Դեկտեմբերի 2-ը Ստրկության վերացման միջազգային օր

ByAAVR

Դեկտեմբերի 2-ը Ստրկության վերացման միջազգային օր

Դեկտեմբերի 2­ը ՄԱԿ­ի կողմից 1949թ․-ին աշխարհում հայտարարված է Ստրկության վերացման միջազգային օր:

Մարդկանց ստրկացումը, շահագործումը, վաճառքը գալիս է անհիշելի ժամանակներից: Եվ չնայած մենք այսօր ապրում ենք զարգացման մի դարաշրջանում, երբ մարդու ազատությունը հայտարարված է որպես բարձրագույն արժեք, միևնույն է ստրկությունը հասել է մինչև մեր օրերը: Ժամանակակից ստրկությունն ունի նաև մեկ այլ անուն` թրաֆիքինգ:

ՄԱԿ-ի տվյալնով ամեն տարի երկրագնդի վրա ստրկության մեջ են գտնվում մոտ 30 մլն մարդ։ Այդ թվում է նաև Հայաստանը։ Տարեկան Հայաստանում իրավապահ մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից միջին հաշվով հայտնաբերվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման 15-20 դեպք։

Հայաստանը վերջին երեք տարիներին ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակվող «Trafficking in Persons» զեկույցում (http://goo.gl/9uQsfw) դասվում է առաջին խմբի երկրների թվին, ինչը նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը հասարակական կազմակերպությունների հետ համատեղ առավելագույն ջանքեր է գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարի ոչ դյուրին գործում: Տարածաշրջանում միայն Հայաստանին է հաջողվել նման արդյունքներ գրանցել՝ http://antitrafficking.am/tag/tip/:

Սակայն այս արդյունքները դեռ չեն նշանակում, որ Հայաստանը թրաֆիքինգի խնդիրն անվերադարձ լուծել է. անելիքներ կան թե՛ հանրային իրազեկության, թե՛ զոհերի աջակցության, թե՛ հանցագործությունների բացահայտման և թե՛ լրատվական դաշտերում: Ուստի ստրկության վերացման միջազգային օրվանն ընդառաջ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն առաջարկում է բոլոր ԶԼՄ-ներին միանալ հանրային իրազեկման արշավին, ընդգրկելով թրաֆիքինգի թեման տարբեր հաղորդումներում, նորություններում, հարցազրույցներում և հրապարակումներում:

Ինչպես նաև հայտնում իր պատրաստակամությունը աջակցելու հաղորդումների պատրաստմանը՝ ապահովելով տեղեկատվություն, փորձագետներ, սոցիալական հեռուստառադիո հոլովակներ։

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն արդեն երկար տարիներ տարբեր նախագծերի շրջանակներում անդրադարձել և անդրադառնում է թրաֆիքինգի հիմնախնդիրներին, բարձրացնելով հանրային իրազեկումը, լրագրողների մասնագիտական գիտելիքները։ Խնդրի շուրջ պատրաստել և տարածել է սոցիալական հեռուստա և ռադիո հոլովակներ։ Կազմակերպության կողմից www.antitrafficking.am կայքի միջոցով արդեն ձևավորվել է տեղեկատվական պլատֆորմ-ռեսուրս, որը հնարավորություն է տալիս օգտատերերին ոչ միայն տեղեկանալ աշխարհում և հատկապես Հայաստանում մարդկանց թրաֆիքինքի և շահագործման զարգացման տենդենցներին, այլև ներկայացնում է դրանից խուսափելու ուղիները։

 

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն հանդիսանում է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի աշխատանքային խմբի անդամ, ինչպես նաև Թրաֆիքինգի դեմ պայքարի ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության ժյուրիի անդամ։

Share

About the author

AAVR administrator