Մեկնարկել են TATiP թիմի իրազեկման այցերը մարզերում

ByAAVR

Մեկնարկել են TATiP թիմի իրազեկման այցերը մարզերում

Թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն մշակել և տպագրել է տեղեկատվական պաստառ և ինքնանույնացման թերթոն-թեստ․ պաստառի օգնությամբ քաղաքացիները կարող են իմանալ՝ ինչ է մարդկանց թրաֆիքինգը, իսկ ինքնանույնացման թեստի միջոցով կողմնորոշվել՝ արդյոք իրենք կամ իրենց մերձավորները թրաֆիքինգի և շահագործման զոհ են, թե ոչ։ Տպագիր նյութերում ներկայացված են նաև պետության կողմից թրաֆիքինգի զոհերին տրամադրվող ծառայությունները։

Այս օրերին «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» (TATiP) ծրագրի թիմը և գործընկեր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները նախաձեռնել են հանդիպումների շարք Միասնական սոցիալական ծառայությունների (ՄՍԾ) տարածքային կենտրոնների աշխատակիցների հետ՝ որպես թրաֆիքինգի հավանական զոհերի հետ շփվող առաջնային օղակի։ Հանդիպումների ընթացքում նրանց ներկայացվում և տրամադրվում են մշակված տեղեկատվական նյութեր նրանց աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

«Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ հանրային իրազեկումը մեր կազմակերպության գործունեության առանցքային ուղղություններից է։ Այս դեպքում, ի թիվս պլանային միջոցառումների, հանդես եկանք մի նախաձեռնությամբ, որն ուղղված էր առաջնագծում աշխատող մեր մարզային գործընկերների՝ ՄՍԾ-ների աշխատակիցների գիտելիքների ամրապնդմանը մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ,- ասում է «Աուդիո–վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը։

Նախաձեռնության առաջին կանգառները Կոտայքի և Գեղարքունիքի մարզերն էին։ ՄՍԾ Աբովյանի և Գավառի տարածքային կենտրոնների աշխատակիցներին մանրամասն ներկայացվել են տեղեկատվական նյութերում առկա դրույթները, որպեսզի նրանք էլ իրենց հերթին պատրաստ լինեն դրանք փոխանցելու թիրախ խմբին, ինչպես նաև պատասխանելու այն հարցերին, որոնք կարող են առաջանալ կենտրոններ այցելած և թեսթին ծանոթացած մարդկանց մոտ, և անհրաժեշտության դեպքում ուղղորդեն համապատասխան կառույցներ։

Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ մարզային այցերն այս պահին ավելի քան արդիական են՝ հաշվի առնելով, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները փորձում են աշխատանք գտնել Հայաստանում կամ այդ նպատակով մեկնում են արտերկիր, և միշտ չէ, որ հանդիպում են բարեխիղճ գործատուների․ աշխատանքի առաջարկ ստանալու դեպքում ՄՍԾ-ների աշխատակիցների միջոցով հնարավոր կլինի նրանց հնարավոր վտանգների մասին տեղեկացնել նախապես կամ ուղղորդել, եթե արդեն առնչվել են խնդիրների։

«Մարզային այցերը նպատակ ունեն նաև ՄՍԾ-ների անձնակազմին ևս մեկ անգամ տեղեկացնելու, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ աշխատելիս, որոնցից շատերի զգոնության շեմն այս փուլում բավականին ցածր է, անպայման տեղեկացնեն, որ աշխատանքի առաջարկ ստանալիս հետևեն մեր կողմից մշակված կանոններին, որպեսզի չհայտնվեն թրաֆիքյորների ձեռքերում, իսկ հայտնվելու դեպքում իմանան՝ ինչ քայլեր է պետք անել իրավիճակից դուրս գալու և աջակցություն ստանալու համար»,- եզրափակում է Արզուման Հարությունյանը։

Առաջիկայում հանդիպումներ են նախատեսված նաև Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Վայոց Ձորի մարզերի ՄՍԾ տարածքային կենտրոններում։ 

Հ․Գ․։ 2021 թ․-ին Հայաստանում մեկնարկել է «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» եռամյա ծրագիրը, որի  նպատակն է ավելի արդյունավետ դարձնել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, ուղղորդումը, նույնացումն ու աջակցությունը, նպաստել ոլորտը կարգավորող օրենսդրության ներդաշնակեցմանն ու բարելավմանը, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանն ու հզորացմանը, ինչպես նաև զարգացնել և կատարելագործել բնակչության, այդ թվում՝ առավել խոցելի խմբերի հետ առաջնային շփում ունեցող և անմիջական կապի մեջ գտնվող պետական իրավասու մարմինների ծառայողների մասնագիտական կարողությունները։ Ծրագիրն իրականացվում է «World Vision» Հայաստան բարեգործական կազմակերպության, «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ների կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ։

Share

About the author

AAVR administrator