0

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ նոր օրենքի նախագիծ

Հարցազրույց ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի (ԹԱԽ) ղեկավար Վահրամ Կաժոյանի հետ


– Պարոն Կաժոյան, ինչո՞վ է պայմանավորված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտությունը: Չէ՞ որ արդեն կա գործող կարգ:

– 2008 թվականից ի վեր գործում է մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց Ազգային ուղղորդման կարգը (ԱՈՒԿ) և զգացվում էր, որ կան մի շարք բացեր և անհրաժեշտություն է առաջացել այն ավելի բարելավելու: Մենք ստեղծել էինք աշխատանքային խումբ, որը զբաղվում էր այդ խնդիրների ուսումնասիրությամբ:

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Մարդկանց շահագործման փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) կողմից Հայաստանին էին ներկայացվել համապատասխան հանձնարարականներ միևնույն հարցի կապակցությամբ. ԵԽ-ն առաջարկում էր կատարելագործել, փոփոխել, բարելավել ԱՈՒԿ-ը: ԱՄՆ Պետքարտուղարության կողմից Հայաստանում հերթական տարեկան զեկույցում ներկայացված առաջարկություններում ևս խոսք էր գնում ԱՈՒԿ-ի բարեփոխումների մասին:

Արդեն միանշանակ պարզ դարձավ, որ անհրաժեշտ է ԱՈՒԿ-ի փոփոխել: Աշխատանքների ընթացքում խումբն առաջարկեց ոչ թե բարեփոխել ԱՈՒԿ-ն, այլ այն փոխարինել ամբողջական օրենքով՝ տալով նրան նոր, ավելի բարձր կարգավիճակ: Գաղափարը հիմնավոր էր և ՀՀ Ոստիկանությունը սկսեց նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքները: Շատ կարճ ժամանակում մշակվեց օրենքի նախագիծը և այն ներկայացվեց աշխատանքային խմբի, այնուհետև կառավարության քննարկմանը: Այս օրերի քննարկումներից և վերջնական շտկումներից հետո օրենքի նախագիծը կարգի համաձայն կներկայացվի Ազգային ժողով:

– Ըստ Ձեզ, օրենքն ընդունելուց հետո որո՞նք կլինեն այն նկատելի դրական փոփոխությունները, որը չէր ապահովում ԱՈՒԿ-ը:

– Դաշտն ամբողջությամբ ավելի կարգավորված կլինի և կարծում եմ, որ այն հիմնական դրույթները, որ կային (ասենք նույն թրաֆիքինգի զոհերին աջակցության տրամադրման եռափուլ գործընթացը) ավելի պարզեցվել են, այն դարձել է միափուլ և որևէ ձևով կապված չէ զոհի հետաքննությանը աջակցելու պատրաստակամությունից:

Այստեղ պետք է ավելացնեմ նաև խնդրի լուծման միջազգային պահը, որ այս ամենն իրականացնելով մենք նաև իրականացրած կլինենք ԵԽ-ի և ԱՄՆ Պետքարտուղարության առաջարկությունների մի կարևոր հատվածը:

Ասեմ նաև, որ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» նոր օրենքի ընդունումով մեր օրենսդրական աշխատանքը չի ավարտվում: Օրենքի ընդունմանը կհետևեն առնվազն յոթ ենթաօրենսդրական ակտեր, որոնցով կփորձենք ամբողջությամբ ծածկել այս բնագավառը:

– Օրենսդրական դաշտի փոփոխություններից խոսելիս Հայաստանում ամենամեծ մտավախություններից է ոչ թե օրենքի միչև վերջ մտածված կամ թերի լինելը, այլ այդ օրենքի պատշաճ կիրառության մեխանիզմների առկայությունը: Տվյալ օրենքի ներդրման դեպքում արդյոք կա՞ն մշակված մեխանիզմներ, որոնք կօգնեն օրենքի գործնականում կիրառմանը:

– Համաձայն եմ, բայց բնականաբար ամեն ինչ սկսվում է իհարկե լավ օրենքից: Բազմաթիվ բնագավառներում Հայաստան Հանրապետության օրենքները լավ են գրված, սակայն ավաղ, երբեմն առաջանում են խնդիրներ դրանց կիրառման հետ:

Այս պարագայում ԱՈՒԿ-ը բավականին լավն էր, կատարեց իր առաքելությունը, բայց ժամանակի ընթացքում այն ևս կարիք ունեցավ սկզբունքային փոփոխությունների: Այս փոփոխություններն ապահովելով օրենքում՝ մենք կկարողանանք ապահովել օրենքի կիրառման ճշգրտությունը: Միևնույն ժամանակ մենք թրաֆիքինգի դեմ պայքարի մեր տասնամյա փորձից ելնելով և այն աշխատանքներից, որ արվել են մինչև հիմա, հասկանում ենք, որ բոլոր «գործող անձինք» այս շղթայի մեջ, ովքեր զբաղվում են թրաֆիքինգի զոհերի բացահայտմամբ, նույնականացմամբ, օգնության տրամադրման խնդիրներով, թրաֆիքյորների հետապնդմամբ, դատապարտմամբ շատ լավ պատկերացնում են իրենց գործառույթները և շատ լավ կատարում են իրենց աշխատանքները: Այսինքն մենք չենք ունեցել խնդիրներ օրենքի վատ կատարման պատճառով. համենայն դեպս այս բնագավառում: Պարզապես ունենալով լավ օրենքներ և հետևելով այդ օրենքների տառին և ոգուն, կկարողանանք լավագույնս իրականացնել ամբողջ աշխատանքը:

Աննա Թավաքալյան

“Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի լրագրող

Share

Leave a Reply

Your email address will not be published.