Ուսանողական բանավեճ թրաֆիքինգի թեմայի շուրջ Երևանում

Նոյեմբերի 29-ին Երևանի Անի Պլազա հյուրանոցում կայացավ “Ուսանողական բանավեճ” հանրապետական մրցաշարի եզրափակիչ փուլը, որը անց է կացվում “Քաղաքացիական ներգրավվածություն – ուսանողական բանավեճեր” ծրագրի շրջանակներում:
Եզրափակիչ բանավեճը ծավալվեց “Թրաֆիքինգի ասպարեզում տղամարդիկ ավելի խոցելի են” թեզի շուրջ: Խաղի դատավորներն էին ոլորտի հետ սերտորեն առնչվող մասնագետներ և փորձագետներ` “Աուդիո Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը, ՄԱԿ-ի համակարգման բաժնի պատասխանատու Վարյա Մերուժանյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Համազասպ Դանիելյանը, տնտեսագետ և քաղաքագետ Աստղիկ Միրզաբեկյանը, “Սինոփսիս Արմենիա” ՓԲԸ -ից Դավիթ Խաժակյանը և Կրթության Ազգային ինստիտուտի դաստիարակության և լրացուցիչ կրթության բաժնի ղեկավար Մելանյա Դավթյանը: Եզրափակիչ փուլ հասած բանավիճող թիմերը երկուսն էին` “Վանաձոր” և “Երևան մեկ” թիմերը:

Բանավեճը կազմված էր  թիմերի կառուցողական ելույթներից, որոնց անմիջապես հաջորդում էր հարց ու պատասխան փուլը հակառակորդների միջև, այնուհետև ամեն թիմ ներկայացնում էր իր եզրափակիչ ելույթը:
Բանավիճող կողմերը հանդես էին գալիս ի սկզբանե պատրաստած ելույթներով, որտեղ և ներկայացնում էին իրենց թեզը:
“Կողմ” դիրքորոշմամբ ելույթ ունեցող “Վանաձորի” թիմն իր ելույթում հիմնականում հաստատում էր այն միտքը, որ շահագործումը չի ճանաչում սեռ, այլ միայն շահ:
“Եթե խորությամբ ուսումնասիրենք թրաֆիքինգի միտումները, կարձանագրենք, որ որպես աշխատունակ և ֆիզիկապես ավելի ուժեղ սեռ տղամարդկանց թրաֆիքինգն ավելի շահավետ է, հետևաբար, տղամարդիկ ավելի խոցելի են:  ՄԱԿ-ի հետազոտությունների համաձայն տղամարդիկ շահագործման են ենթարկվում արդյունաբերական կենտրոններում, ծանր աշխատանք պահանջող ոլորտներում: Միջազգային վիճակագրական տվյալների համաձայն ողջ աշխարհում ավելի քան 27 միլիոն մարդ է դարձել  թրաֆիքինգի զոհ: Անշուշտ, այս վիճակագրական տվյալներում առավել մեծ թիվ են կազմում իգական սեռի ներկայացուցիչների թրաֆիքինգի դեպքերը, սակայն, հիմնվելով այս տվյալների վրա, չի կարելի պնդել, որ կանայք և աղջիկներն ավելի խոցելի են, քան տղամարդիկ:  Նշված վիճակագրություններում խոսվում է միայն բացահայտված դեպքերի մասին, մինչդեռ, ինչպես փաստում են բազմաթիվ ՀԿ-ներ և միջազգային կառույցներ, թաքնված թրաֆիքինգն ավելի տարածված է, քան բացահայտվածը, քանի որ թրաֆիքինգի ենթարկված տղամարդիկ, գաղտնի են պահում այդ իրողությունը` մտածելով իրենց հեղինակության և տղամարդկային արժանապատվության մասին”, – այսպես սկսեց իր ելույթը “Վանաձոր” թիմը:

“Դեմ” կողմնորոշմամբ “Երևան մեկ” թիմն  իր ելույթում նշեց. “Հանդես գալով “Դեմ” դիքորոշմամբ, մենք փաստում ենք, որ տղամարդիկ, այո՛, խոցելի են որոշակի առումով, սակայն պետք է պնդենք, որ կանանց թրաֆիքինգի ենթարկվելու հավանականությունն ավելի մեծ է: Փորձենք սահմանել, թե ինչ է նշանակում խոցելիություն. խոցելիությունը միայն ֆիզիկական թուլություն չէ, այլ այն բոլոր գործոնների ամբողջականությունն է, որը թրաֆիքյորի ձեռքին գործիք է հանդիսանում զոհին մանիպուլյացիայի ենթարկելու համար:

Փորձենք հասկանալ թե ինչու են կանայք համարվում ավելի խոցելի: Ընտրել թիրախային խումբ, նշանակում է համատեղել և լավագույնս իրագործել դրա կառավարելիությունը, շահութաբերությունը և արդիականությունը: Հատկանշականն այն է, որ այս երեք գործոնները լավագույնս համընկում էն հենց կանանց պարագայում”:
Ելույթներից հետո դատավորները կայացրրին իրենց որոշումը համաձայն թեմայի շարադրանքի, տերմինների սահմանման, բանավիճելու և փաստարկները ճիշտ օգտագործելու չափանիշների: Արդյունքում հաղթող թիմ ճանաչվեց ընդամենը մեկ միավորի տարբերությամբ “Երևան մեկ” թիմը:
Իրենց եզրափակիչ խոսքում դատավորները նշեցին, որ թիմերի պատրաստվածությունը բավականին բարձր էր, և որ թիմերն  օգտվում էին միջազգային պաշտոնական տվյալներից, ճիշտ աղբյուրներից, իսկ հանրային խոսքին տիրապետելու ունակությունը` օրինակելի է: Այնուամենայնիվ, ըստ դատավորների, թիմերին պակասում էր մի կարևորագույն գիտելիք` հայկական դաշտի մասին գիտելիքները, քանի որ բանավեճի ողջ ընթացքում գեթ ոչ մի անգամ չհնչեցին տվյալներ Հայաստանի մասին:

* “Քաղաքացիական ներգրավվածություն – ուսանողական բանավեճեր” ծրագիրն իրականացվում է “Ջինիշյան” հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) կողմից և համաֆինանսավորվում է “Ջինիշյան” հիշատակի հիմնադրամի և Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Երևանյան գրասենյակի կողմից:

** Բանավեճի լուսանկարները կարող էք դիտել “Ջինիշյան” հիշատակի հիմնադրամի Ֆեյսբուքյան էջում`

https://www.facebook.com/media/set/?set=a.991912717488798.1073741846.185532871460124&type=1

 

Share