Որոշ կարևոր դիտարկումներ վերջին օրերին բացահայտված թրաֆիքինգի դեպքի լուսաբանման վերաբերյալ

ByAAVR

Որոշ կարևոր դիտարկումներ վերջին օրերին բացահայտված թրաֆիքինգի դեպքի լուսաբանման վերաբերյալ

Օրերս ՀՀ ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն տարածեց մարդկանց թրաֆիքինգի հերթական բացահայտված դեպքի վերաբերյալ․ տարեց կնոջը տարիներ շարունակ ստիպել էին զբաղվել մուրացկանությամբ և յուրացրել հավաքված գումարը։ Ոստիկանության հաղորդագրությունը տարածելուց հետո, մի շարք լրատվամիջոցներ դրա հիման վրա պատրաստել էին նաև հեղինակային նյութեր։

Որոշ լրատվամիջոցների պատրաստած նյութերում, հրապարակված են թրաֆիքինգի հավանական զոհի անձնական տվյալները, տեսանյութերում երևում է դեմքը, ցուցադրվում վայրը, որտեղ նա ժամանակավոր բնակություն է հաստատել՝ պաշտպանվելով հավանական շահագործողի հավանական հետապնդումից։ Հրապարակվել են նաև հավանական շահագործողի մասին որոշ անձնական տվյալներ, որոնցով ևս հնարավոր է անձին նույնացնել։ Մեկ օրում այս նյութերն ունեցել են տասնյակ հազարավոր դիտումներ և բավականին լայն տարածում գտել ու քննարկման առարկա դարձել սոցիալական ցանցերում և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքար իրականացնող իրավապահ մարմիններում։

Թե՛ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, թե՛ լրագրողական էթիկայի կանոնները սահմանափակում են նման տեղեկությունների հրապարակումը, քանի որ դրանք կարող են հանգեցնել մի շարք բացասական հետևանքների ինչպես թրաֆիքինգի հավանական զոհի, գործով ներգրավված այլ անձանց, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատանքի համար։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգո դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ավելին՝ եթե նույնիսկ թրաֆիքինգի կամ շահագործման զոհը, չգիտակցելով հնարավոր վտանգները, ցանկություն է հայտնել լուսանկարվել և տեսանկարահանվել բաց դեմքով, միևնույն է, նկարահանումը պետք է իրականացնել անձը չբացահայտելու հնարքներ կիրառելով:

Մարդկանց թրաֆիքինգի ճիշտ լուսաբանման համար Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի կողմից 2022թ.-ին հրատարակվել է ուղեցույց լրագրողների համար, որում հստակ նշված են թրաֆիքինգի լուսաբանման, զոհերի հետ աշխատելու, անձնական տվյալները հրապարակել/չհրապարակելու կանոնները։

Վերջին շրջանում մամուլում մարդկանց թրաֆիքինգի թեմայի ակտիվացմամբ պայմանավորված՝ մեդիաոլորտի մեր գործընկերներին առաջարկում ենք այցելել www.antitrafficking.am կայքէջ, որտեղ զետեղված են մարդկանց թրաֆիքինգը ներկայացնող մեդիա նյութեր, ուղեցույցներ, օրենսդրական կարգավորումներ և այն ամենը, ինչը հնարավորություն կտա լրագրողներին և թրաֆիքինգի թեմային անդրադարձողներին առավել մեծ պատասխանատվությամբ աշխատել այնպիսի զգայուն թեմայի հետ, ինչպիսին մարդկանց թրաֆիքինգն է։

Հղումներ՝
http://antitrafficking.am/guidebooks/
https://drive.google.com/file/d/1cikfO1Vf4dQtQxVQ7jxiLn7gsZaQewSl/view

Աուդիո-վիզուալ թիմ

Share

About the author

AAVR administrator