«Կապույտ սիրտը» որպես թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրվա տարբերանշան

ByAAVR

«Կապույտ սիրտը» որպես թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրվա տարբերանշան

21-րդ դարի սպիտակ ստրկությունը՝ թրաֆիքինգը, առկա է գրեթե յուրաքանչյուր երկրում: Ամեն տարի միլիոնավոր կանայք, տղամարդիկ ու երեխաներ են շահագործման ենթարկվում՝ զրկվելով իրենց հիմնարար իրավունքներից՝ ազատության, ձայնի, տեղաշարժման…

Թրաֆիքինգի զոհերը ենթարկվում են սեռական, աշխատանքային շահագործման, ինչպես նաև ներգրավվում մուրացկանության ու օրգան հյուսվածքների վաճառքի մեջ: Թրաֆիիքնգից ոչ ոք աշխարհում ապահովագրված չէ և զոհ կարող են դառնալ անկախ սեռից, տարիքից, կրոնական ու ազգային պատկանելիությունից և կամ սոցիական կարգավիճակից:

Բայց միշտ հնարավոր է խուսափել թրաֆիքինգից՝ լինելով իրազեկ ու աշխատելով միասին:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 2013 թվականի որոշմամբ հուլիսի 30-ը հռչակվել է թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր և «կապույտ սիրտ» տարբերանշանն ընտրվել է իբրև  թրաֆիքինգի դեմ պայքարի գաղափարախոսության խորհրդանիշ: Կապույտ սրտի խորհրդանիշը հնարավորություն է տալիս մեզանից յուրաքանչյուրին լինել պայքարի ու իրազեկման ձայն, նրանց փոխարեն, ովքեր թրաֆիքինգի զոհ են դարձել:

Հուլիսի 30-ը ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունել են որպես մարդկանց թրաֆիքինգի զոհերի իրավագիտակցության բարձրացման և իրավունքների պաշտպանության մասին իրազեկման օր: 12 երկրների կողմից ընդունված «Կապույտ սիրտ» քարոզարշավը նպատակ ունի խրախուսել թրաֆիքինգի դեմ պայքարին մարդկանց և պետությունների ներգրավվածությունը և ոգեշնչել՝ պայքարելու այս չարիքի դեմ:

 

2014 թվականին այս գաղափարախոսությանը միացել է նաև ՀՀ-ն՝ ի նշան աջակցության թրաֆիքինգի զոհերին:

Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքներում հայաստանյան ցուցանիշներն ավելի քան ոգևորող են: Այս մասին վկայում է ԱՄՆ պետ դեպարտամենտի «Մարդկանց թրաֆիքինգի մասին»  ամենամյա զեկույցը, (TIP Report) որտեղ նշվում է, որ ՀՀ-ն արդեն 5-րդ տարին անընդմեջ լավագույն, առաջին խումբ երկրների շարքում է գտնվում: 

Սա փաստում է այն մասին, որ ՀՀ կառավարությունը հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է բոլոր համապատասխան գործողությունները՝ կանխելու մարդկանց թրաֆիքինգը, իրազեկելու հանրությանը, զոհերին աջակցություն տրամադրելու և վերացնելու այս չարիքը երկրում:

 

Թրաֆիքինգի դեմ պայքարին նպատակաուղղված միջոցառումների մասին անդրադառնալով հարկ է դրանք բաժանել 3 հիմնական մասերի.

  • համագործակցություն երկրի ներսում՝ պետական և հասարակակական սեկտորների միջև,
  • միջպետական համագործակցություն,
  • միջազգային փաստաթղթերի և հռչակագրերի վավերացում:

ՀՀ-ն ձեռնարկել և շարունակում է իրականացնել վերոհիշյալ բոլոր կետերը:

Մարդկանց թրաֆիքինգի տեսանկյունից ՀՀ-ն հիմնականում սկզբնաղբյուր երկիր է հանդիսանում և համաձայն ՀՀ ոստիկանության ներկայացրած վիճակագրության ՀՀ քաղաքացիների համար նպատակակետ երկրներ են հանդիսանում  Թուրքիան, ԱՄԷ-ն և ՌԴ-ն:  

ՀՀ-ում թրաֆիքինգի վերաբերյալ օրենսդրությունը զոհակենտրոն է. թրաֆքինգի զոհերը ստանում են աջակցության ամբողջական փաթեթ՝ անկախ նրանից, թե իրավապահ մարմինների հետ համագործակցում է, թե ոչ:

Թրաֆիքյորի ճիրաններում չհայտնվելու լավագույն միջոցը իրազեկված լինելն է:

Թրաֆիքինգի դեմ պայքարում մեծ դեր ունի «Աուդի-Վիզուալ լրագրողների ասոցացիա» հասարակական կազմակերպությունը, որը հանդիսանալով Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ և համագործակցեով ՀՀ պետական և հասարակական կառույցների, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ, պայքարում է 21-րդ դարում մարդկության ամենամեծ չարիքի՝ ստրկության, դեմ իրականացնելով հանրային և լրագրողական իրազեկման մեծածավալ աշխատանքներ: «Աուդի-Վիզուալ լրագրողների ասոցացիան» իրականացնում է իրազեկում ամենատարբեր ֆորմատներով. արշավներ, հանդիպումներ, կլոր-սեղան քննարկումներ, գիտելիքների մրցարշավներ, դասընթացներ ամբողջ ՀՀ տարածքում, նախաձեռնելով և հրապարակելով իրազեկման, կանխարգելման տեսանյութեր, սոցիալական հոլովակներ, տպագրելով ուղեցույցներ:

«Աուդի-Վիզուալ լրագրողների ասոցացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ և անմիջական կարգավորմամբ գործում է նաև www.antitrafficking.am  կայէջն ու Anti-Trafficking Information Platform in Armenia ֆեյսբուքյան հարթակը: Կայքի գլխավոր էջում և «Աջակցություն զոհերին» բաժնում կարելի է գտնել թեժ գծերի և օգնության հեռախսահամարներ:

Մեզանից յուրաքանչյուրը կարող է մասնակցություն ունենալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված գործողություններին։ Իրազեկումը առանցքային խնդիր է, քանզի թրաֆիքինգը անդրազգային հանցագործություն է, որի դեմ պետք է պայքարել համատեղ ուժերով:

«Կապույտ սրտի» գաղափարախոսությանը միանալով կարող ենք ոչ միայն իրազեկել հանրությանն ու հեռու պահել թրաֆիքյորների ճիրաններից, այլև ձեռնարկել գործողություններ՝ փրկելու և վերաինտեգրելու թրաֆիքինգի զոհերին:

Share

About the author

AAVR administrator