մարդ ժամանակակից ստրկության զոհ է դարձել:

1948 թ-ին ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով արգելվեցին ստրկության և ստրկավաճառության բոլոր ձևերը: 1949թ-ին դեկտեմբերի 2-­ը ՄԱԿ­-ի կողմից աշխարհում հայտարարվեց Ստրկության վերացման միջազգային օր: Սա նշանակում է, որ սկսվեց պայքար մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ:

Պայքարն իրականացվում է ժամանակակից ստրկության այնպիսի ձևերի դեմ, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգը, սեռական շահագործումը,հարկադիր աշխատանքը, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերը, օրգան-հյուսվածքների վաճառքը և հարկադիր ամուսնությունը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը 2001 թվականից սկսած, յուրաքանչյուր տարի հրապարակում է «Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույցը (TIP Report), որտեղ ամփոփվում է, թե յուրաքանչյուր երկիր ինչ արդյունքներ է գրանցել թրաֆիքինգի դեմ պայքար իրականացնելու շրջանակներում: Այն ներկայացնում է նաև խորհուրդներ և առաջարկություններ ներառված երկրների պետական և հասարակական կառույցներին՝ թրաֆիքինգի դեմ պայքարի բարելավման և սպիտակ ստրկության վերացման նպատակով:

 Ըստ 2017 թվականի նույն զեկույցի՝ Հայաստանը հինգ տարի անընդմեջ դասվում է առաջին խմբի երկրների շարքին, (2013 թվականից ի վեր) ինչը նշանակում է, որ այստեղ տարվում է բավարար աշխատանք՝ կանխարգելելու թրաֆիքինգ երևույթը և տրամադրելու աջակցություն թրաֆիքինգի զոհերին:

2007 թվականից մինչ այսօր ՀՀ-ում գործում է Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը, որը համագործակցելով պետական, հասարակական և միջազգային կառույցների հետ ակտիվ գործունեություն է իրականացնում թրաֆիքինգի դեմ պայքարում:

Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվել և գործում է Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով Աշխատանքային խումբը (ԱԽ):

Թրաֆիքինգի դեմ պայքարում մեծ դեր ունի «Աուդի-Վիզուալ լրագրողների ասոցացիա» հասարակական կազմակերպությունը, որը հանդիսանալով Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ և համագործակցեով ՀՀ պետական և հասարակական կառույցների, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ, պայքարում է 21-րդ դարում մարդկության ամենամեծ չարիքի՝ ստրկության, դեմ՝ իրականացնելով հանրային և լրագրողական իրազեկման մեծածավալ աշխատանքներ:

Կարևորելով մարդկանց իրազեկությունը թրաֆիքինգի, դրա տեսակների, սեփական իրավունքների և խոցելի իրավիճակների թեմաների շրջանակներում իրականացրել և իրականացնում է իրազեկման արշավներ ՀՀ ամբողջ տարածքում:

Մինչ այսօր «Աուդի-Վիզուալ լրագրողների ասոցացիայի» նախաձեռնությամբ  թողարկվել է թեմատիկ 270 սոցիալական հոլովակ, 42 վավերագրական ֆիլմ, հեռուստահաղորդումներ և 3 մասնագիտական ուղեցույց:

Թրաֆիքինգի դեմ պայքարում մեդիա դաշտի մոտիվացման նպատակով ՀՀ-ում իրականացվում է Թրաֆիքինգի դեմ պայքարի ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն, որի արդյունքում տարվա ընթացքում հրապարակված լավագույն լրագրողական աշխատանքներն արժանանում են մրցանակների:

Ժամանակակից ստրկության դեմ պայքարում ցանկալի արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ է ոչ միայն պետական և հասարակական կառույցների աշխատանքը, այլ նաև հասարակության ակտիվ ներգրավվածությունը:

Share

About the author

AAVR administrator