Նորարարական գաղափարներ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում

ByAAVR

Նորարարական գաղափարներ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում

«Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Երիտասարդ Տավուշ» ԵՀԿ-ի հետ գործընկերությամբ, 2018թ.-ի մայիսից սկսել է իրականացնել «Թրաֆիքինգի դեմ պայքարը երիտասարդների նորարարական գաղափարների թիրախում» ծրագիրը՝ 2018թ.-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջևանում: 

Նախագծի փուլային հաջորդականությունները տանելու են երիտասարդների ստեղծարար մտքի հենքով կառուցված արտադրանքի ստեղծմանը, ինչը սոցիալական հոլովակների տեսքով կհամալրի թրաֆիքինգ երևույթի կանխարգելման կրթական, իրազեկող բազայի շտեմարանը։

Ծրագիրով նախատեսված է հանդիպում-դասընթաց, քննարկումներ, նպատակային հմտությունների ուսուցումների գործառույթներ։

2018թ.-ի հունիսի 17-ին կայացավ ծրագրի առաջին փուլը՝ դասընթացը Իջևան քաղաքի շուրջ 25 երիտասարդների մասնակցությամբ։ Դասընթացի նպատակը երիտասարդներին մարդկանց թրաֆիքինգի, իրավունքների, թրաֆիքինգի զոհի ճանաչման, աջակցման մեխանիզմների, սոցիալական գովազդը որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման  թեմաներով իրազեկումն և կրթումն էր։

Հանդիպումը սկսվեց փոխադարձ ծանոթությամբ` մասնակիցների, կազմակերպիչների և փորձագետների միջև, որից հետո այն շարունակվեց թրաֆիքինգի հարցերով փորձագետ, Դավիթ Թումասյանի պարզ հարցադրումով. «Ծանո՞թ է արդյոք թրաֆիքինգ բառը ներկաներին», որին ի պատասխան երիտասարդները համատեղ ուժերով դուրս բերեցին, թե ի՞նչ են հասկանում թրաֆիքինգ եզրույթ ասելով, և ինչ գործնական դրսևորումներ ունի այն։ Այնուհետ Դ. Թումասյանը մասնակիցներին ներկայացրեց վիճակագրական տվյալներ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ և ևս մի հարց տվեց. «Ներկաները տեղեկացվա՞ծ են, թե արդյոք Իջևանում եղել է թրաֆիքինգի դեպքերի գրանցում»։ Մասնակիցների պատասխանները միանշանակ չէին, ինչն ուներ իր հիմնավորումները։ Դ. Թումասյանը կոնկրետ դեպքերի քննարկմամբ ներկայացրեց թրաֆիքինգի իրականացման մեխանիզմը և հստակեցրեց, թե որ դեպքերում է երևույթը որակավորվում թրաֆիքինգ։ Հատուկ ուշադրություն դարձվեց երեխայի թրաֆիքինգին և երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերին:

Փորձագետը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև ստացված տեղեկության և դրա տարածման արդյունքում ինֆորմացիայի խեղաթյուրման խնդիրներին։ Ասվածի հավաստման համար կազմակերպվեց երիտասարդների մասնակցությամբ դերային խաղ, որի արդյունքում մասնակիցները հավաստիացան, թե որքան կարևոր է տեղեկատվության ճշգրիտ փոխանցման խնդիրը։

Էլեոնորա Վիրապյանը (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փորձագետ), շարունակելով դասընթացը, ներկայացրեց մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին ուղղված սոցիալական պաշտպանության ոլորտի օրենսդրությունը։ Նա մանրամասն անդրադարձավ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ օրենքին, Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին, Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատանքներին, գործընկեր ՀԿ-ների ընտրության ընթացակարգին, զոհերի հայտնաբերման, նախանույնացման, նույնացման և աջակցության տրամադրման գործողությունների ընթացակարգերին։

Դասընթացի երրորդ հատվածում ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, սոցիալական գովազդի միջազգային փորձագետ Արզուման Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց սոցիալական գովազդի դերն ու նշանակությունը սոցիալական խնդիրների լուծման ճանապարհին։ Փորձագետը, իր իսկ հեղինակած թրաֆքինգի կանխարգելմանն ուղղված սոցիալական հոլովակների օրինակների վրա, մանրամասն ներկայացրեց այն սկզբունքներն ու կանոնները, որոնց անպայման պահպանման պարագայում կարելի է ստանալ սոցիալական գովազդի հաջողված սցենարներ։

Հանդիպման ավարտին «Թրաֆիքինգի դեմ պայքարը երիտասարդների նորարարական գաղափարների թիրախում» նախագծի ղեկավար Ա. Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն արդյունավետ համագործակցության և երիտասարդների իրազեկման նկատառումներով գիտելիքների ավելացմանն ուղղված ջանքերի համար, անդրադարձավ ծրագրի երկրորդ փուլի՝ թրաֆիքինգի կանխարգելման թեմայով երիտասարդների հեղինակած սցենարների ներկայացման պայմաններին ու ժամկետներին։

Պատասխանելով մասնակիցներին հետաքրքրող հարցերին, Ա. Հարությունյանը երիտասարդներին կոչ արեց ծրագրին մասնակցել ամենայն պատասխանատվությամբ, որը կտանի Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանը։

Նախնական սցենարների պատրաստման համար տրվեց երկու շաբաթ, որին կհետևի ներկայացված աշխատանքների քննարկումների փուլը նախագծի աշխատանքային խմբի, փորձագետների, համագործակցող կառույցի ներկայացուցչի կողմից։ Ընտրված լավագույն 2 սցենարների հիման վրա մասնագիտացված ստուդիայում կպատրաստվեն իրազեկող և կանխարգելող 2 սոցիալական հոլովակներ։

Հանդիպման ներկայացումները >>>http://antitrafficking.am/presentations/

Հանդիպման նկարները >>> https://www.facebook.com/ pg/Anti-Trafficking- Information-Platform-in- Armenia-815159858497419/ photos/?tab=album&album_id= 2258214434191947

Share

About the author

AAVR administrator