Մամուլի հաղորդագրություն – Դեկտեմբերի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Ստրկության դեմ պայքարի միջազգային օր»

ByAAVR

Մամուլի հաղորդագրություն – Դեկտեմբերի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Ստրկության դեմ պայքարի միջազգային օր»

Դեկտեմբերի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Ստրկության դեմ պայքարի միջազգային օր»։ 1949 թ․-ի այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման դեմ պայքարի» կոնվենցիան։ 21-րդ դարի «սպիտակ ստրկությունը»՝ Մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը առկա է գրեթե յուրաքանչյուր երկրում։ Սեռական ու աշխատանքային շահագործում, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևեր, հարկադիր ամուսնություն, հարսնացուների վաճառք, երեխաների բռնի հավաքագրում զինված բախումներում օգտագործելու համար, մուրացկանության մեջ ներգրավում, օրգան հյուսվածքների վաճառք և այլն․ ամեն տարի միլիոնավոր կանայք, տղամարդիկ ու երեխաներ ենթարկվում են թրաֆիքինգի:

Հայաստանը ևս զերծ չի մնացել այս երևույթից, և ամեն տարի մեր երկրի մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ թրաֆիքինգի զոհ են դառնում ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վիճակագրության համաձայն՝ 2023 թ․-ի 11 ամիսների ընթացքում 25 անձ ճանաչվել է թրաֆիքինգի կամ շահագործման զոհ/հատուկ կատեգորիայի զոհ։ Նրանցից 12-ն արական սեռի են, 13-ը՝ իգական, 7 անձ ենթարկվել է սեռական, իսկ 18-ը աշխատանքային շահագործման։ Նույնացված զոհերից 9-ը հատուկ կատեգորիայի զոհեր են (3-ը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, 6-ը՝ երեխաներ, որոնք ենթարկվել են ինչպես սեռական, այնպես էլ աշխատանքային շահագործման)։ Բոլորը ՀՀ քաղաքացիներ են։

Նշենք, որ 2020 թ․-ի ընթացքում թրաֆիքինգի կամ շահագործման զոհ է ճանաչվել 9 անձ, 2021 թ․-ին՝ 31 անձ, 2022 թ․-ին՝ 6 անձ։

Հայաստանում անձին թրաֆիքինգի կամ շահագործման զոհ կարող է ճանաչել միայն Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը։ Այս տարի մշակվել են նաև թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման ցուցիչներ, որոնց օգնությամբ Հանձնաժողովը կայացնում է որոշում անձին որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու վերաբերյալ: Այժմ հնարավոր է նաև իրականացնել ինքնանույնացում, այսինքն՝ անհատը կարող է անձամբ պարզել՝ ինքը թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվո՞ւմ է, թե՞ ոչ։ Դա հնարավոր է պարզել հատուկ հարցաշար-թեստի միջոցով, որը մշակել է «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն՝ նշված փաստաթղթի հիման վրա (Հարցաշար-թեստի հղումը՝ https://shorturl.at/gAEF5)։

ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ օրենսդրությունը զոհակենտրոն է. թրաֆիքինգի զոհերը ստանում են աջակցության ամբողջական փաթեթ: Գործընթացը համակարգում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այն բանից հետո, երբ անձը Հանձնաժողովի կողմից նույնացվում է որպես թրաֆիքինգի զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ, կարող է օգտվել պետության կողմից տրամադրվող աջակցությունից, որը ներառում է կացարանի տրամադրում, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում, բնաիրային, բժշկական, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնություն, խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, թարգմանչական ծառայությունների մատուցում, հիմնական կրթության և միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության, աշխատանքի ապահովում, անվտանգ վերադարձի կազմակերպում, ինչպես նաև միանվագ դրամական փոխհատուցում (250.000 ՀՀ դրամ):

Այս տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհի կարգավիճակ ստացած 25 անձանցից 3-ին տրամադրվել է օրենքով սահմանված 250.000 ՀՀ դրամական միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքները հոգալու համար, իսկ 7-ն օգտվել են բժշկական տարբեր ծառայություններից։

Ի թիվս թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների՝ 2021թ․-ից Հայաստանում իրականացվում է «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագիրը, որի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, նույնացումը, ուղղորդումն ու աջակցությունը, նպաստել ոլորտը կարգավորող օրենսդրության ներդաշնակեցմանն ու բարելավմանը, ինչպես նաև զարգացնել և կատարելագործել բնակչության, այդ թվում՝ առավել խոցելի խմբերի հետ առաջնային շփում ունեցող պետական իրավասու մարմինների ծառայողների մասնագիտական կարողությունները։ Ծրագիրն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության, «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ների կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ։

Share

About the author

AAVR administrator